Մոգերինին կոչ անում պահպանել և լիովին կատարել ՓՄՀՎՀ–ն

Փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման համաձայնագրի ապագան շատ է մտահոգում Եվրամիության դիվանագիտության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին: Դեկտեմբերի 5-ին նա Բրյուսելում այդ մասին խոսել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ ղեկավարների հանդիպման ժամանակ:
 
Բայց մինչ այդ՝ նախորդ օրը նույն հարթակում հանդես էր եկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նա հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը այդ համաձայնագրից դուրս գալու գործընթացը կսկսի երկու ամսից՝ եթե Ռուսաստանը չկատարի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր պահանջները, որոնք վերաբերում են թևավոր հրթիռներից հրաժարվելուն: ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների ԱԳ ղեկավարները ընդունել են հայտարարություն, որում լիովին հավանություն են տվել ԱՄՆ-ի գործողություններին և Ռուսաստանի վրա են դրել համաձայնագրի ապագայի ամբողջ պատասխանատվությունը: 
 
Հիշեցնենք, որ ՓՄՀՎՀ-ն երկկողմանի փաստաթուղթ է, որից միակողմանիորեն դուրս գալու մասին Միացյալ Նահանգները այս աշնանը հայտարարեց: Իսկ դա նշանակում է, որ նա շարունակելու է նման հրթիռներ արտադրել ու գործադրել: Բայց մի՞թե դա չի նշանակում, որ նա նույն գործողություններին մղում է համաձայնագրի մյուս կողմին՝ Ռուսաստանին: Ելնելով ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների միաձայն հավանությունից՝ ոչ…  
 
Միայն թե այդ համաձայնագրի շարունակականությունը շատ ավելի բարձր է գնահատում Եվրամիության Արտասահմանյան գործերով և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչը: 
 
- ՓՄՀՎՀ-ն Եվրոպայի անվտանգության կարևորագույն տարր է, և մենք ցանկանում ենք, որ այն պահպանվի և լիովին կատարվի: Մենք չենք թերագնահատում վտանգները և մարտահրավերները, որոնք կարող են մեր մայրցամաքում նորից սպասվել:  Եվրոպան մարտադաշտ է եղել տևական ժամանակ, եղել է սառը պատերազմի մարտադաշտ, այդ պատճառով էլ մենք գնահատում ենք անվտանգության ճարտարապետությունը, որը շատ տարիների ընթացքում Եվրոպայի հողում խաղաղություն և անվտանգություն է երաշխավորել: Մենք չենք ցանկանում հետ շարժվել, ՓՄՀՎՀ–ն Եվրոպայում խաղաղություն ու անվտանգություն է ապահովել 30 տարի: Ես կարծում եմ, որ ժամանակը, որն անհրաժեշտ է այս պայմանագիրը պահպանելու և կատարելու համար, պետք է իմաստուն կերպով օգտագործեն երկու կողմերն էլ,- ասել է Մոգերինին: 
 
Իրերի ներկա դրությունից ելնելով՝ Պոմպեոյի տված երկու ամիս ժամկետը դժվար թե իրավիճակ փոխի: Եվ դարձյալ Թրամփի իշխանության օրոք Միացյալ Նահանգները իր ստորագրությունը հետ է վերցնում հերթական համաձայնագրից, որն անվտանգություն պետք է  ապահովի ամբողջ աշխարհի համար (մտաբերենք Իրանի միջուկային գործարքը, Եղանակային փոփոխություների մասին Փարիզի համաձայնագիրը):