Աղետները առավել վտանգավոր են կղզային պետություններում

Որքան էլ արդեն համարյա 30 տարի է անցել, հայերս չենք կարող մոռանալ, թե ինչքան մեծ կորուստներ ունեցանք Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Ճիշտ է՝ դրանից հետո կարծես թե որոշ դասեր քաղեցինք ու որոշ բաներ շտկեցինք, սակայն ոչ այնքան, որ նոր աղետի դեպքում կարողանանք զերծ մնալ բազմաթիվ զոհերից: Վիճակագրությունը ընդամենը թիվ է նշում, սակայն այդ թվերի հետևում մարդիկ են, ճակատագրեր, ծանր ապրումներ:
 
Մեր դարում տարերային աղետներն այնքան են հաճախակիացել ու վտանգավոր դարձել, որ շատերն արդեն խոսում են մոլորակի զայրույթի մասին, որը պատժում է իր հետ անխնամ վարվող մարդկությանը: Բայց ինչպես և ամեն ինչ, այդ աղետներն ու դրանց պատճառած վնասները նույնպես Երկրի վրա անհավասարաչափ են բաշխված: Գերմանական Bündnis Entwicklung Hilft ընկերության մասնագետները կազմել են վարկանիշն այն երկրների, որոնցում առավել բարձր է բնական աղետներին զոհ գնալու վտանգը: 
 
Ինչպես հաղորդել է Der Spiegel հանդեսը, Գերմանիայի Ռուրի համալսարանի պրոֆեսոր Կատրին Ռադկեի ղեկավարած հետազոտական խումբը վիճակագրության տեսանկյունից քննել է 171 երկրների բնական աղետների տվյալները, ինչպես նաև նման դեպքերում տեղական իշխանությունների պատրաստվածության մակարդակը: 
Մոլորակի ամենավտանգավոր վայրեր են դիտվել Վանուատու և Տոնգա խաղաղօվկիանոսյան կղզիները, որտեղ տարերային աղետներից զոհվելու վտանգը շատ մեծ է, իսկ այդ շրջանի համար հատուկ վտանգավոր են երկրաշարժերը, ցունամիներն ու փոթորիկները: Համարժեք իրավիճակ է դիտվում նաև Ֆիլիպիններում, որտեղ մեծ են փլուզումների և հրաբխի ժայթքման վտանգները: 
 
Վտանգավորների կարգին են դասվել նաև Կենտրոնական Ամերիկայի, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրները: Վերլուծությունը ցույց է տվել, որ քննվող տեսանկյունից առավել անվտանգ են Քաթարը, Մալթան և Սաուդյան Արաբիան: 
 
- Աղետների վտանգներն անհավասար են բաշխված: Դրանք առաջին հերթին բաժին են հասնում Օվկիանիայի, Ասիայի և Կենտրոնական Ամերիկայի կղզային պետություններին կամ եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներին,- նշել են մասնագետները: 
 
Զեկույցի համաձայն՝ անվտանգության կարևոր գործոն է պետության ենթակառուցվաքների վիճակը, քանի որ օդանավակայանների և ճանապարհների բավարար քանակությունը կարող է ապահովել մարդկանց տարհանումը և փրկարար ծառայությունների արագ արձագանքը: Հետազոտողները մեծ նշանակություն են տալիս էլեկտրացանցերի կայունությանը, խմելու մաքուր ջրով ապահովվածությանը ևս, նաև՝ բժշկական հիմնարկների ու անձնակազմերի բավարար քանակությանը: 
Ավելի վաղ International SOS-ի առողջապահության և անվտանգության ոլորտի մասնագետները 2019թ. զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրներ էին նշել Լիբիան, Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Եմենը, Մալին և Հարավային Սուդանը: 
 
21-րդ լուսավոր դարում, երբ բժշկությունը հասել է գրեթե ֆանտաստիկական մակարդակի, պատերազմների, բնական աղետների, թերասնման, թունաքիմիկատների, վատ սովորույթների և նման բաների հետևանքով ամեն օր բազմաթիվ մարդիկ են կյանքին հրաժեշտ տալիս: Ասես մոլորակի վրա ամենաանարժեքը հենց մարդկային կյանքն է: