Իրանի հրթիռային փորձարկումները մտահոգել են նաև գերմանական պարբերականին

Գերմանական պարբերականը մտահոգություն է հայտնել, որ անցնող տարում Իրանը հրթիռային փորձարկումների քանակն ավելացրել է ավելի քան կրկնակի, ընդ որում` այդ երկրի որոշ հրթիռներ կարող են հասնել Եվրամիության անդամ մի քանի երկրի տարածքներին: Welt am Sonntag («Աշխարհը կիրակի օրը») պարբերականը իր հրապարակած տվյալները քաղել է արտասահմանյան երկրների հատուկ ծառայություններից:

Պարբերականի տեղեկություններով` 2018թ. Իրանը միջին հեռահարության հրթիռների ամենաքիչը 7 փորձարկում է անցկացրել, իսկ դրանցից որոշները կարող են հասնել մինչև ԵՄ հարավարևելյան երկրներ: Իրանը նաև փոքր հեռահարության և թևավոր հրթիռներ է փորձարկել, նվազագույնը հինգ անգամ: Հրապարակման մեջ հատուկ շեշտվում է, թե Թեհրանի նման գործողությունները կարող են հակասել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին:

- Welt am Sonntag-ի տվյալներով` 2017թ. միջին հեռահարության հրթիռների 4 փորձարկում է եղել, մեկ անգամ էլ փոքր հեռահարության  հրթիռ է փորձարկվել: Այս տվյալների համեմատությամբ` փորձարկումներն ավելի քան կրկնապատկվել են: Նման ավելացումը կարող է տագնապի պատճառ դառնալ ինչպես աշխարհում, այնպես էլ Գերմանիայում,- մտահոգություն է հայտնել գերմանական լրատվամիջոցը:

Հիշենք, որ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Իրանին մեղադրել էր, թե իր փորձարկումներով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը (որը ընդունվել է 2015թ.` որպես հավանություն Իրանի միջուկային գործարքին), իսկ Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆը շեշտել էր, որ այդ նույն բանաձևն ԱՄՆ-ն ինքն  է խախտում, և ընդհանրապես, դա մի պետություն է, որն աշխարհում սյուրռեալիստական (վերիրական) քաղաքականություն է վարում:

Հիշենք, որ Միացյալ Նահանգներն ինքը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման վերաբերյալ տասնամյակներ առաջ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրից, իսկ դա նշանակում է, որ աշխարհում դրանց վտանգը մեծանում է: Այնպես որ, դրանց գործադրման վտանգից զգուշանալու պատճառ ունի ոչ միայն Եվրոպան, այլև ամբողջ աշխարհը: Որովհետև մեր օրերում չկա որևէ երաշխիք, թե այսօր դրախտավայրի կարգավիճակով բարգավաճող տարածքը վաղն իսկական դժոխք չի ապրի: