Էրդողանը Եվրոպային «ժողովրդավարության ու ազատության» դասեր է տվել

Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրոպային քննադատելու առիթ է գտել և որոշել է օգտվել: Իսկ առիթը Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններն են «դեղին բաճկոնավորների» բողոքի գործողությունների պատճառով, որին «Ավանգարդը» մի քանի անգամ անդրադարձել է:

Հանդես գալով Ստամբուլում` Էրդողանը Ֆրանսիային քննադատել է բողոքավորների նկատմամբ ուժ կիրառելու համար: Նշել է, թե Անկարան անհանգստությամբ հետևում է Ֆրանսիայի իրադարձություններին  և հանդես է գալիս քաոսի դեմ, որն առաջացել է  «դեղին բաճկոնավորների» բողոքի գործողություններից և նրանց դեմ անհամարժեք ուժի գործադրումից:

- Եվրոպական շատ քաղաքներում, այդ թվում և Փարիզում, լարված իրավիճակ է առաջացել: Մենք այսօր հետևում ենք իրավիճակին այնպիսի երկրներում, որոնք գերադասել են ուշադրություն չդարձնել Թուրքիայի քաղաքներում արյունահեղության փորձ կատարած մարդկանց գործողություններին… Ոմանք մեր ոստիկանությանը մեղադրում էին անհամաչափ ուժ գործադրելու համար: Բայց հիմա նայեցեք, թե ինչպես է մարդկանց հետ վարվում նրա՛նց ոստիկանությունը: Մեր ոստիկանությունը մարդասիրաբար է գործում,- Ստամբուլում Էրդողանի ելույթից մեջբերել է Anadolu գործակալությունը:

Մինչև այսօր էլ իր նախորդների ցեղասպան քաղաքականությունն առաջ տանող երկրի ղեկավարը եվրոպացիներին խրատել է, թե ստեղծված իրավիճակը խոսում է Եվրոպայում ժողովրդավարության ու ազատության սկզբունքների լուրջ խախտման  մասին:

- Նրանք, ովքեր փախստականների հանդեպ թշնամական վերաբերմունք ու իսլամատյացություն էին խրարխուսում, իրենք են բախվում իրենց գործողությունների հետևանքներին,- չարախնդացել է իր հիշատակած դեպքերից հետո (2016թ. խռովությունը Թուրքիայում) երկրի բանտերը բերնեբերան լցրած Էրդողանը:

Եթե այսօր Եվրոպայի վրա հոխորտում է մի բռնապետ, ով ամեն օր է գործում նրանց գուցեև իրավացիորեն վերագրվող «մեղքերը», ապա նրանք իրոք որ մեղավոր են, քանի որ ո՛չ հնում, ո՛չ էլ այժմ Էրդողանի ու Թուրքիայի գործողություններին արժանի գնահատական չեն տալիս` ելնելով քաղաքական մի շահից, որն ի վերջո նրանց ոչ մի օգուտ չի բերել ու չի բերելու: