Կորեայի հյուսիսն ու հարավը միավորում են իրենց ճանապարհներն ու երկաթուղին

Տասնամյակներով թշնամի երկու Կորեաների միջև երկխոսության հնարավորություն ստեղծվեց անցած տարեվերջին, իսկ այս տարեվերջին կարևոր իրադարձությունը նշանավորվեց երկու երկրների ավտոճանապարհների և երկաթուղիների միավորմամբ:
 
Երկու երկրների տրանսպորտային ուղիների ծայրակցման արարողությունը դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել հյուսիսկորեական Փհանմուն երկաթուղային կայարանում: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Սեուլից ու Փհենյանից միջոցառմանը ներկայացել է շուրջ 200 մարդ: Հրավիրվել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Չինաստանից, Մոնղոլիայից: 
 
Նշվում է, որ նման նշանակալի իրադարձության համար Հարավային Կորեայի իշխանությունները ավելի քան 600 հազար դոլար են ծախսել, բայց նաև շեշտվում է, որ արարողությունը եղել է միանգամայն խորհրդանշական, քանի որ ճանապարհների միացման և արդիականացման իրական աշխատանքները դեռևս չեն էլ սկսվել:
 
Երկու Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընը և Մուն Չժե Ինը, սակայն, մինչ արարողությունը պայմանավորվել են նախագիծն անպայման իրականություն դարձնել: Նրանց խոսքով՝ դա կարող է նպաստել Սեուլի և Փկենյանի երկխոսությանը՝ ամրապնդելով խաղաղությունը Կորեական թերակղզում: 
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ռազմական ուսումնարանի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին եկող տարվա համար հնարավոր համաշխարհային պատերազմի 4 օջախների թվում նշել էր նաև Կորեական թերակղզին: Հուսանք, որ ռազմագետի  չարագուշակ կանխատեսումներն այդպես էլ կմնան The National Interest-ում վարած իր սյունակի տողերում: