Պատմության հետ առերեսվելու ժամանակը

ՄԱԿ-Ը ՀԱՐՑԵՐ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ 1915-1923ԹԹ. ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

Ermenihaber.am-ին  հայտնի դարձավ, որ ս.թ. մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ:
 
Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները համատեղ հարցադրում են ներկայացրել և միջնորդել են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման մասին:
 
Փաստաթղթում տեղ են գտել մասնավորապես հետևյալ հարցադրումները.
 
1. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
 
2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
 
3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:
 
4. Տեղեկատվություն տրամադրել 2017-ին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
 
5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին հայտարարություններ անող անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:
 
Ի դեպ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիային տրվում է 60 օր ժամանակ վերոնշյալ հարցադրումներին պատասխանելու համար: ՀԲԸՄ-ի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ շրջանառվում է այն տեղեկությունը, որ թուրքական կառավարությունը մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝  ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:
 
Իրավիճակը հստակեցնելու նպատակով Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել թե թուրքական կողմին և թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել վերոնշյալ հարցադրումներին Թուրքիայի կառավարության ցուցաբերած արձագանքի մասին: