Ստամբուլի «առումը»

ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱԱՊՐԱԿՈՒՄՆԵՐԻ. JAMnews

Թուրքիայի իշխանությունները փաստացի պարտվել են ընդդիմությանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, և դա շատ վտանգավոր է․ փորձագետները խոսում են երկրում դաժան դիմակայության հնարավոր մեկնարկի մասինՙ
 
Թուրքիայում վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարդացրել են երկրում քաղաքական համատեքստը։ Իշխող Զարգացում և արդարություն կուսակցությունը պարտվել է կարևորագույն ընտրատարածքներում, նախևառաջ՝ Ստամբուլում, և դա կարող է հանգեցնել ամենաանսպասելի հետևանքների, ընդհուպ մինչև դաժան դիմակայության։
 
Փորձագետները պնդում են, որ քաղաքական տեսանկյունից թուլացող կառավարությունն օրեցօր ավելի վտանգավոր է դառնում։
Հարձակում ընդդիմության առաջնորդի վրա
Ապրիլի 21-ին հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա։
 
Քըլըչդարօղլուն իր համակիրների հետ քայլելիս է եղել Անկարայում սգո թափորի շարքերում։ Հուղարկավորում էին զինծառայողի, որը զոհվել էր երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարի շրջանում թուրքական բանակի կողմից անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում։ Այդ պահին մի քանի տասնյակ մարդ ներխուժել է թափորի մեջ և հարձակվել նրա վրա։
 
Ծեծի է ենթարկվել նաև կուսակցության խորհրդարանի պատգամավոր Լևենթ Գյոքը։
 
Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները կուսակցության նախագահին դուրս են բերել ամբոխից և տեղափոխել մոտակա տներից մեկը, սակայն զայրացած ամբոխը քարեր է սկսել նետել տան ուղղությամբ։ Տունն ընդդիմադրի հետ միասին այրելու կոչեր էին հնչում։
 
Փորձագետներից շատերը կարծում են, որ հարձակումը կազմակերպել էին իշխանությունները, և դա արձագանքն է Թուրքիայում 2019թ–ի մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների՝ իշխող կուսակցության համար ձախողված ընտրություններին։
 
Քաղաքական համատեքստում կարևորն այն է, որ իշխող կուսակցությունը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ 2018թ. հունիսին կայացած նախագահական ընտրություններին նրա գլխավոր մրցակիցը հենց Հանրապետական ժողովրդական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն էր։
 
 
ՏԻՄ ընտրությունների արդյունքները
 
Թուրքիայում տեղական ընտրությունները միշտ մեծ նշանակություն են ունեցել, քանի որ ողջ երկրի տեղական ինքնակառավարման մարմիններն իրական լիազորություններ և զգալի բյուջեներ ունեն։ Դրանց դերը մի փոքր նվազել է այն բանից հետո, երբ 2017թ-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվե էր նախաձեռնել և դրա արդյունքում ստացել շատ մեծ լիազորություններ։ Այն ժամանակ սահմանադրական բարեփոխումներ էին տեղի ունեցել, որոնց արդյունքում Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից դարձավ նախագահական։
 
Սակայն, չնայած այս փոփոխություններին, բոլորը սպասում էին 2019-ի ապրիլի 21-ի ընտրություններին որպես այն բանի ցուցադրում, թե ով է իրականում Թուրքիայում այսօր առավել ուժեղ՝ իշխող կուսակցությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։
 
Թե մեկի, թե մյուսի համար հատկապես կարևոր էր ձայների մեծամասնություն հավաքել Ստամբուլում և Անկարայում։
 
Արդյունքում հաղթեց և երկրով մեկ առավել շատ տեղական ինքնակառավարման մարմիններ «գրավեց» Էրդողանի Զարգացում և արդարություն կուսակցությունը։ Սակայն միաժամանակ այս ընտրություններն իշխող կուսակցության համար վերջին տարիների ամենաձախողված ընտրություններն են։
 
 
Մի քանի թիվ, որոնք հաստատում են այս պնդումը
 
Իշխող Զարգացում և արդարություն կուսակցությունը ողջ Թուրքիայում հավաքել է ձայների 44,33 տոկոսը։ Հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ 30,12 տոկոս։
 
Մյուս կուսակցությունները միմյանց միջև կիսել են մնացած տոկոսները։
 
2014թ–ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ՝ իշխող կուսակցությունը շատ բան չի կորցրել՝ ձայների ընդամենը 1,27 տոկոսը (այն ժամանակ 45,6 տոկոս էր)։ Եվ ընդդիմադիրներն իրենց արդյունքը նույնպես շատ չեն ավելացրել՝ 2,32 տոկոսով (2014 թ–ին նրանք ստացել են 27,8  տոկոս)։
 
Սակայն այն, ինչ  իրականում տանուլ է տվել Էրդողանի կուսակցությունը, և սա շատ զգայուն հարց է, գլխավոր քաղաքների ինքնիշխանության դիրքերն են, մասնավորապես՝ Անկարայի, Ստամբուլի, Անթալիայի, Իզմիրի, Քըրշեհիրի, Բոլուի, Բիլեջիքի, Սինոպի, Արդվինի, Արդահանի, Ադանայի, Մերսինի  և Խաթայի։
 
Անկարայում իրավիճակը թերևս ամենաբարդն է։ Թուրքիայի մայրաքաղաքի մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ընդդիմության թեկնածուն։ Սակայն Անկարայի շրջանային մունիցիպալիտետներում հաղթանակ են տարել իշխող կուսակցության թեկնածուները։
 
Տեսանյութում, որը նկարահանվել է սգո թափորի վրա հարձակման պահին, երևում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմքին բռունցքով հարվածում է Զարգացում և արդարություն իշխող կուսակցության անդամ Օսման Սարըգյունը։
 
Հանուն արդարության պետք է նշել, որ իշխող կուսակցությունը միջադեպից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է կատարվածը, և հայտարարել Սարըգյունին կուսակցության շարքերից հանելու մասին։ Ձերբակալվել է նաև վեց մարդ, որոնց թվում էր նաև գլխավոր հրահրող Սարըգյունը։
 
Սակայն նրանցից հինգին ազատ են արձակել հարցաքննելուց անմիջապես հետո։ Իսկ երեք օր անց ազատ են արձակել նաև Սարըգյունին։ Հետաքննության ընթացքում  նրանք ազատության մեջ կմնան։
 
 
Ստամբուլի «ճակատամարտ»
 
Իշխող կուսակցության համար ամենամեծ հիասթափությունը Թուրքիայի խոշորագույն մեգապոլիս Ստամբուլի «կորսուստն» էր, որի քաղաքապետ է դարձել ընդդիմության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։
 
Զարգացում և արդարություն կուսակցության առաջնորդներն իրենց պարտությունը չէին ընդունում 17 օր շարունակ։ Ողջ երկրում արդեն հայտարարվել էին ընտրությունների արդյունքները, սակայն Ստամբուլում իշխող կուսակցությունը հայտարարել էր քվեաթերթիկներ կեղծելու մասին և պահանջել նոր ընտրություններ։ Այդ պահանջը չէր բավարարվել։ Սակայն Ստամբուլում  ընտրողների ձայները հաշվարկվել էին մի քանի անգամ։
 
Քաղաքը հետընտրական քաոսին բավականին ակտիվ էր արձագանքում։ Օրինակ, ապրիլի 13-ին «Բեշիկթաշ» և «Բաշաքշեհիր» թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուները պահանջում էին քաղաքապետի մանդատ տալ ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։
 
Արդյունքում նա ընտրությունների հաղթող ճանաչվեց և գլխավորեց Ստամբուլի քաղաքապետարանը։
 
Թեև մրցակցությունը շատ սուր էր, ըստ հայտարարված տվյալների, ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել էր ձայների 48,80 տոկոսն, իսկ նրա մրցակից Բինալի Յըլդըրըմն իշխող կուսակցությունից՝ 48,55 տոկոսը։
 
Ընդ որում, իշխանության կողմնակիցները շարունակում են խոսել «Ստամբուլի համար պայքարի» մասին։ Զարգացում և արդարություն կուսակցության դաշնակիցը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Ազգայնական ժողովրդական կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, հայտարարել է․
 
«Չարժե խոսել այս պատմության ավարտի մասին, ցույցերը շարունակվելու են»։
 
Գրեթե սպառնալիք հնչեց նաև ազդեցիկ քաղաքական գործիչ Նեջմեդին Էրբաքանի կողմից։ Նա Թուրքիայի վարչապետն էր 1996-1997թթ-ին և համարվում է Թուրքիայի «քաղաքական իսլամի» այսօրվա առաջատար գաղափարախոսության ստեղծողը։ Էրբաքանին նաև համարում են երկրի գործող նախագահ Էրդողանի ուսուցիչը։
 
Ստամբուլում ընդդիմության տարած հաղթանակի մասին հայտարարելուց հետո Նեջմեդին Էրբաքանն իր Թվիթերում գրել էր․
 
«Ստամբուլը պետք է կրկին գրավել»։
 
Ստամբուլի մի քանի ընտրատեղամասերում քվեների հաշվարկը դեռ շարունակվում է։ Եվ եթե այնտեղ խախտումներ հայտնաբերվեն, կարող են այդ տեղամասերում նոր ընտրություններ հայտարարել։ Սակայն փորձագետների մեծ մասն, այնուամենայնիվ, այդ հավանականությունը տեսական է համարում։
 
 
Ինչո՞ւ է Ստամբուլն այդքան կարևոր
 
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կյանքի առաջին մեծ հաջողությունը 1994թ. Ստամբուլի մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելն էր։
 
Այդ օրվանից  տեղական ինքնակառավարման մարմնի նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթում էին միայն կամ իշխող կուսակցության, կամ դրա դաշնակիցների՝ Ռիֆահ և Ֆազիլեթ կուսակցությունների թեկնածուները։ Նրանք բոլորը սատարում են «ազգային տեսլականի» գաղափարին, որը ծնվել է դեռ 1960թ.։
 
Ստացվում է, որ Ստամբուլի բնակչությունը վերջ է դրել «ազգային տեսլականի» 25-ամյա հեգեմոնիային։
 
Ի դեպ, նույն բանն է տեղի ունեցել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
 
 
Ո՞վ է Ստամբուլի նոր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն
 
Ստամբուլի նոր քաղաքապետ 49-ամյա Էքրեմ Իմամօղլուն իր քաղաքական կարիերայի մեկնարկից առաջ ընտանեկան բիզնեսով էր զբաղվում, որը ժառանգել էր հորից։
 
Նա ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ է 2009-ից։
 
2014թ-ին Իմամօղլուն Ստամբուլի թաղամասերից մեկի մունիցիպալիտետի ղեկավար էր ընտրվել։ Նրա թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար առաջադրելը անակնկալ էր փորձագետների համար, քանի որ մինչև հիմա Իմամօղլուն հեղինակավոր քաղաքական ֆիգուր չէր համարվում։
 
 
«Իշխանությունը փլուզում է հասարակությունը»
 
Sözçü թերթի տեսաբան Էմին Չյոլաշանը կարծում է, որ ընդդիմության առաջնորդի վրա հարձակումը խթանում է բնակչության սուր բևեռացում, որը կարող է առճակատման բերել։
 
Նրա կարծիքով՝ կառավարման երկար տարիներին ընթացքում Զարգացում և արդարություն իշխող կուսակցությունը հասարակության թշնամի է հայտարարել բոլոր նրանց, ովքեր իրեն չեն սատարում և, ըստ էության, զբաղվել է հասարակության հիմքերի խարխլմամբ։ Այդ պատճառով էլ Անկարայում տեղի ունեցած հարձակումը կարող է միակ միջադեպը չլինել, թուրքական հասարակությանը սպառնում են ավելի ծանր հետևանքներ, ասում է փորձագետը։
 
- Նրանք գրավել են դատարաններն ու լրատվամիջոցները, և դրանցից օգտվելով, աներևակայելի բաներ են անում,- գրել է Էմին Չյոլաշանը։