Պուտինի նվերը Նաթանյահուին

Մոսկվայում կայացած Պուտին-Նաթանյահու հանդիպումը կարելի է վերլուծել  իսրայելյան ընտրությունների անմիջականորեն նախօրեին կատարված գործողություն՝ վարկանիշի ապահովման և ընտրական գործընթացի վրա կարևոր ազդեցություն ունենալու գործոնի հանգամանքներով: Ուշագրավ է, որ թե՛ Թրամփը և թե՛ Պուտինը իրենց քայլերով ու հայտարարություններով նպաստում են Նաթանյահուի վարկանիշի բարձրացմանը:
 
Հրապարակված թեման Սիրիան է. լրատվությունների տողատակերը կարդալով՝ եզրակացվում է, որ գրավոր մշակված ծրագիր բանակցային սեղանին չի դրվել, այդուհանդերձ կողմերը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացին իրենց դերերը համադրելու կարելիությունները:
 
Քաղաքական պահը, սակայն, միայն ներիսրայելյան ընտրություններով մեկնաբանելը չպիտի առարկայականորեն ճիշտ լիներ: Խնդիրը էապես տարածաշրջանային տարողություն ունի և անպայման լուսարձակներ է բացում ո՛չ միայն առնչված երկու կողմերին, այլ այս դեպքում սիրիական հակամարտությունում շահագրգիռ և ներգրավված պետությունների վրա, հիմնականում՝ Անկարայի և Թեհրանի ուղղություններով:
 
Այստեղ անպայման  պետք է նկատի ունենալ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների գեթ դեկլարատիվ մակարդակի վրա կրկին լարված իրավիճակը : Եվ հերթական անգամ սուր ուղերձներ են փոխանցվում երկուստեք՝ ցեղասպանական պետություն լինելու փոխադարձ ամբաստանությունները հնչում են կիսապաշտոնական, երբեմն նաև ուղղակի պաշտոնական բեմերից: Էրդողան-Նաթանյահու հեռակա սուր բանավեճը հատկանշվել էր իր խստությամբ: Չմոռանանք, որ Էրդողանը հրապարակայնորեն հայտարարել էր, թե Գոլանի հարցը պիտի փոխանցի ՄԱԿ-ին և ոչ մի ձևով արդարացված չէ Վաշինգտոնի որոշումը՝ իսրայելյան գերիշխանությունը այդ բարձունքների վրա ճանաչելու առումով: 
 
Բայց խնդիրը ավելի սուր կերպով վերաբերում է Թեհրանին: Այս հանդիպման առանցքային հանգույցը լիբանանյան Բեքա շրջանում 1982-ից կորած հրասայլի և զինվորներից մեկի աճյունի հայտնաբերումն է և նրա տունդարձի հանդիսավոր կազմակերպումը: Պուտինի նվերը՝ Նաթանյահուին ասելաձևով բացատրվող այս գործողությունն ունի որոշ հանգամանքային ծալքեր, որոնք լուսաբանելը քաղաքական գործընթացների ուղենշային ընթերցումներին են ծառայում:
 
Աճյունների հայտնաբերման քաղաքական պահի ընտրությունը, ինչպես ասվեց, չի միտում միայն ներիսրայելյան գործընթացների վրա ազդելու. դրան առընթեր միջինարևելյան օրակարգերի իրականացման դերերի հստակեցման առիթն է օգտագործում: Նաթանյահուին վերընտրել տալով ռուս-ամերիկյան միջնորդավորված համաձայնության առարկայացման դրսևորումն է, որն արձանագրվում է:
 
Նկատենք, որ ո՛չ միայն Անկարան, այլ նաև Թեհրանը և նրա լիբանանյան արբանյակ նկատվող Հեզբոլլա կուսակցությունը հակազդեցություն չեն ունեցել առ այս պահը: Իսկ Թել Ավիվը ռուսական և ամերիկյան հովանավորությամբ սաստկացնում է պայքարը Գազայի և պաղեստինցիների դեմ:
 
Դեպի Իսրայել առարկայացող ռուսական գործակցությունը տեսականորեն հարված է Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական գծին: Պուտինի նվերը Թել Ավիվին՝ երևութապես Անկարայի, բայց հատկապես շեշտված ձևով Թեհրանի հաշվին:
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր