ԻՐԵՆՑ ՎԱԽԻՑ ԵՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ

Ժխտողականությունը որպես հարթ ուղեղների որոճանք

Լավ, աշխարհում մի բարի երկիր չկա՝ Ադրբեջանի վախը չափի: Հայի անունը լսելիս այնպես է վախենում, տեղնուտեղը այդ անունը տվող ձայնը մարում է:
 
Պարզվում է՝ ռուսական «ТНТ» և «ТНТ 4» հեռուստաալիքները առանց Ադրբեջանից թույլտվություն վերցնելու, առանց նրա վախերը հաշվի առնելու՝ Հայոց ցեղասանության մասին տեսանյութեր են հեռարձակել: Զգոնության չափանիշ Ադրբեջանն էլ իսկույն վերցրել ու այդ հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցրել է: Գուցե այնտեղ մտածել են՝ հանկարծ ու մեկնումեկը հավատա, թե մարդասեր, մշակութաստեղծ թուրքը իրոք մարդ է սպանել, գազանություններ արել… 
 
Հեռարձակումը դադարեցվել է ինչև ապրիլի 25-ը: Մասնավորապես այդպես են վարվել որոշ կաբելային հեռուստատեսություններ, այդ թվում՝ Բաքվում ամենամեծ տարածումն ունեցող « KATV 1»-ը: Ադրբեջանի սրտի նուրբ լարերն անտեսած ռուսական հեռուստաալիքների փոխարեն այսօրերին հեռարձակվում են սրտակից թուրքական ալիքները:
 
Մի բան է անհասկանալի՝ ադրբեջանցիները չգիտե՞ն, ի՞նչ է, որ վերը նշված ռուսական հեռուստաալիքները մտնում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսություն» խմբի մեջ, իսկ դրա գլխավոր տնօրենը հայկական անուն ազգանուն է կրում՝ Արթուր Ջանիբեկյան: Այդ ինչպե՞ս է եղել, որ ընդհանրապես այդ ալիքներն իրենց հեռուստադիտողին հասանելի են: 
 
Ի՞նչ է մնում Ադրբեջանին, եթե ոչ՝ մինչև ապրիլի 25-ը իր հասարակության ականջները տանի Խոջալուի մասին հնարովի պատմություններով, որպեսզի իրայիններին համոզի, թե ցեղասպանը մենք ենք, ոչ թե իրենք կամ իրենց մեծ եղբայր Թուրքիան: 
Սրան հակառակ՝ թուրք գիտնական Թաներ Աքչամը զբաղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր հավաքելով՝ այդպիսով բացահայտելով կորած ապացույցները: 
 
«Նյու Յորք թայմս»-ն է սրան անդրադարձել՝ թուրք պատմաբանին բնորոշելով որպես Հայոց ցեղասպանության Շեռլոկ Հոլմս: Նշելով, որ հայերի կոտորածների կազմակերպման մեջ իր դերակատարությունը Թուրքիան մերժում է՝ դա հիմնավորելով նրանով, թե դատավարությունների ժամանակ քննարկված փաստաթղթերի բնօրինակները չկան, պարբերականը տեղեկացնում է, որ Քլարքի համալսարանի թուրք պատմաբան Թաներ Աքչամը փաստաթղթեր է հավաքում, որոնք հաստատում են պետությունը մեղավորությունը: Աքչամն ինքը իր գործունեությունը բացատրում է այսպես. 
 
- Որպես թուրք՝ ես խորապես համոզված եմ, որ Թուրքիայում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարող են հաստատվել միայն պատմությանն առերեսվելով և պատմական մեղքերը ճանաչելով:
 
«Էրդողանյան» դարաշրջան թևակոխած Թուրքիան, իհարկե, իր կրտսեր եղբայր Ադրբեջանից հետ չի մնում, իսկ «պատմությանն առերեսվելու և պատմական մեղքերը ճանաչելու» ոչ մի ազդակ դեռևս չի նշմարվում: Ուղղորդված գաղափարախոսությունները կարողանում են հազարավորների, միլիոնավորների ուղեղները լվանալ ու ցանկացած սուտ «սաղացնել»: Բայց միշտ էլ նրանց մեջ գտնվում են պայծառ ուղեղներ, որոնք կարողանում են ամբոխից վեր կանգնել և քարոզչությունից անդին ճշմարտությունը նշմարել: Թուրքիայի հասարակության մեջ այդպիսի փոփոխությունն արդեն անզեն աչքով էլ է նկատվում, թեև դրա համար շատ երկար ժամանակ է պահանջվել, իսկ ճնշումները երբեք չեն դադարել: 
 
Ադրբեջանում դեռևս նման խմորումներ չեն երևում: Ծանծաղ ուղեղների մեջ թարմ մտքերը մեծագույն դժվարությամբ են սողոսկում: 
 
Իսկ առայժմ թուրքադրբեջանական տանդեմը սերտ միասնություն է ցուցաբերում դեռևս սոսկ փակ դիտումներում 3000 հոգու կողմից դիտված «Խոստում» ֆիլմին 80 հազար  բացասական գնահատական դնելով: Ինչը և ապացուցում է, որ իրենց միակ զենքը սուտն է ու ժխտողականությունը