Հունաստանի հավատարմագիրն ու Բաքվի սպառնալիքը

Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ջղաձգային արձագանքին:
 
Քաղաքական ընկալումով գուցե օրինաչափ կլիներ Անկարայի արձագանքը․ ի վերջո Երևանը զորակցում էր Հունաստանին և Կիպրոսին՝ երկու պետությունների ուղղությամբ Թուրքիայի ոտնձգությունների դեմ։ Բայց արդեն պարզ է, որ նման յուրաքանչյուր հայտարարության, այսուհետև միանալու է ածանցյալ Բաքվի հակազդեցությունը։ Սակայն Բաքուն սրանով չէր բավարարվելու։
 
Հունաստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը Հայաստանին անվանել է «բռնազավթող երկիր» և պնդել, որ Երևանը անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա ասել է, որ երկու տարի առաջ Եվրամիությունն ու Ադրբեջանը ստորագրել են «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և Եվրամիությունը պարտավորվում է աջակցել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանության և անվտանգության պահպանմանը:  
 
Ադրբեջանի նախագահը նաև կրկնել է իր պնդումը՝ Տավուշի մարզում Բաքվի և Երևանի վերջին բախումներից հետո Ռուսաստանի կողմից  բեռնատար ռուսական ինքնաթիռներով Հայաստանին զենք  մատակարարելու հարցը և հավելել է. «Ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգիչ է մեզ համար: Սա մեծ սպառնալիք է Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանն օգտագործում է այդ զենքը մեր ռազմական և քաղաքացիական ուժերը սպանելու համար»։ 
 
Լրատվության բովանդակությունն ավելի շատ խոսում է երկու երկրների միջև ծագած դիվանագիտական տագնապի, քան հավատարմագիր ընդունելու արարողարակարգային հանդիպման մասին։ Հավատարմագրեր ընդունելիս երկրի ղեկավարները սովորաբար խոսում են երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը սերտացնելու, հարաբերությունները զարգացնելու հեռանկարներին մասին։  
 
Այստեղ կարգը գլխիվայր շրջվել է։ Այն տպավորությունն է ստացվում, որ նորանշանակ դեսպանը կանչվել է համապատասխան գերատեսչություն բացատրություն տալու քաղաքական այնպիսի գործընթացների մասին, ինչը խոցել է Ադրբեջանի արժանապատվությունը։ 
 
Ավելին․  դիվանագիտականորեն որքանո՞վ է ընկալելի, որ հավատարմագիր ընդունող  կողմը սուր ակնարկներ անի երրորդ և չորրորդ պետությունների ուղղությամբ։ Այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետությունն է մեղադրվում իբրև «բռնազավթող» կողմ, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ իբրև բռնազավթողին զինտեխնիկայով սպառազինող և ադրբեջանցիներին միջնորդավորված «սպանող» կողմ։  
 
Ավելին․ այստեղ կա չբարձրաձայնվող պարզ ուղերձ։ Ռուսաստանի օրինակը հուշելով՝ Բաքուն զգուշացնում է Աթենքին, որ Հայաստանի Հանրապետության հետ ցանկացած երկրի ռազմական գործակցությունը մտահոգիչ է Բաքվի համար և սպառնալիք։  
 
Ավելի պարզ՝ Հունաստանը սպառնալիք է Ադրբեջանի համար․ սա է ասում Ալիևը՝ իրեն հավատարմագիր հանձնելու եկած Հունաստանի դեսպանին։ 
 
Իսրայելը զինում է Ադրբեջանին։ Ապրիլյան պատերազմին իսրայելյան ԱԹՍ-երը խփեցին հայ անզեն բնակչությանը, սակայն Իսրայելի դեսպանի հավատարմագիր հանձնելու արարողակարգին չհնչեցին նման մեղադրանքներ։ Երևանը հարգեց միջազգային օրինաչափություններն ու արարողակարգային ընթացակարգերը։ Պատեհ առիթով պաշտոնական Երևանը արձագանքեց այդ փաստին՝ մատնանշելով իսրայելյան ռազմական օժանդակության անընդունելիությունը։ 
 
Միջազգային ընտանիքը անպայման կնկատի այս տարբերությունները։ Այլ հարց է՝ կարձագանգի՞, թե՞ ոչ։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր