Մեծ հարկերով ծանրաբեռնել ածխաջրածինները, այլ ոչ թե մարդկանց աշխատանքը

Ֆրանսիայում 2019թ. հունվարի 1-ից բարձրանում են վառելիքի ակցիզային հարկերը, և այդ լուրը բողոքի ալիք է բարձրացրել երկրով մեկ: Ըստ կառավարության որոշման՝ մեկ լիտր բենզինի գինը բարձրանալու է 2,9 եվրացենտով, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրացենտով: Եվ սա այն դեպքում, երբ Europe1 ռադիոկայանի տվյալներով՝ 2018թ. դիզվառելիքի գինն արդեն բարձրացել է 23%-ով, իսկ բենզինինը՝ 15%:
 
«Դեղին անթևնոցներ» անունով բողոքի գործողությունը սկսվել է նոյեմբերի 17-ին և ընդգրկել ամբողջ երկիրը: Ֆրանսիայով մեկ շուրջ 2000 գործողություն է իրականացվել, որին մասնակցել է 300 հազար մարդ: Բողոքի երկու օրվա ընթացքում 400-ից ավելի մարդ է տուժել: Ինչպես հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ կիրակի շուրջ 40 հազար բողոքավոր համարյա 150 ճանապարհ է փակել: 
 
Միայն թե բողոքի այս գործողությունները Ֆրանսիայի իշխանություններին չեն տրամադրում ընդառաջ գնալ քաղաքացիների պահանջներին: Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ կառավարությունը քաղաքացիների հարկային բեռն արդեն թեթևացրել է՝ կրճատելով մի շարք հարկեր: Բողոքի զանգվածային գործողությունների երկրորդ օրը France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆիլիպն ասել է, որ ղեկավարության նպատակը վառելիքի հարկերը բարձրացնելով՝ «ֆրանսիացիներին գռգռելը չէ», սակայն իրենք գերադասում են «մեծ հարկերով ծանրաբեռնել ածխաջրածինները, այլ ոչ թե մարդկանց աշխատանքը»: 
 
Վառելիքի թանկացման համար բողոքում են նաև Ուկրաինայում. նոյեմբերի 19-ին Անդրկարպատյան մարզում բողոքի գործողության մասնակիցները փակել են երեք գլխավոր մայրուղիները: Այդտեղ էլ բողոքը հիմնականում գազի համար է: Մարդը վաղուց արդեն կարողանում է էլեկտրական ավտոմեքենաներ շահագործել, արևային մարտկոցների միջոցով էներգիայի մատակարարում ապահովել գործնականում յուրաքանչյուր տան համար, սակայն նավթագազային կախվածությունից ձերբազատվել այդպես էլ չի կարողանում: 
 
Այդ կախվածությունը շատ ձեռնտու է այդ բարիքներից եկամուտներ ստացողներին, ու քանի դեռ նրանք հզոր լծակներ ունեն, նման ընդվզումներն անպակաս են լինելու: