ՄԵՐ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ

Հիմա մեր անվտանգությունն ապրապնդվե՞ց, թե՞…

Եթե ՀՕՊ միասնական համակարգի մեջ մեր բացահայտ թշնամիների բարեկամներն են միավորվում, դա մեր օդային տարածքն արդյոք նրաց հասանելի չի՞ դարձնում, որտեղ կարող են ի վնաս մեզ միջամտություններ անել:

 

Ապրիլի 19-ին հայտնի է դարձել, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան երկրները կմտնեն ՀԱՊԿ հակաօդային հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի մեջ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեի նիստից հետո այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

Ինչպես գիտենք, Հայաստանը և Ռուսաստանը այսպիսի միասնական համակարգ արդեն ստեղծել են, ու դա բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Արտահայտվեցին թեր և դեմ բազմաթիվ կարծիքներ, նաև` անվստահություն, թե այդպիսով Հայաստանի օդային պաշտպանությունը առավել խոցելի չի՞ դառնում արդյոք, քանի որ ՌԴ-ն կարող է իր շահերից ելնելով` այդ պաշտպանությունն ուզած ժամանակ արգելափակել:  

Ավելորդ է ասել, որ արդի աշխարհում պետությունների համար ամենակարևոր խնդիրը անվտանգությունն է: Սպառնալիքները ամեն քայլափոխի են, դրանց ներուժը` կործանարար: Բնականաբար` միանգամայն տրամաբանական է թվում, որ որոշ երկրներ փորձում են իրենց անվտանգության մակարդակը բարձրացնել միավորվելով, ինչը հնարավորություն է տալիս համատեղ օգտագործել նաև մասնագետներին, զինատեսակները, միջազգային կապերը, ռազմական հնարավորությունները:

Անշուշտ` նույն նպատակով է ստեղծվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, թեև այնտեղ այնպիսի երկրներ են միավորվել, որոնք, մեղմ ասած, իրար անվտանգությամբ այնքան էլ մտահոգված չեն թվում: Մասավորապես Կենտրոնական Ասիայի երկրները, որոնց բնակչությունը մեծամասամբ իսլամ է դավանում և  թյուրքական լեզվախմբի լեզուներով է խոսում: Իրենց հնչեցրած հայտարարություններով ու գործողություններով նրանք անվերապահ պաշտպանում են այդ կազմակերպության անդամ չհանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը` ի վնաս նույն կազմակերպության անդամ Հայաստանի: Ընդ որում` նրանցից հետ չի մնում նաև քրիստոնյաներով բնակեցված ու հայերենի հետ նույն լեզվաընտանիքի անդամ լեզվով խոսող Բելառուսը, որը նույնպես Ռուսաստանի հետ ՀՕՊ ընդհանուր համակարգի մաս է կազմում:

Թե ինչ կտա այս համակարգի ընդլայնումը, որքանով կմեծացնի մեր անվտանգությունը կամ որքանով խոցելի կդարձնի` թերևս միայն բարձրորակ մասնագետների ու լավատեղյակ քաղաքական գործիչների մտքին է հասու: Զգուշանալու բան բոլոր դեպքերում ունենք: Եթե ՀՕՊ միասնական համակարգի մեջ մեր բացահայտ թշնամիների բարեկամներն են միավորվում, դա մեր օդային տարածքն արդյոք նրաց հասանելի չի՞ դարձնում, որտեղ կարող են ի վնաս մեզ միջամտություններ անել: Համենայնդեպս Վ. Գերասիմովը լրագրողներին տեղեկացրել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նիստի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության` տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման խնդիրները: ԵՎ որոշել են գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհներն ու քննարկել այս տարվա ռազմական պատրաստության առաջիկա միջոցառումները:

Ի դեպ, պատահականություն է, թե ոչ, բայց նույն օրը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության, կործանիչ և բանակային օդուժի ստորաբաժանումների վարժանքները: