ՔՈՉՎՈՐԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Դրոշ ունեն՝ աշխարհը չունի

Ադրբեջանի բազմաչարչար դրոշի գլխին դարձյալ փորձանք է եկել: Նախ քամին անընդհատ պատռում էր Բաքվում ծածանվող ռեկորդային մեծությամբ դրոշի պաստառը, հիմա էլ Մասալի քաղաքում քամուց գետնին է տապալվել 62-մետրամոց դրոշակաձողը:

Ա˜խ, կասպիականի այդ դրոշակործան քամիները…

Իսկ որ միայն Ադրբեջանի կարգի պետություններն են պետական խորհրդանիշներին այնպիսի ծավալներ հաղորդում, որպեսզի բոլորի աչքը մտնի` միանգամայն հասկանալի է: Ախր ինչպե՞ս ամբողջ աշխարհին ցույց չտան, որ իրենք էլ են պետություն, որ արդե´ն պետություն են, որ դրոշ ունեն ու ոչ մեկից հետ չեն մնում:

Հայաստանում, օրինակ, ո՞ւմ մտքով կանցներ այնպիսի դրոշակ սարքել, որը երկնքից էլ երևար: Մենք այնքան վաղուց ենք դրոշ բռնած քայլում, որ արդեն մոռացել էլ ենք, թե երբվանից է պետության այդ խորհրդանիշը մեր ուղեկիցը: Հայագետ Համլետ Մարտիրոսյանը, օրինակ, պնդում է, թե Հայաստանի ժայռապատկերներում հնարավոր է տեսնել աշխարհի առաջին դրոշի պատկերը, որն իրենից ներկայացնում է այծի եղջյուրների միջև փակված ուղղանկյուն պատկեր: Եթե գիտնականի կռահումը ճիշտ է, պետք է ենթադրել, որ Ադրբեջանը նորից հայի գաղափարն է սեփականել, ու ինպես գողն է ամբոխի մեջ ամենաբարձրը գոռում` բռնեցեք գողին,  այնպես էլ այս պարագայում այնքան է ընդգծում դրա մեծությունը, ասես միայն իրենք դրոշ ունեն: Չտեսի պահվածք:

Բայց ճիշտը որ ասենք՝ դրոշի այդօրինակ փորձանքները բոլորովին էլ լավ բան չեն գուշակում Ադրբեջանի համար: Երբ ի հակակշիռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Թուրքիայում մեծ հանդիսավորությամբ նշում էին Գալիպոլիի հաղթանակի տարեդարձը, դրա հեռարձակումը հանկարծակի ընդհատվեց Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող մեծածավալ միջացառումների տեսարաններով: Այդ օրից շատ ժամանակ չի անցել, իսկ  Թուրքիային այսօր քանի˜ երկիր է ծուռ աչքով նայում: Տեսնենք «չար ճակատագիրը» Ադրբեջանի համա՞ր ինչ է պահել: