ԵԱՀԿ-ում հայկական առավելությունները թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի ուղղություններով

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։

Եզրաբանությունը  բնականաբար միակողմանի էր և համահունչ չէր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին ու ասելաձևերին։

ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը նկատի պետք է ունենար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձևակերպելիս և որևէ կերպ հակասություն չպետք է ստեղծեր միևնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել էր միջնորդական առաքելություն իրականացնելու։ Խոսքը  վերաբերում է իռլանդիացի զեկուցողի կողմից օգտագործված «ադրբեջանական 7 տարածքներ» ձևակերպմանը։

Միակողմանի մոտեցում ներառած զեկույցը բնականաբար չեր կարող բանակցությունների հիմք ծառայել։ Գերակա պիտի նկատվեին համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Համանախագահների վերջին իրարահաջորդ հրապարակումները նման եզրույթներ չէին օգտագործել։

Իհարկե, ադրբեջանական կողմը աշխատել էր իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցները իրազեկ են այն մեթոդաբանությունը, որ Բաքուն կիրառում էր հերթական անգամ բանաձևեր որսալու։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման բանաձևի նախագիծը համարում էր հավասարակշված, խոսում է արդեն ադրբեջանական ծանոթ միջոցների կիրառման մասին։

Բանաձևի նախագծում փոփոխություն ներառելու թիրախային աշխատանքը արդյունավորվել է։ Հայկական կողմի բազմաուղղությամբ աշխատանքը հանգել է հակահայկական ձևակերպումների դուրսբերման. հիմնավորումը պարզ է․ԵԱՀԿ-ի առնչված որևէ բանաձև չի  կարող խախտել համանախագահների ստեղծած միջնորդական հավասարակշռությունը։ Մանավանդ, որ ամբողջ բանակցային գործընթացը շարունակում է ընթանալ Հելսինկյան սկզբունքների հիման վրա` որոնք բացառում են ուժի կիրառումը, հարգում են իրավահավասարությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։
Չմոռանանք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի անդամ է 57 երկիր, որոնք ունեն 350 պատգամավոր. Հետևաբար բազմաթիվ ուղղություններով աշխատանքը հանգել է արդյունքի, և ԵԱՀԿ-ն փաստորեն մերժել է ինքնահակասական ընթացքը։

Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով կարող է  որոշ լույս սփռել զեկուցաբերի գործելաոճի վրա։ 2013-ին Ալան Ֆարելը սոցիալական ցանցերով անհարմար գրառում էր կատարել մի երգչի  մասին և ապա իր կայքով ներողություն խնդրել։

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում` զուգահեռ զեկուցումից հակահայկական ձևակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունում էր Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից Ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Հայկական կողմը առավելություններ է արձանգրում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի ուղղությամբ։
 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր