Համացանցային բարձր մակարդակով աչքի ընկնող երկրների առաջին 10-նյակը

Դժվար է այսօրվա աշխարհը պատկերացնել առանց համացանցի: Այն թափանցել է կյանքի գրեթե բոլոր ոլորտները և դարձել աշխարհում գործընթացներ ձևավորող կարևոր գործոն: Պարզվում է` համացանցի ամենաբարձր մակարդակն ունեցող պետությունները նաև շատ հզոր տնտեսություն ունեն: Այդ մասին հաղորդում է Beijing News պարբերականը` հենվելով համաշխարհային 5-րդ համացանացային համաժողովում World Internet Development Report 2018-ի և China Internet Development Report 2018–ի համատեղ հաշվետվության վրա:

Հաշվետվությունը ներկայացրել է համացանցում առկա տեղեկատվական աշխատակարգերի զարգացումը և առօրյա կյանքում դրանց ներթափանցվածության խորությունը: Կազմվել է նաև երկրներում համացանցի մակարդակի վարկանիշը: Հետազոտությունն ընդգրկել է աշխարհի 45 երկիր: Պետությունները գնահատվել են 6 ցուցանիշով` ենթակառուցվածքների զարգացումը, նորարարության հզորությունը, արդյունաբերության զարգացման մակարդակը, համացանցի կիրառությունը, ցանցային անվտանգությունը և համացանցի կառավարումը:

Առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, այնուհետև գալիս է Չինաստանը, որին հետևում է Մեծ Բրիտանիան: 4-րդ տեղում Սինգապուրն է: Հաջորդ հինգ տեղերն զբաղեցնում են եվրապական երկրները` Շվեդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեցարիան, Գերմանիան: Տասնյակը եզրափակում է Ճապոնիան:

Տեղեկատվական աշխատակարգերի առաջընթացը, անշուշտ, տնտեսական հզորություն է ենթադրում, բայց նաև անհնար է առանց լավ մասնագետների ու մտավոր ներուժի: Սա մի բնագավառ է, որտեղ հայ անհատը կարողանում է հաջողությունների հասնել ու ստեղծագործել, և տարբեր երկրներում դրա օրինակները բազմաթիվ են: Եվ ուրեմն հնարավոր է, որ մի օր էլ նման վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականներում տեղ գտնի Հայաստանի անունը: