Brexit-ը՝ վերադարձ դեպի վերահսկողություն սեփական դրամի, սահմանների ու օրենքների նկատմամբ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Թերեզա Մեյին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում: Նրա ընդդիմադիրների նախաձեռնած անվստահության քվեարկությունը նպատակին չի հասել: Մեյի կուսակից 317 պահպանողական պատգամավորներից 200-ը քվեարկել է նրա վարչապետության օգտին: Իսկ ահա 117-ը դեմ է արտահայտվել՝ ցուցադրելով Մեյի հակառակորդների նշանակալի թիվը: Սրանք այն պատգամավորներն են, ովքեր դժգոհ են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի նախագծից:
 
Խորհրդարանում Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատությունների կրակի տակ է հայտնվել: Այս քվեարկությամբ Մեյի դիրքերը շատ են թուլացել, իսկ նրա հակառակորդները գտնում են, որ նման արդյունքները խոսում են նրա մոտալուտ պաշտոնաթողության մասին: 
 
- Ես կարծում եմ, որ Թերթեզա Մեյը պետք է պաշտոնաթող լինի: Եվ ընդհանրապես, ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետև նա այդ Brexit-ի առնչությամբ այնպիսի՜ խառնաշփոթ է ստեղծել և գործնականում դադարել  է կարգին աշխատել,- ասել է Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը: 
 
Իսկ Թերեզա Մեյն ինքը իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում.
 
- Ծանր օր էր, բայց ես ուրախ էի այսօրվա քվեարկության ժամանակ ստանալ իմ գործընկերների հավանությունը: Դրա համար ես նրանց շատ երախտապարտ եմ: Իմ մեծաթիվ գործընկերներ իմ դեմ են քվեարկել, և ես հաշվի կառնեմ այն ամենը, ինչ նրանք ասացին: Այժմ մենք պետք է Brexit-ը անցկացնենք և մեր երկրի համար լավագույն ապագան կառուցենք: Brexit-ը, որի համար բրիտանացիները քվեարկել են, կվերադարձնի մեր դրամների, սահմանների ու օրենքների նկատմամբ վերահսկողությունը: 
 
Քվեարկությունից հետո Մեյը հայտարարել է, թե լսել է Հյուսիսային Իռլանդիայի վիճելի պահերի մասին խորհրդարանի կարծիքը և փորձելու է ԵՄ-ից դրա համար երաշխիքներ ստանալ: