Ինչո՞ւ են Ադրբեջանում ուշադիր հետևում հայկական լրատվամիջոցներին

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից շատերը, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ, բաժանորդագրված են գոնե մեկ հայկական առցանց ռեսուրսի։ Սովորաբար, դրանք ռուսալեզու աղբյուրներ են, որոնց բովանդակությունը լեզվական առումով հասանելի է ադրբեջանցիներին։ Ո՞րն է հարևան, բայց ոչ ամենաբարեկամական երկրի ԶԼՄ-ների նկատմամբ նման ուշադրության պատճառը։ Այս հարցին պատասխանել են փորձագետներն ու օգտատերերը։
 
Թուրքիայից ու Ռուսաստանից հետո Ադրբեջանի տեղեկատվական տարածքում երրորդ ամենաազդեցիկ խաղացողը Հայաստանն է, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին։
 
- Եթե չլինեն հայկական լրատվամիջոցների նորությունները, Հայաստանի պաշտոնյաների և ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները, մենք պատկերացում չենք ունենա, թե ինչ է կատարվում սահմանին։ Մասնակիորեն այս բացը լրացնում են ռուսական մեդիան ու ՌԴ պաշտոնական շրջանակները,- ընդգծում է նա։
 
Նման իրավիճակի պատճառը Ջաֆարլին համարում է Ադրբեջանի իշխանության տեղեկատվական քաղաքականությունը․
 
- Ադրբեջանի իշխանության տեղեկատվական քաղաքականությունը երբեք նպատակ չի ունեցել իրազեկել բնակչությանը։ Դրա գլխավոր նպատակը երկրի տեղեկատվական դաշտն ու տեղեկատվական հոսքերը ներքին (ընդդիմադիրների) միջամտությունից պաշտպանելն է, այդտեղ «ստերիլ» միջավայր ստեղծելը։ Այս քաղաքականությունը, որը գոյություն ուներ դեռևս ավանդական մեդիայի հեգեմոնիայի ժամանակահատվածում, շարունակվում է մինչ օրս։
 
Քաղաքագետը հավելել է, որ իշխանության այս քաղաքականության նպատակն իր պատկերացմամբ ոչ նպատակահարմար և վնասակար նորություններով տեղեկատվական դաշտը ողողելուն, ինչպես նաև երկրի ղեկավարության դեմ հանրային կարծիքի ձևավորմանը խանգարելն է։
 
Քաղաքագետի գրառումը մեծ քննարկում է առաջացրել սոցցանցում։ Օգտատերերից շատերն, ընդհանուր առմամբ, համաձայնել են Ջաֆարլիի դիրքորոշմանն ու պատկերը համալրել իրենց մեկնաբանություններով։
 
- Հատկապես՝ պատերազմից հետո։ Ներկա պահին հետևում եմ բազմաթիվ հայկական էջերի Twitter-ում և Facebook-ում՝ հակամարտության մասին տեղեկություններ ստանալու համար։ Օգտվում եմ առցանց թարգմանչից, այդ թարգմանությունը դժվար չէ հասկանալ,- գրում է Թուրալ Ռզալի օգտատերը։
 
- Միշտ է այդպես եղել։ Միայն այն փաստը, որ Ադրբեջանում արժեզրկման մասին մենք իմացել ենք Financial Times պարբերականից, մեծ ուշադրության է արժանի,- հավելել է Շահլա Ալիգուլիևան։
 
- Միանգամայն ճիշտ է։ Իշխանությունը տեղեկություններ չի տալիս, միայն քարոզում է,- ընդգծել է նախկին քաղբանտարկյալ Թոֆիկ Յագուբլուն։
 
JAMnews, Բաքու