Ճիշտ կլինի` հայտարարություններն անեն սեփական գործերից ելնելով

Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը  խստորեն քննադատել է Չինաստանի` «Մեկ գոտի, մեկ ուղի» անունով համընդհանուր ենթակառուցվածքային նախագիծը:

Նա հայտարարել է, թե շատ ծրագրեր ցածր որակ ունեն և զարգացող երկրներին ծանրաբեռնում են բարձր վարկերով: Պենսի խոսքով` ԱՄՆ-ը և ժողովրդավարությունը ավելի լավ գործընկերներ են, քան ամբողջատիրական Չինաստանը:

Սրան Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում պատասխանել է գերատեսչության ներկայացուցիչ Հուա Չունյին:

- Մենք ուշադրություն ենք դարձրել ամերիկյան կողմի հայտարարությանը: Չինաստանը փախադարձ հարգանքի և շահի հիման վրա լավ հարաբերություններ է զարգացնում աշխարհի շատ երկրների հատ: Առաջ մղելով այդ համագործակցությունը` չինական կողմը պահպանում է անկեղծության և արդարության սկզբունքները, իր ուժերի սահմաններում իր ներդրումն է բերում այդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը,- պարզաբանել է Հուա Չունյին:

Չինուհի պաշտոնյան շեշտել է, որ Չինաստանի ցուցաբերած օգնությունը ոչ մի քաղաքական պայման չի ենթադրում և ամբողջովին համապատասխանում է այդ երկրների կառավարությունների և ժողովուրդների կամքին:

- Չի եղել մի երկիր, որը Չինաստանի հետ համագործակցելու պատճառով պարտքերի բեռի տակ մնա: Ընդհակառակը, Չինաստանի հետ գործընկերությունը և օգնությունը բարձրացրել են այդ երկրների զարգացման հնարավորությունն ու մակարդակը, բարելավել են տեղի բնակչության կյանքի պայմանները,- հավելել է նա:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը համապատասխան պետություններին կոչ է արել ուրիշների վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ չանել, սեփական գործերը համապատասխանեցնել հայտարարություններին, միանման վերաբերվել բոլոր պետություններին` անկախ նրանց չափերից, և հարգել զարգացման սեփական ճանապարհն ընտրելու այլոց արմատական իրավունքը:

Ըստ էության` ամերիկյան կողմի քննադատության հիմքում ամերիկյան ժողովրդավարության և չինական ամբողջատիրության հակադրությունն է: Բայց ի՞նչ ասել է ժողովրդավարություն, որը հերթականությամբ իշխանության է բերում երկու կուսակցությունների թեկնածուներին, որպեսզի նրանք միանման քաղաքականություն վարեն` չշեղվելով վաղուց գծված ուղուց: Կամ, ի՞նչ օգուտ ընտրությունից որևէ թեկնածուի, ում քարոզարշավը ֆինանսավորում է ինչ-որ կորպորացիա: Կասկած կա՞, որ ամերիկյան օրենսդրական մարմնում նա պաշտպանելու է հենց այդ ձեռնարկատիրության շահը, այլ ոչ թե իրեն քվե տված ժողովրդի:

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է, թե զարգացող երկրներին պարտքի բեռի տակ է քաշում: Իսկ որևէ մեկն ԱՄՆ-ին քննադատե՞ց, որ նա պատերազմող Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում զենք գնել իրենից, որպեսզի Ամերիկայի գրպանները տաքացներով` կոտորեն միմյանց: