Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին անկախացել է Մոսկվայի պատրիարքությունից

Ուկրաինայում ոչ միայն չեղյալ են հայտարարել Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը, այլև արդեն հնարավորություն են ստացել հաղթահարելու կրոնական կախվածությունը:
 
Այս տարվա հունիսի 16-ին Ուկրաինայի Բարձրագույն ռադան դիմել էր Կոստանդնուպոլսի Բարթուղեմեոս պատրիարքին՝ խնդրելով Ուկրաինայի ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցուն հնարավորություն տալ՝ անկախանալու Մոսկվայի պատրիարքարանից: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ցանկությունն է ուղղակիորեն ենթարկվել Կոստանդնուպոլսի պատրիարքությանը:
 
Այս օրերին Կիևում կայացել է միավորիչ ժողովը: Այնտեղ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրում եկեղեցական նոր կառուցվածքի ստեղծման մասին, որի գլխավորն այսուհետ լինելու է միտրոպոլիտ Եպիֆանը: Նա մինչ այդ եղել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքության եպիսկոպոս, իսկ այդ պատրիարքությունը գործել է Մոսկվայի պատրիարքությունից դուրս: 
 
Այդ իրադարձությանը, հասկանալի պատճառներով, միանգամայն տարբեր կերպ են արձագանքել ամերիկյան և ռուսական կառույցները: Միացյալ Նահանգների կիևյան դեսպանատունը ուկրաինացիներին և անձամբ Եպիֆանին շնորհավորել է և հայտարարել, որ կողմ է բոլոր ուկրաինացիների իրավունքին՝ դավանանք ունենալ սեփական հայեցողությամբ: 
 
- Համբերությունն ու զսպվածությունը բանալի են դեպի խաղաղ անցումային փուլը, որպեսզի կրոնական տարբեր համոզմունքների տեր մարդիկ կարողանան ապրել ու բարգավաճել միասին,- հավելել են դեսպանությունում: 
 
Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին իր կարծիքը հրապարակել է Մոսկվայի և համայն Ռուսիո պարիարք Կիրիլի մամուլի քարտուղար, հոգևորական Ալեքսանդր Վոլկովի միջոցով: Ըստ այդմ՝ չի կարող եկեղեցի սկիզբ առնել ավազակաբարո հավաքից, որը ղեկավարում է երկրի նախագահը: 
 
- Այն, ինչ տեղի է ունեցել, պառակտման նոր առաջնորդի ընտրությունն է (ի հակադրություն վերը նշված միավորիչ ժողովի-Ա. Փ.): Ֆիլարետ Դենիսենկոն էր, դարձել է նրա կամակատար Եպիֆանը: Ինքը լինելով պառակտիչ՝ ոչ մի առնչություն չունի համաշխարհային ուղղափառության հետ, իսկ այդ բոլոր մարդիկ իրենց լիովին զրկել են այնտեղ վերադառնալու հնարավորությունից,- ասել է հոգևորականը: 
 
Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը Ուկրաինայի նոր եկեղեցու ընտրված գլխավորին հունվարի 6-ին հրավիրել է Ստամբուլ, որտեղ նրան կփոխանցի ինքնուրույնության մասին հավաստագիրը: 
Իսկ ահա ավագերեց Նիկոլայը եկեղեցական մեծ գործընթաց է կանխատեսում:
 
- Մենք կանգնած ենք եկեղեցական մեծ արշավանքի շեմին,- իր կարծիքն է հայտնել Նիկոլայը, ով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժանմունքի պետի տեղակալն է: