Թրամփ. «Մենք իրոք հաղթել ենՔ ԻՊ-ին: Մենք նրանց ջարդել ենք»

Սպիտակ տունը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակն ամբողջովին վերագրում է Միացյալ Նահանգներին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով կոալիցիա էր կազմել, որին բազմաթիվ պետություններ են անդամակցում: Էլ չասած Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների մասին, որոնք նույնպես ձեռքները ծալած չեն նստել:
 
- Մենք իրոք հաղթել են ԻՊ-ին: Մենք նրանց ջարդել ենք, մենք նրանց շատ ուժգին ենք ջարդել, և արդեն ժամանակն է, որ մեր զորքերը տուն վերադառնան,- ուղերձում անվերապահորեն հայտարարում է ԱՄՆ նախագահը: 
 
Սիրիայի տարածքում մարտական գործողություններին մասնակցած ԱՄՆ զինծառայողներին Թրամփն անվանում է «ամերիկյան մեծ հերոսներ և ամբողջ աշխարհի հերոսներ»:
 
Այս ուղերձի առիթը ԱՄՆ-ի որոշումն է՝ իր բոլոր զինծառայողներին (շուրջ 2000 մարդու) դուրս բերել Սիրիայի տարածքից: Twitter-ի իր էջում Դոնալդ Թրամփը այդ որոշումն այսպես է բացատրում. 
 
- Միացյալ Նահանգները հաղթել է «Իսլամական պետությանը», ինչն էլ Սիրիայում ամերիկյան զինվորականության գտնվելու միակ նպատակն էր: 
 
Իսկ Թուրքիան, ասում են, աշխուժորեն նախապատրաստվում է Հյուսիսային Սիրիայում նոր գործողությունների դիմել: «Ավանգարդի» ընթերցողը երևի հիշում է, որ ամերիկյան կողմը Թուրքիային նախազգուշացրել էր, թե անընդունելի բան կանի, եթե առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու՝ ռազմական գործողություններ սկսի մի տարածքում, որտեղ ամերիկյան զինվորականներ են առկա: Ահաև Թուրքիայի ձեռքերն արձակելու ամենալավ միջոցը՝ զորքերը դուրս բերել նաև այն տարածքներից, որտեղ Թուրքիան է ծավալվելու: 
 
Ուշագրավ է, որ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս գալու լուրին Ֆրանսիան (ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի անդամներից մեկը) արձագանքել է Սիրիայի հետ ուղիղ հարաբերություններ սկսելու մտադրությամբ: 
 
Ինչ վերաբերում է ԻՊ-ի դեմ տարած վերջնական հաղթանակին, այստեղ երևի արժե հիշեցնել այն բազմաթիվ բջիջները, որոնք իսլամիստները հիմնում են ամբողջ աշխարհում՝ շարունակելու համար մահ ու սարսափ տարածելու իրենց դիվական գործը: