ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

100 տարի հետո գլխի են ընկել

Բայց չէ՞ որ թուրքերի այսպիսի պահվածքը նոր բան չէ: Եվրոպացիները չէի՞ն տեսնում, ի՞նչ է, թե ինչ սկզբունքների տեր մարդիկ են իրենց կողքին ապրում ու լիուլի օգտվում իրենց երկրների բարիքներից: Բումերանգը, այո, իր թռիչքի ետդարձն է սկսել, հիմա արդեն նրա հարվածի ուժն իրենց մաշկի վրա են զգում, դրա համար են սկսել իրականությանը բաց աչքով նայել:  

 

 Ինչն է ավելի շատ փչացնում մարդկանց և հասարակություններին, եթե ոչ՝ անպատժելիությունը: Գործած ոճիրների դիմաց աշխահը Թուրքիային ոչ միայն չպատժեց, այլև կարելի է ասել՝ նույնիսկ խրախուսեց: Դե, հո իրե՞նց չէին կոտորել, թալանել, հազարամյակների մշակույթը ոտնատակ արել: Կարևորը՝ իրենց չի նեղացրել: Թուրքերին այնքան գլխներին նստեցրին, հիմա արդեն այդ ծանրության տակ իրենք են կքել: 

 
Ինչպես արդեն անդրադարձել ենք՝ եվրոպացիների աչքերն ավելի շատ բացել է Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Նրանց պատկերացումով՝ Էրդողանի կողմնակից լինելն անհամատեղելի է եվրոպացի լինելու հետ: Եվ ուրեմն ովքեր Եվրոպայում ապրելով՝ ձայն են տվել Թուրքիայի «էրդողանականացման» օգտին, պետք է այնտեղից հեռանան: 
 
Այս անգամ էլ Գերմանիայի Բրուհի քաղաքի բնակիչ թուրքերը նամակներ են ստացել, որտեղ «Էրդողանին սիրող գերմանաբնակներին» կոչ են անում Եվրոպայից հեռանալ, քանի որ իրենք չեն ցանկանում նրանց հետ նույն բնակավայրում ապրել: 
 
Սա քիչ է, ապրիլի 23-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք  խմբով հարձակվել են Թուրքիայի հյուպատոսության վրա: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ դիմակավորված երկու անձ շինությունը հսկող ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ են նետել, որոնցից մեկը բռնկվել է: Տուժածներ չկան, նյութական վնաս չեն հասցրել, բայց մի լավ վախեցրած կլինեն, իհարկե: Դա էլ հո ծծկեր երեխաներին հերոսաբար սրախողխող անելը չէ… 
 
Զարմանալի չի լինի, իհարկե, եթե այս ամենի մեջ թուրքերն սկսեն հայկական հետք որոնել ու անպայման «գտնեն»: Սուտ ասելն էլ հո փողով չէ: Այն օրից, ինչ որոշեցին տիրել հայերի հայրենիքին ու իրենց բոլոր չունեցածները նրանից խլել բիրտ ուժով և ահավոր կեղծավորությամբ, հայը իրենց մղձավանջը դարձավ: Իսկ զոհերի հիշատակի ոգեկոչման այս օրերին ընդհանրապես հանգիստ չունեն, պետք է ահագնացած ուժով ժխտեն, խոսողներին պատժեն, ցեղասպանությունը ճանաչող նորանոր երկրներին դիվանագիտական պատերազմ հայտարարեն, սպառնան ու հոխորտան…