Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքները

Հետաքրիր է՝ այս հակավարկանշային աղյուսակում ի՞նչ տեղ կզբաղեցներ Երևանը: Հայաստանաբնակ հայերի համարյա կեսի ապրելավայր մեր մայրաքաղաքը դժվար թե Հելսինկիի կամ Ցյուրիխի մրացակիցը լիներ: Նա երևի ավելի շուտ այս աղյուսակի առաջատարների հետ «ոտք կմեկներ»: Աղտոտվածության ամենամեծ խնդիրներն առաջացնում են աղբահանությունն ու աղբավայրերը, ինչպես նաև խցանված փողոցներում ամեն օր սողացող բազմաթիվ ավտոմեքենաների արտանետումները:  Բայց սա նաև այն քաղաքն է, որտեղ գիշերը փողոց փակած երիտասարդները ցերեկը մեծ մաքրություն են կազմակերպում: Այնպես որ նման վարկանիշները եզրափակելու ներուժից մենք բնավ էլ զուրկ չենք:
 
Արդի աշխարհում աղտոտվածության խնդիրը կարող է մրցակցել մեր մոլորակին սպառնացող ցանկացած մեծ սպառնալիքի հետ: Ճիշտ է, աղտոտվածությունը մարդու վրա դանդաղ է ազդում, սակայն նույնպես անդառնալի վնասներ է հասցնում: numbeo.com կայքն ամեն տարի Pollution Index Mid-Year վարկանիշի շրջանակում առանձնացնում է եվրոպայի քաղաքների մաքրության մակարդակը, թերևս որպեսզի որոշ քաղաքների իշխանությունների ուշադրությունը հրավիրի բարդացած իրավիճակի վրա և ցույց տա, որ մեր օրերում նույնպես հնարավոր է բնակավայրը մաքուր պահել:
 
Նշված վարկանիշում այս տարվա ամենաաղտոտված եվրապական քաղաք է ճանաչվել մակեդոնական Տետովոն: Երկրորդ տեղում իտալական Նեապոլն է: Այս վարկանիշի առաջին եռյակում Մակեդոնիան երկու անգամ է հիշատակվում, քանի որ երրորդը հենց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեն է: Չորրորդը Տիրանան է՝ Ալբանիայի մայրաքաղաը: Այնուհետև դարձյալ իտալական քաղաք է՝ Թուրինը, որին հետևում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը: Վարկանիշի 7-10 տեղերում հերթականությամբ բոլորն էլ նախկին սոցիալիստական ճամբարի սլավոնական պետությունների քաղաքներ են՝ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն, լեհական Կրակովը, բուլղարական Պլովդիվը և վերջապես Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը: 
 
numbeo-ի փորձագետները նշել են, որ ռուսական Մոսկվան ու Սանկտ-Պետերբուգը նկատելիորեն բարելավել են իրենց «հակավարկանիշը», այսինքն տվյալ ցուցակում մաքրության տեսանկյունից այս տարի ավելի բարենպաստ դիրք են գրավել՝ համապատասխանաբար զբաղեցնելով 19-րդ և 17-րդ տեղերը: 
 
Բնապաշտպանական տեսանկյունից ամենամաքուր քաղաքներ են համարվել նախ երկու հյուսիսային պետությունների մայրաքաղաքներ՝ ֆինլանդական Հելսինկին և իսլանդական Ռեյկյավիկը, ապա նաև շվեցարական Ցյուրիխը, որոնք և եզրափակել են հակավարկանիշային այս ցանկը: