Ապահարզա՞ն, թե՞ շանտաժ

ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄ. ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ

Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին վերահսկողություն է սահմանել, ինչը Մինսկի բողոքն է հարուցել: 
 
Որո՞նք են մոտ դաշնակիցների՝ ռուս-բելառուսական հարաբերությունների սրացման պատճառները:
 
Մոսկվայի արտառոց այս որոշման առնչությամբ հրավիրած հատուկ մամուլի ասուլիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դա բացառապես քաղաքական քայլ է Ռուսաստանի կողմից, և նման բան չէր կարելի անել: 
 
Նա ընդգծել է, որ Մոսկվայի նման «չմտածված, չհամաձայնեցրած քայլերը» վատթարացնում են ռուս-բելառուսական հարաբերությունները և մեղադրել է ՌԴ Դաշնային անվտանգության ղեկավարին սահմանի մասին միջպետական համաձայնագրի խախտման համար. համաձայնգրի մեջ սահմանային վերահսկողության մասին կետեր չկան:
 
Մի քանի ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների բոլոր «ցավոտ կետերին», որոնք մինչ այժմ քննարկվում էին միայն մամուլում: 
 
Այդ առնչությամբ այսպիսի կարծիքներ են հնչեցրել փորձագետները.
 
- Ռուսաստանի կողմից ճնշման պատճառն այն է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն չի համաձայնում Բելառուսի տարածքում ռուսական ռազմական ներկայության ավելացմանը,- Եվրոռադիոյի ուղիղ եթերում ասել էքաղաքագետ Արդենի Սիվիցկին՝ Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենը (խոսքը Բելառուսի տարածքում նոր ռուսական ռազմաբազաներ ստեղծելու մասին է, ինչը պնդում է Մոսկվան. խմբ.):
 
- Բելառուսի անվտանգության տեսանկյունից արտասահմանյան զորքերի ներկայությունը.. բավականին վտանգավոր է մեր ինքնավարության և անկախության համար, հատկապես [երբ խոսքն այն երկրի մասին է], որը միջազգային թատերաբեմում իրեն բավականին անկանխատեսելի և անսպասելի է պահում,- հավելել է Սիվիցկին:
 
Այս հարցի վերաբերյալ ավելի կտրուկ է արտահայտվել ռուս քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին.
 
- Բելառուսը կուլ տալը ողջ ռուսական քաղաքականության կարևորագույն նպատակն է՝ սկսած Ելցինից: Եվ Լուկաշենկոն դա շատ լավ հասկանում է և հասկանում էր, որը մեկ խորամանկությամբ, մեկ համառությամբ 20 տարի դիմակայում է դրան: Եվ Կրեմլում նույնպես հրաշալի հասկանում էին և հասկանում են դա, և այդ կլանման ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ հենց նրան են տեսնում: Ի վերջո, 2017թ-ին որոշել են հանգիստ, անաղմուկ և առանց փոշու ազատվել այդ խոչընդոտից: Սակայն Լուկաշենկոն հասկացել է դա և կանխել է նրանց քայլերը,- կարծում է Պիոնտկովսկին:
 
Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Կրեմլի կողմից ուղղակի արձագանք չի հնչել: Սակայն խնդրին անդրադարձել է ՌԼԴԿ հիմնադիր նախագահ Ժիրինովսկին (ի դեպ՝ մինչև 1964 թվականի հունիսի 10-ը՝ նա կրել է Էյդելշտեյն ազգանունը), ում խոսքը սովորաբար նույնացվում է Կրեմլի կարծիքի հետ:
 
Կուսակցության համագումարում իր ելույթում նա հայտարարել է.
 
- Բելառուսի ղեկավարը Ռուսաստանից քաշել է ամեն հնարավոր բան, սակայն մենք արդեն ասում ենք՝ որքա՞ն կարելի է: Ի՞նչ է ուզում Լուկաշենկոն: Առանձին պետություն է, բայց գները թող ներռուսաստանյան լինեն: Ո՞վ է ասում: Դե ուրեմն դուք եկեք մեր պետության մաս կազմեք: Եվ ահա նստած է. Ռուսաստան, տու՛ր, Եվրամիություն, տո՛ւր: Ի՜նչ լավ է: