Դավոսից ազդարարում են՝ գենդերային իրավահավասարության հասնելը դար կտևի

Դավոսի փորձագետները ուսումնասիրություն են կատարել և եկել ցավալի եզրակացության: Ստացվում է, որ գենդերային հավասարության ջատագով մեր դարում տղամարդու և կնոջ միջև իրավահավասարությունը կմնա դարավոր երազանք: Դա հնարավոր կդառնա միայն 108 տարի անց: Ընդ որում պարզվել է, որ ավելի դժվար է լինելու տնտեսական և քաղաքական զուգակշիռ ստեղծելը:
 
Փորձագետները քննել են 149 երկրի վիճակը: Հաշվի են առել կանանց ու տղամարդկանց մասնակությունը տնտեսությանն ու քաղաքականությանը, նրանց դիրքն աշխատաշուկայում, կրթության հասանելիությունն ու առողջության մակարդակը: Գենդերային մրցավազքի առաջատարն արդեն քանի տարի Իսլանդիան է, իսկ կանանց իրավունքներն ամենաշատը տուժում են իսլամական երկրներում:  
 
Հարց է առաջանում՝ Դավոսի փորձագետներն իրենց ուսումնասիրության մեջ ընտանիքի ամրությունն ու մանկածնության մակարդակը համեմատե՞լ են կանանց իրավունքների մակարդակի հետ: Քիչ հավանական է, որ այդպես արած լինեն: Միայն թե թռուցիկ հայացքով հարցն ընդգրկելով՝ մարդ մտածում է, թե որքան տվյալ երկրում կանանց իրավունքները քիչ են արծարծվում, այնքան ընտանիքներն ամուր են, երեխաներն էլ՝ շատ: Սա, իհարկե, չի նշանակում, թե կանանց ստրկական վիճակը հանդուրժելի է: Հիշենք, որ «առաջադեմ» Արևմուտքում կանայք ընտրելու իրավունք ստացել են համառ պայքարով և ավելի ուշ, քան 20-րդ դարի երկրորդ տասնամյակում հայոց առաջին խորհրդարանը կձևավորվեր՝ կանանց ընտրելու իրավունքով հանդերձ: 
 
Անցած մեկ դարում սեռերի իրավահավասարությունն այնպիսի անհեթեթ ընթացք է ստացել, որ այսօր արդեն խոսում ու արձանագրում են երրորդ սեռի գոյությունը: Ու ամենաահավորը՝ առաջին գիծ են մղվել մարդու սեռական բնազդներն ու դրանց մասին անթաքույց խոսելու անպարկեշտությունը: Ու դեռ բառ էլ հնարել են՝ գենդեր՝ սոցիալական սեռ:  
 
Բայց դեռ հարց է՝ 108 տարի անց, եթե իհարկե, ամեն ինչ այսպես շարունակվի, մոլորակում տղամարդ ու կին հասկացություններն ի՞նչ ոլորտներ կընդգրկեն, ի՞նչ արարածների կմիավորեն, կամ ընտանիք ու երեխա ընդհանրապես կլինե՞ն….