ՀԱՆՑ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սանկտ-Պետերբուգի ահաբեկչության հետքերը Թուրքիա են տանում

Տպավորությունն այնպիսին է, որ եթե Թուրքիան ամբողջ Մոսկվան էլ պայթեցնի, ՌԴ-ն, մեկ է, նրա թանին թթու չի ասելու: Ցավը միայն այն է, որ այդ երկու պետությունների մեջտեղում մենք ենք ու պետք է աչալուրջ հետևենք, թե ամեն մի խաղի ու հարվածի հետևում ինչ իրական նպատակներ են թաքնվում: Իր բեմադրած հանրաքվեի արդյունքից նոր թևեր առած Էրդողանից հիմա ինչ ասես սպասելի է, նա արդեն չի քաշվում եվրոպական կառույցների անդամներին ահաբեկիչներ անվանել: Իսկ եթե նրանք են ահաբեկիչ, իր երկիրն ինչո՞ւ պետք է այդ «բարիքից» անմասն մնա…
 
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը նորանոր իրողություններ է ջրի երես հանում: Բազմաթիվ լրատվամիջոցներ արդեն հաղորդել են, թե հիմնավորումներ են հայտնվել, ըստ որոնց ահաբեկչությունը Թուրքիայում է նախապատրաստվել: Դատավոր Ելենա Լենսկայան որոշում է կայացրել ձերբակալել Ակրամ Ազիմովին՝ տվյալ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի եղբորը, քանի որ հայտնի է դարձել, որ նա մահապարտ Ակբարժոն Ջալիլովին է փոխանցել Թուրքիայում ահաբեկչական միջազգային խմբավորման անդամից ստացած գումարը: Դատարանի նյութերում նշվում են, որ այդ գումարները ահաբեկչությունը կազմակերպելու համար են նախատեսված եղել: Ազիմովը նաև փաստաթղթեր է կեղծել, որպեսզի ապահովի կազմակերպության անդամների անարգել տեղաշարժը Ռուսաստանում:
 
Միջազգային ահաբեկչության կազմակերպիչների հետքերն այս կամ այն կերպ կարծես թե միշտ էլ Թուրքիայի հետ են առնչվում, մինչդեռ աշխարհի պետությունները շարունակում են նրա նվագի տակ պարել: Տարբեր երկրների պատժամիջոցների ու ամեն տեսակի ճնշումների են ենթարկում, իսկ Թուրքիայի նկատմամբ դեռևս որևէ գործուն զսպամիջոց չի կիրառվում: Նույն Ռուսաստանի նախագահն  առաջիններից մեկն է ջերմորեն շնորհավորել հայտնի հանրաքվեի հաղթանակի առթիվ, այն էլ՝ անձամբ զանգահարելով: Միչդեռ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել: