Վրաստանի նախագահ․ «Մենք ամերիկյան ռազմաբազա չենք ուզում»

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. JAMNEWS

Սալոմե Զուրաբիշվիլիի՝ երկու օրում երկրորդ քաղաքական սկանդալը։ Իշխող կուսակցությունը հիշեցրել է, որ նա կապ չունի «Վրացական երազանքի» հետ:
 
Վրաստանի նախագահը հայտարարում է, որ նա դեմ է Վրաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելուն, քանի որ դա «կընկալվի որպես սադրանք»։
 
ԱՄՆ նախագահի թվիթի հետ կապված սկանդալի երկրորդ օրը Սալոմե Զուրաբիշվիլին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել և դարձել ընդդիմության խիստ քննադատության առարկա։ Ընդդիմադիրները կառավարությունից բացատրություն են պահանջում։
 
 
Ի՞նչ է ասել Զուրաբիշվիլին
 
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչ է նա մտածում Վրաստանում ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր բացման մասին։
 
- Չեմ կարծում, որ արժե նման բան անել։ Պետք չէ քայլեր կատարել, որոնք կարող են որպես սադրանք ընկալվել։
 
Ես նաև չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ են Վրաստանում ռազմաբազա ունենալ։ Դա կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլև ահաբեկչական խմբավորումների ուշադրությունը, որոնք շատ ակտիվ են մեր տարածաշրջանում։
 
Մենք պետք է խորացնենք և ընդլայնենք համագործակցությունն արդեն հաստատված հարաբերությունների հիման վրա և չձեռնարկենք քայլեր, որոնք կարող են ուրիշների [անհարկի] արձագանքը սադրել,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
 
Իշխանության ներկայացուցիչների արձագանքը
 
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին զարմանում է, թե ինչու է ընդհանրապես խոսք գնացել Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի մասին։
 
- Որքան ես գիտեմ, այդ թեմայի ոչ մի քննարկում չի գնում։ Ամերիկյան բազաների հարցն ընդհանրապես չկա Վրաստանի օրակարգում, և ես չեմ կարծում, որ պետք է այս հարցի շուրջ մեծ քննարկում կազմակերպել։
 
Սակայն ԱՄՆ հետ ցանկացած ռազմական համագործակցություն մեր երկրի համար առաջնահերթություն է։ Այդ երկիրը մեր գլխավոր գործընկերն ու դաշնակիցն է,- հայտարարել է Չուգոշվիլին։
 
Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ենթադրել է, որ վերջնական արդյունքում նախագահը դեմ չի լինի ամերիկյան ռազմաբազային։
 
- Նախագահը կարող է իր կարծիքն ունենալ, սակայն չեմ կարծում, որ երկարաժամկետ հեռանկարում Սալոմե Զուրաբիշվիլին նույն դիրքորոշմանը մնա։ Հավանաբար, նա նկատի է ունեցել այնպիսի հարցերի հիմնարար նախապատրաստումն, ինչպիսին է բազայի կառուցումը կամ ՆԱՏՕ-ին անդամակցումը։ Լրացուցիչ հարցերը պետք է նրան ուղղեք, – ասել է Վոլսկին։
 
Ավելի ուշ իշխող կուսակցության անունից հայտարարություն է արել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նա ասել է, որ Զուրաբիշվիլին չի արտահայտում իշխող կուսակցության և, բնականաբար, կառավարության կամքը։
 
- Սալոմե Զուրաբիշվիլին մեր կուսակցության անդամ չէ, և ոչ մի կապ չունի «Վրացական երազանքի» հետ։ Նա անկախ թեկնածու էր (2018թ-ի նախագահական ընտրություններին), և մենք որոշեինք նրան աջակցել․․․ Այսպիսով, ես խնդրում եմ նրան չնույնացնել կուսակցության հետ,- հայտարարել է Կալաձեն։
 
Ընդդիմություն
 
- Արտգործնախարարությունը պետք է անհապաղ հաստատի, որ հայտարարությունն այն մասին, թե իբր մենք ամերիկյան ռազմաբազա չենք ուզում, պետական դիրքորոշում է կամ պետք է հերքի դա,- Զուրաբիշվիլիի դիրքորոշումը մեկնաբանելով՝ հայտարարել է «Ազգային շարժման» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն։
 
Նրա խոսքով՝ նոր սահմանադրության համաձայն Վրաստանի նախագահն արտաքին քաղաքականությունն անկախ որոշելու իրավունք չունի, և այդ հարցը պահանջում է համաձայնեցում կառավարության հետ։
 
- Եթե նա այդպես շարունակի, ամեն ինչ կավարտվի իմպիչմենտով,-հայտարարել է Գոցիրիձեն։
 
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դավիթ Բակրաձեի խոսքով՝ հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլիի հնչեցրած ուղերձները ձեռնտու են միայն Ռուսաստանին։
 
- Դա հենց այն հայտարարությունն է, որն ուղղակիորեն ձեռնտու է Ռուսաստանին։ Նշանակում է, որ Վրաստանը չպետք է անվտանգության արևմտյան համակարգի մա՞ս կազմի և պետք է միայնակ մնա ռուսական օկուպացիոն բանակի դե՞մ։
 
Տիկին Զուրաբիշվիլիի դիրքորոշումն ուղղակիորեն տարբերվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ապագա պարտավորություններից և ուղղակիորեն հակասում է անվտանգության արևմտյան համակարգի մաս կազմելու Վրաստանի նկրտումներին։
 
Ես Վրաստանի իշխանությունից պաշտոնական բացատրություններ եմ պահանջում այս հարցի վերաբերյալ,- հայտարարել է Դավիթ Բակրաձեն։
 
ԱՄՆ հետ Վրաստանի ռազմական համագործակցությունը
Պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը սկսվել է 2002թ-ին, երբ ԱՄՆ-ն սկսել է ֆինանսավորել Վրաստանի Զինված ուժերի պատրաստվածությունն ու զինումը։
 
Վրաստանը ռազմական կոնտինգենտ է ուղարկել Իրաքում ԱՄՆ առաքելության և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում։
 
Պաշտպանության ոլորտում համագործակցության խորացում է նախատեսում Ռազմավարական գործընկերության խարտիան, որը ստորագրվել է 2009 թ-ին։ ԱՄՆ-ն Վրաստանին օգնում է ռազմական մասանգետների նախապատրաստմանը և պաշտպանական ուժերի վերակազմավորմանը։
 
2017թ-ին Վաշինգտոնն աննախադեպ որոշում կայացրեց Վրաստանի ժամանակակից ամերիկյան զենք՝ Ջավելին համակարգի հակատանկային համալիրներ մատակարարելու մասին։
 
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին պարբերաբար մասնակցում է Վրաստանի տարածքում կազմակերպվող համատեղ զորավարժություններին։
 
Մինչ այս Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև որևէ բանակցություն կամ քննարկում Վրաստանում ԱՄՆ ռազմական ուժերի մշտական տեղակայման մասին չէր եղել։