Ճապոնիան մտադիր է իր կղզիները պաշտպանել անանձնակազմ սուզանավերով

Ճապոնիան, որն ամբողջությամբ տեղադրված է կղզիների վրա, նաև հարկադրված է դրանց մի մասը պաշտպանել իր մայրցամաքային հարևանների հավակնություններից: Ահա թե ինչու այնտեղ մտադիր են մշակել այնպիսի ստորջրյա սարքեր, որոնք կառավարելու համար, ինչպես անօդաչուների պարագայում է, վարող կամ անձնակազմ հարկավոր չի լինի: Այս հանգամանքն էլ միաժամանակ կարող է մեղմել կադրերի անբավարարության խնդիրը Ինքնապաշտպանության ուժերում: Ինչպես հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը, այս պահին նման անօդաչուի մշակումը անհրաժեշտ է, քանի որ Չինաստանը աշխուժացնում է իր գործողությունները, այդ թվում՝ նաև Հարավ-չինական ծովում:
 
Այդ սարքը, ըստ տեղեկատվության, կկարողանա կանոնավոր վերահսկողություն ապահովել Ճապոնիայի տարածքային ջրերի սահմաններում գտնվող  առանձին կղզիներում և բացառիկ տնտեսական գոտում: Կառավարությունը ցանկանում է համարժեք դրույթ մտցնել 2019-2024թթ. ժամանակաշրջանի պաշտպանական քաղաքականության մեջ: Այնտեղ պետք է գրված լինի, որ Ճապոնիան կարիք ունի ստեղծել զանազան առաջադրանքներ կատարելու ընդունակ սեփական ստորջրյա սարքը՝ ջրի տակ գործողություններ իրականացնելու համար. առաջին հերթին՝ վերահսկել  և տվյալներ հավաքել: Նախնական ծրագրի համաձայն՝ սարքը մոտ 10 մ երկարություն կունենա, իսկ առաջին փորձարկումները տեղի կունենան ամենաշուտը 2021թ.: 
 
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ նման անօպդաչուի մշակումը անհրաժեշտ է Չինաստանի աշխուժության աճի պայմաններում, այդ թվում՝ հարավ չինական ծովում, որտեղ երկրները տարածքային վեճ ունեն Սենկակու կղզու շուրջը: Դրանից բացի, Ճապոնական թերակղզում անօդաչուների կառավարման աշխատակարգի զարգացումը  դիտում են որպես Ինքնապաշտպանության ուժերում կադրերի անբավարարության դեմ պայքարի միջոց: 
 
Անցած տարվա ապրիլին Տոկիոն պաշտոնապես որպես պետական սեփականություն վերցրեց 273 սահմանային անբնակ կղզիներ, որոնք մասնավոր սեփականատերեր չունեին: Այժմ Ճապոնիան դրանցում բազմացնում է սահմանային նավերը և ամրապնդում է պաշտպանական ներուժը: Իսկ Տոկիոյի և Պեկինի հարաբերությունները սրվել են Սենկակու կղզու շուրջն առաջացած տարածքային վեճի պատճառով: Այդ վեճը թեժացել է 2012թ. սեպտեմբերին, երբ ճապոնական իշխանություններն այդ հողերը գնեցին մասնավոր սեփականատիրոջից: Այդ ժամանակվանից, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, չինական նավերը մշտապես անցնում են վիճելի կղզիների մոտով և պարբերաբար   ցուցադրական մուտք են գործում դրանց առափնյա գոտիները:
 
Բնականաբար, նման սարքեր կարող են մշակել և գործողության մեջ դնել նաև Ճապոնիայի հետ «կղզային» վեճ ունեցող երկրները՝ Չինաստանը, Ռուսաստանը: Մի կողմից գուցե լավ է, որ այդ հաճախ անպտուղ ու անիմաստ բախումներում մարդիկ չեն վնասվելու: Բայց նման օրինակի տարածումը (որը կարող է մեծ արագությամբ տեղի ունենալ) հիմա էլ օվկիանոսներն ու ծովե՞րը չեն դարձնի առավել վտանգավոր և անացանելի անգամ ամենամարդասիրական նպատակներով դրանցով նավարկողների համար: Թեև շատ հնարավոր է՝ որոշ երկրներ արդեն իսկ սկսել են: