Վրաստանում դարձյալ հեղափոխական կրքեր են շիկանում

Արդի աշխարհում ո՞ւմ է զարմացնում, որ ընտրողների համարյա 60%-ի քվեներին արժանացած նախագահին երկրի ընդդիմությունը չի ճանաչում և պահանջում է ընտրությունների արդյունքներն անվավեր համարել: Մանավանդ, եթե այդ ընդդիմությունը մի այնպիսի համախոհ ու ոգեշնչող ունի, ինչպիսին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին է:

Անցած շաբաթ տանուլ տալով Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե դրա արդյունքները չի ճանաչում և իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Թբիլիսիի կենտրոնում: Ընդդիմության ցույցին Skype ծրագրով միացել է «վարդերի հեղափոխության» ասպետը:

- Չհանձնվեք: Մեր պայքարը կավարտվի հաղթանակով,- Ռուսթավելու պողոտայում տեղադրված էկրաններից հավաքվածներին է դիմել իր հայրենիքում միջազգային հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին:

Ինչ վերաբերում է Վրաստան վերադառնալու հավանականությանը, ապա երևում է` Արևմուտքի ջերմ ջատագովի սիրտը հայրենիքի համար շատ է ցավում, և նա «չի կարող տեսնել, թե ինչ վիճակում է հիմա Վրաստանը»:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդդիմության ցույցն ավարտվել է առանց միջադեպերի: Տարբեր գնահատականներով` դրան մասնակցել է մինչև մինչև 10 հազար մարդ: Բողոքավորների գլխավոր պահանջը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Երևի ընդդիմությունը հույս ունի` գոնե այնտեղ մեծամասնություն կազմել և թուլացնել Սալոմե Զուրաբիշվիլիի թիկունքը: Բայց մտադիր չեն հրաժարվել նաև նախագահական իշխանությունից` Վաշաձեն մտադիր է դատարանի միջոցով հասնել անցած շաբաթ տեղի ունեցած քվեարկության արդյունքների անվավեր ճանաչմանը:

- Վրաստանում այսօր նախագահ չկա,- հայտարարել է նախագահ չդարձած Վաշաձեն:

Իրենց պատասխանը նախապատրաստելու համար ընդդիմադիրները իշխանություններին մինչև դեկտեմբերի 16-ը ժամանակ են տվել: Այդ օրն է նշանակված նոր նախագահի պաշտոնակալման արարողությունը: Իրենց պահանջները չբավարարելու պարագայում նրանք սպառնում են ելույթները շարունակել, իսկ «ցուցարարների թիվը տասնապատկել»:
«Ավանգարդը» նախընտրական Վրաստանում տիրող տրամադրությունների առիթով արդեն նշել է, որ վրացի ընտրողների մեծամասնությունը հավանություն էր տալիս Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությանը: Իսկ հիմա, երբ նա արդեն ընտրվել է, դժվար թե դիրքերը որևէ չափով զիջի: Մանավանդ` նույն Սաակաշվիլիի դեմ պայքարի մեծ փորձ ունի: Իսկ դա նշանակում է, որ մեր հարևան երկրում դարձյալ հեղափոխական կրքեր են շիկանալու: