ԱՄՆ-ը դարձյալ Գերմանիային կոչ է անում հրաժարվել ռուսական գազից

Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից դեպի հյուսիսային Եվրոպա գազ տեղափոխելու կոչված «Հյուսիսային խոսք-2» գազատարի շինարարությունը Միացյալ Նահանգներին ոչ մի կերպ հանգիստ չի տալիս: Հատկապես Գերմանիային նա անընդհատ կոչ է անում դրանից հրաժարվել, սակայն առայժմ՝ անօգուտ:
 
Պետքարտուղարությունը վերջերս դարձյալ նման կոչ է արել՝ նշելով, թե «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը բացասաբար կանդրադառնա Եվրոպայի էներգաանվտանգության վրա, և ԱՄՆ-ը Գերմանիային առաջարկում է անսալ այդ մասին հարևան երկրների կարծիքին: Պետքարտուղարության տարածած հայտարարությունում վկայակոչվում է նաև հարցի առնչությամբ ԵԽ-ի ընդունած բանաձևը:
 
- Եվրախորհրդարանը դեկտեմբերի 12-ին բանաձև է ընդունել, որում մեկ անգամ ևս խոսվում է էներգաապահովման ցանցում Ուկրաինայի կարևոր դերի մասին և քննադատվում է Կրեմլի առաջ մղած քաղաքական ծրագիր «Հյուսիսային հոսք-2-ը»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչությունը:
 
Այդ կոչ-հայտարարության մեջ չի անտեսվել նաև Կերչի ջրերում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը՝ ռուսական և ուկրաինական ծովայինների մասնակցությամբ, որի առնչությանբ ամերիկյան կողմն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ուկրաինային: 
 
- ԱՄՆ-ը ողջունում է Եվրամիության վերջին քայլերը՝ Ռուսաստանին պատասխանատվության կանչել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի համար, ինչպես նաև երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: ԱՄՆ-ը փորձելու է Ռուսաստանին իր գործողությունների համար պատասխանատվության կանչել և պետք է եվրոպական խորհրդարանի ու դաշնակիցների հետ աշխատի Կրեմլի ագրեսիայի դեմ միասնական ճակատ ստեղծելու ուղղությամբ,- եզրափակում է հայտարարությունը:  
 
Միացյալ Նահանգները «Հյուսիսային հոսք-2»-ը քաղաքական նախագիծ է հռչակել և գուցե իրավացի է: Բայց չգիտես ինչու, երբ հաճախ նույն Ռուսաստանի մասնակցությամբ իրական քաղաքական նախագծեր են իրականացվում մեր տարածաշրջանում, երբ ամեն կերպ փորձում են Հայաստանը դուրս թողնել երկաթուղային և գազանավթատար հաղորդուղիների շավղից, նույն ԱՄՆ-ն ու մյուս երկրները ծպտուն չեն հանում: Դե, չէ՞ որ այնտեղ Թուրքիան է ներգրավված և դրա կցորդ Ադրբեջանը: Իսկ երբ արդարության կոչը այսքան ընտրովի է լինում, ուղղակի վստահություն չի ներշնչում: