2019թ. հավանական համաշխարհային պատերազմի «թեկնածուների» վարկանիշ

Ամերիկյան The National Interest («Ազգային շահ») հանդեսի սյունակագիր և ԱՄՆ Ռազմական ուսումնարանի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին յուրօրինակ ձևով է ամփոփել այս տարեվերջը՝ եկող տարվա համար կազմելով վարկանշային աղյուսակն այն տարածաշրջանների, որոնք ավելի են հավակնում դառնալու Երրորդ աշխարհամարտի  թատերաբեմ: Լրագրող-մանկավարժը 2019թ. ամենաթեժ կետերի առաջին հորիզոնականում տեղադրել է Հարավ-չինական ծովի տարածաշրջանը, այնուհետև գալիս է Ուկրաինան, սրան հետևում է Պարսից ծոցը, իսկ քառյակը եզրափակում է Կորեական թերակղզին:
 
Ֆարլիի կարծիքով՝  Հարավ-չինական ծովի ավազանը, որտեղ իրար դեմ են դուրս եկել ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն, ամենաշատն է հավակնում համաշխարհային պատերազմի բռնկման վայր դառնալ: Ճիշտ է՝ առայժմ պատերազմն առևտրային բնույթ ունի  (ընթանում է տնտեսական պատժամիջոցների շրջանակում), սակայն երկկողմ հարաբերությունների վատթարացման պարագայում հակամարտությունը կարող է այդ շրջանակից դուրս գալ: 
 
Որ Ուկրաինան կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ՝ խոսում է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը: Սրա հետևանքով տարածաշրջանում լարվածությունը մեծացրել է: Իրավիճակի անորոշությունն ավելի է սաստկանում Ուկրաինայում նախատեսվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների խորապատկերին: 
 
«Թեժ» է մնում նաև Պարսից ծոցի իրավիճակը, որտեղ լարվածությունը մեծանում է Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման, ինչպես նաև Սիրիայում և Եմենում առկա հակամարտությունների պատճառով: Ցանկացած անկայունության ի հայտ գալը կարող է բախման մեջ ներգրավել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, անգամ՝ Չինաստանը:
«Թեժ» վարկանիշի քառյակը եզրափակում է Կորեական թերակղզին: Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունները կարող են փչանալ ցանկացած պահի, իսկ կորեական հարցը այլ կարևոր խաղացողների ևս առնչվում է, օրինակ՝ Չինաստանին և Ճապոնիային:
 
Այս պահի դրությամբ՝ Ֆարլին միայն այս չորս տարածաշրջանն է համարում համաշխարհային նոր պատերազմի «հավակնորդ»: Սակայն նաև շեշտում է, թե  հնարավոր է, որ այլ տարածաշրջաններում ևս «թեժ կետեր» առաջանան: Իսկ ընդհանրապես, ըստ ռազմագետ սյունակագրի, մերձավոր ապագան շատ ավելի վտանգավոր կլինի, քան ոչ վաղ անցյալը: