Ըստ Gallup-ի՝ մոլորակը նոր տարին դիմավորում է չափավոր լավատեսությամբ

Անկախ հետազոտությունների Gallup International միջազգային կազմակերպությունը հրապարակել է ամենամյա համընդհանուր հարցումների արդյունքները: «Մեր մոլորակի բնակիչների ակնկալիքները գալիք տարվանից» թեմայով հարցմանը մասնակցել է 50 երկրների համարյա 49 հազար բնակիչ:
 
 
Պարզվել է, որ հարցվածների 39%-ը հույս ունի, որ նոր տարին անցնողից լավը կլինի: 24%-ը միանգամայն հակառակ կարծիքն ունի: Հարցվածների մեկ երրորդը առանձնակի փոփոխությունների չի սպասում:
 
- Այսպիսով՝ 2019թ. լավատեսության ցուցիչը, որը հաշվարկվում է բացասական պատասխանների թիվը դրականներից հանելով, կազմել է 15 միավոր, ինչը գրեթե համարժեք է անցած տարվա արդյունքին: Անցած տարի այդ թիվը եղել է 16, որը բավական զիջում է դրան նախորդող երեք տարիների ցուցանիշին,- ընդգծել են հետազոտության հեղինակները: 
 
Այսիսնքն, իմանալու համար, թե տվյալ երկրում լավատեսության ցուցանիշը 0-ից բարձր է, թե՞ ցածր, լավատեսական կարծիք հայտնածների թվից հանում են հոռետեսների քանակն արտահայտող թիվը: 
 
Ըստ տվյալների՝ ամենաբարձր դրական արդյուքը ապահովել է Հնդկաստանը՝ 64 միավոր: Այնուհետև Մեքսիկան է 58 միավորով: «Վեստիի» հրապարակած ցուցանիշներից հետևում է, որ երրորդը Հայաստանն է: Մեր լավատեսության ցուցանիշը 0-ից բարձր է ամբողջ 55 կետով: 
 
50-ից բարձր են նաև հետխորհրդային երկու երկրների՝ Վրաստանի և Ղազախստանի ցուցանիշները (53-ական միավոր): Մմեծամասամբ լավատես են նաև Հարավաֆրիկյան Հանրապետություն բնակիչները (51 միավոր):
 
Որոշ երկրների ցուցանիշներին այլ անուն չես տա, քան վհատություն: Իտալիայում, օրինակ լավատեսության միավորը -40 է, Հարավային Կորեայում՝ -30, Հոնկոնգում՝ -25: 
 
Լավատեսների թվում են նաև Աֆրիկայի բնակիչները: Նրանց ցուցանիշը 50 միավոր է: Նրանցից շատ չեն հետ մնում  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի լավատեսները (34-ական միավոր): Սրանց հետևում է լավատեսորեն դրական Միացյալ Նահանգները՝ 32 միավոր: ԵՄ կազմի մեջ չմտնող եվրոպացիները լավատես են միջինը 28 միավորով: Մասնավորապես Շվեցարիայում այդ ցուցանիշը 22 է: 
 
Իսկ ահա ԵՄ կազմում ընդգրկված պետություններում տիրապետողը հոռետեսությունն է: Նրանց ընդհանուր արդյունքը 0-ից ցածր է՝ -1: Ավելի շուտ բացասական սպասելիքներ ունեն նաև է Մերձավոր Արևելքի բնակիչները (-23): Եվրոպական երկրներից լավատեսության կտրուկ անկում է գրանցվել Ֆրանսիայում, որտեղ ստացվել է -20 ցուցիչ: Մեծ Բրիտանիան նույնպես «մինուս» նշանի ներքո է՝ -1: Բացասական է նաև Ռուսաստանի ցուցանիշը՝ -3:
 
Գաղտնագետները հաճախ են նշում, թե դրական ակնկալիքները կարող են դրական արդյունքեր ապահովել: Գուցե թե մեր մոլորակի ապահովությունը կախված է լավատեսության այն 15 միավորից, որն այս տարվա հարցման արդյունքն է: 
 
Եթե այս տեսանկյունից նայելու լինենք, Հայաստանը կանգնած է երկրային դրախտի շեմին: Բոլորս էլ գիտենք, որ արդի աշխարհում դա հնարավոր չէ, և ուրեմն ճիշտ ժամանակն է, որ մեր լավատեսության այդ բարձր միավորը իմաստավորենք պետականաշինական ու ազգանպաստ գործերով, որպեսզի վերստին հիասթափությունն ու հոռետեսությունը բույն չդնեն հայոց աշխարհում: