Հյուսիսկորեական թերթը ամերիկյան մտածողությունը միջնադարյան է որակել
Փհենյանը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգներին՝ նշելով, թե Վաշինգտոնը ցանկություն չունի հրաժարվելու ԿԺԴՀ-ի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու քաղաքականությունից, որի նպատակն է արագացնել Կորեական թերակղզու միջուկազերծումը:
Երեկ՝ նոյեմբերի 19-ին այդ թեման շոշափել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթում հրապարակված հոդվածը: Իսկ Հարավային Կորեայի Yonhap պարբերականը դրա բովանադակությունը հասու է դարձրել աշխարհին:
- ԱՄՆ-ը մոռացել է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները: Փոխանակ զբաղվելու հիմնական առաջադրանքով՝ Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունների բարելավմամբ, նա ուշադրությունը կենտրոնացրել է «առավելագույն ճնշում» քաղաքականության միջոցով միջուկազերծում իրականացնելու երկրորդական թեմայի վրա,- ասված է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակները ԱՄՆ-ին մեղադրել են Ճապոնիայի հետ համատեղ զորաշարժեր կազմակերպելու համար, որտեղ ներգրավված են ռազմավարական ավիրակիր խմբավորումներ: Նաև նշվում է, թե փորձ է արվում ԿԺԴՀ տարածքում տնտեսական միջոցների օգնությամբ աշխուժացնել լրտեսությունը: «Նոդոն սինմունը» պնդում է, որ դրանք նույնպես ճնշումն ուժեղացնելու փորձեր են:
- Այդպիսի գործողություններն ապացույցն են ամերիկյան մտածողության միաջնադարյան մակարդակի, որտեղ բանակցությունների արդյունավետ միջոց է դիտվել լոկ սպառնալիքը, նենգությունն ու շորթումը,- ընդգծում է թերթը:
ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների սինգապուրյան հանդիպումից հետո միջուկազերծման մասին երկխոսությունը գործնականում կանգ է առել: Այդ ժամանակից Փհենյանը ԱՄՆ-ին կոչ է անում որպես միջուկազերծման ուղղությամբ իրենց կամավոր քայլերի փոխհատուցում՝ մեղմացնել պատժամիջոցները, ինչպես նաև պաշտոնական համաձայնագիր ստորագրել 1950-1953թթ. կորեական պատերազմի ավարտի մասին:
Իսկ Միացյալ Նահանգները համառորեն պնդում է, որ պատժամիջոցները կվերացվեն միայն Հյուսիսային Կորեայի լիովին միջուկազերծումից հետո:
Սակայն «սայլը տեղից չի շարժվում»: