Եվրոպական դատարանի նախագահը ստանում է Ստամբուլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոն անցյալ շաբաթ Թուրքիայի արդարադատության նախարարի հրավերով այցելեց Թուրքիա: Սպանոն հանդիպեց նաև նախագահ Էրդողանի հետ և դասախոսություն կարդաց Թուրքիայի արդարադատության ակադեմիայում:
 
Չնայած ՄԻԵԴ-ի նախագահն իրավունք ունի այցելել յուրաքանչյուր երկիր, ուր ինքը ցանկանում է, սակայն խիստ անտեղի է, որ նա ընդունում է Ստամբուլի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտորի կոչումը: Մի քանի հայտնի թուրք իրավապաշտպաններ ծավալուն հոդվածներ գրեցին, որոնցով քննադատեցին Սպանոյին՝ իր այցի և պատվավոր դոկտորի կոչումն ստանալու համար:
 
Թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենը հայտարարեց, որ Սպանոն «պիտանի չէ ՄԻԵԴ-ը նախագահելու համար»: Քաղաքագետ, ակադեմիկոս Չենգիզ Աքթարը Սպանոյի այցը համարեց «սկանդալային» և հորդորեց նրան հրաժարական տալ: Արտաքսված թուրք լրագրող Ջան Դունդարը գրեց, որ Սպանոն «երեք օրում ոչնչացրեց ՄԻԵԴ-ի 30-ամյա հեղինակությունը»: «Ահվալ նյուզը» մեջբերեց հայտնի թուրքերի մի քանի այլ քննադատական մեկնաբանություններ` Թուրքիա կատարած Սպանոյի անհաջող այցի կապակցությամբ:
 
Այդ քննադատներից մեկը՝ Մեհմեթ Ալթանը, Ստամբուլի համալսարանի այն 192 դասախոսների թվում է, որոնք աշխատանքից հեռացվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրդմամբ: Գյուլենի արգելված կրոնական խմբին իր գոյություն չունեցող անդամության համար բանտարկված Ալթանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ Ստամբուլի համալսարանի՝ իր աշխատանքից հեռացումը չեղյալ հայտարարելու համար։ Էրդողանը նաև աշխատանքից հեռացրեց ավելի քան 150 000 պետական ծառայողների և հետաքննություն անցկացրեց Թուրքիայի մոտ 600 000 քաղաքացիների նկատմամբ, որոնցից 100 000-ը ձերբակալվեց իսլամիստական գյուլենական շարժմանը պատկանելու կեղծ պատրվակով, որը մեղադրվում էր 2016-ին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Թուրքական «Ահվալ նյուզ» կայքը 2020 թ. օգոստոսի 31-ին տեղադրեց՝ «ՄԻԵԴ-ի ղեկավարը կարող է Ստամբուլի համալսարանից ստանալ վիճահարույց պատվավոր դոկտորի կոչում» վերնագրով հոդվածը։
 
«Ահվալը» հայտնեց, որ Ալթանը Սպանոյին ուղղված և թուրքական լրագրողական P24 հարթակի կայքում հրապարակված բաց նամակում հորդորել է նրան չընդունել թուրքական հրավերը:
 
- Ես չգիտեմ, թե որքան հպարտություն կա մի համալսարանի պատվավոր անդամ լինելու մեջ, որը դատապարտում է հարյուրավոր դասախոսների գործազրկության և աղքատության՝ նրանց անարդարացիորեն հեռացնելով դպրոցից,- գրել է Ալթանը:
 
Ալթանն ասաց Սպանոյին․ «Համալսարանը, որտեղից Դուք դոկտորի կոչում կստանաք, ներառված է որպես «պատասխանող հաստատություն» ինձ նման դասախոսների դատավարության մեջ, որոնք հեռացվել են հրամանագրով․․․․ Այս գործերը դեռ ընթացքի մեջ են, և հավանական է՝ դրանք կհասնեն ՄԻԵԴ, որը Դուք նախագահում եք»։
 
Ալթանը շարունակեց. «2018-ի մարտին ՄԻԵԴ-ի երկրորդ բաժինը, Ձեր նախագահությամբ, ստեղծեց նախադեպ համընդհանուր օրենքում և որոշեց, որ խախտվել է իմ անձնական ազատության և անվտանգության, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքիան մեղավոր ճանաչվեց․․․․ Էրգին Էրգուլը, որը Թուրքիայի կողմից նշանակվել էր այդ գործով, միակ դատավորն էր, որ անհամաձայնություն հայտնեց և այնպիսի փաստարկներ առաջ քաշեց, որ Դուք գրեցիք «դեմ քվեարկություն» ընդդեմ դեմ քվեարկության, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ՄԻԵԴ-ի պատմության մեջ։ Եվ մյուս անդամները հետևեցին Ձեզ»:
 
«Ահվալը» հայտնեց, որ ՄԻԵԴ-ում ավելի քան 60 000 անհատական բողոքներ են եղել՝ կապված Թուրքիայում իրավունքների և ազատությունների խախտումների հետ:
 
Յավուզ Այդինը, որը նույնպես 4500 դատավորների և դատախազների հետ միասին հեռացվել էր աշխատանքից, հոդված գրեց՝ «ՄԻԵԴ-ի նախագահին պատվո փորձություն է սպասվում Թուրքիայում» վերնագրով, որը 2020 թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակվեց «Ահվալ»-ում։ Այդինը գրեց. «Նախագահ Սպանոն անկասկած տեղյակ է Թուրքիայում օրենքի գերակայության վատթարացման մասին։ Որպես պատվավոր մարդ, որը տարիներ շարունակ որոշումներ է կայացրել Թուրքիայի հետ կապված գործերով, նրա այցի նպատակը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան բացեիբաց ու համարձակորեն բղավել փաստերի մասին պետական մարմինների դեմքին»։
 
Այդինը շարունակեց. «ՄԻԵԴ-ի նախագահը շատ լավ գիտի, որ 2017 թ․ սահմանադրական փոփոխությունից ի վեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում կառավարությունը վերածել է մեկ մարդու կառավարման: Ինչպես Վենետիկի հանձնաժողովն է բացահայտ քննադատության ենթարկել, Սպանոն գիտի, որ Թուրքիայում այլևս գոյություն չունի իշխանությունների և անկախ դատական համակարգի տարանջատում։ Բացի այդ, նա չի կարող տեղյակ չլինել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 2156 (2017 թ.) բանաձևի մասին, որով, Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան իջեցվեց հսկողության կարգավիճակի տակ գտնվող երկրների խմբի։ Այս որոշումը նշանակում է, որ Թուրքիան այլևս չի համապատասխանում Կոպենհագենի հայտնի չափանիշներին, և, հետևաբար, չի կարող իրավասու համարվել ԵՄ [Եվրամիության] հետ անդամակցության համար բանակցություններում»:
 
Այնուհետև Այդինը մի շարք առաջարկություններ արեց, որոնց նա հուսով էր, որ Սպանոն կհետևեր Թուրքիա կատարած իր այցի ժամանակ․
 
- Կոչ անել Էրդողանին վերադառնալ դեպի ժողովրդավարություն և վերականգնել օրենքի գերակայությունը երկրում:
 
- Թուրք ղեկավարներին հիշեցնել Եվրոպական դատական խորհուրդների ցանցում Թուրքիայի դատավորների և դատախազների խորհրդին դիտորդի կարգավիճակից զրկելու որոշման մասին: Նա նաև պետք է հիշեցնի Թուրքիայի դատական ակադեմիայի [ԹԴԱ] թեկնածու դատավորներին, թե ինչու է Եվրոպական դատական ուսուցման ցանցը 2016-ին ԹԴԱ-ին հեռացրել դիտորդի անդամության կարգավիճակից:
 
- Ասել նրանց, որ գործող դատավորները և հեղաշրջման փորձից հետո նշանակված 10 000 նոր դատավորները հաճախ կողմնակալ քաղաքական վերաբերմունք ունեն օրենքը կիրառելիս և կոչ անել անտեսել Պալատի, Սահմանադրական դատարանի և այլ բարձր ատյանի դատարանների քաղաքական ճնշումը:
 
- Հիշեցնել նրանց, որ պատմության մեջ առաջին անգամ վճռվել է, որ Թուրքիան  խախտել է Մարդու իրավունքների եվրոպական  համաձայնության 18-րդ հոդվածը:
 
- Ասել Թուրքիայի ղեկավարներին, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն մեկուսարանում գտնվող հարյուրավոր դատավորների և վերականգնեն պաշտոնում նրանց ազատված բոլոր 4000 գործընկերներին։
 
Այդինը Սպանոյին հորդորեց «հրաժարվել պատվավոր դոկտորի կոչումից նույնիսկ նախքան թուրքական հող ոտք դնելը՝ հզոր ուղերձ փոխանցելով բոլոր կողմերին նախքան նրանց հետ անձամբ հանդիպելը: Հակառակ դեպքում, Սպանոյի այցի միջոցով դրսևորված բարի կամքը ոչ միայն վատնվելու է, այլ ծառայելու է որպես հաղթաթուղթ կառավարության և Էրդողանի համար, որն այդ ժեստը կօգտագործի որպես իր տիրապետության տակ գտնվող երկրում տեղի ունեցող ապօրինությունների գնահատման և օրինականացման նշան»։
 
Ցավոք, Սպանոն անտեսեց թուրք իրավապաշտպանների տված բոլոր բարի խորհուրդները և այդպիսով խաթարեց ինչպես իր, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հեղինակությունը:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի