«ՌԴ-ն ձևացնում է, թե մրցավար է»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգության ոչ մի մեխանիզմ չկա,- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրեվիչիուսը։
 
Պատգամավորները քննարկել են անվտանգային հարցեր, կարևորել հայ ռազմագերիների վերադարձն ու ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումն Ադրբեջանին։
 
 
«Արցախի վրա ինչ-որ հովանոցի ստվեր տեսանելի է»․
փորձագետները Սոչիի հայտարարության մասին
 
«Ինձ այնպես է թվում, թե սա նման է ֆուտբոլի խաղի, սակայն մրցավարը պարբերաբար մի կողմից անցնում է մյուսի կողմը։ Եվ այդ մրցավարը հստակ անուն ունի՝ Ռուսաստան։ Նա ձևացնում է, թե մրցավար է, սակայն մրցավար չէ։ Դա կախված է խաղի փուլից»,- հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրեվիչիուսը։
 
Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին անվտանգության ոչ մի մեխանիզմ չկա, սակայն դա անհրաժեշտություն է։
 
Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Սանչես Ամորը հայ-ադրբեջանական բանակցություններում տարբեր դերակատարների վերաբերյալ հարց է բարձրացրել`
 
«Արդյո՞ք ընդունում ենք Ռուսաստանին որպես միջնորդ, թե՞ ոչ։ Ուզո՞ւմ ենք նրա հետ միասին միջնորդ լինել։ Ուզո՞ւմ ենք ընդունել այն փաստը, որ ՌԴ-ն միակ միջնորդն է ու համաձայնագրի [եռակողմ հայտարարության] միակ պահապանը»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ խորհրդարանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։
 
Սանչես Ամորի համոզմամբ՝ կարիք կա վերադասավորելու Մինսկի խումբը։ Ե՞րբ և ինչպե՞ս՝ պատգամավորը չի մանրամասնել։
 
Ընդգծում է՝  հայկական կողմը Ադրբեջանին պետք է փոխանցի ականապատ դաշտերի քարտեզները․ «Իհարկե մենք պետք է օգնենք նաև լուծել գերիների խնդիրը»։
 
Նախկին լրագրող, պատգամավոր Բերնարդ Գետտան ուշադրություն է հրավիրել ինչպես ռազմագերիների, այնպես էլ ականապատ դաշտերի խնդրի վրա՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է կենտրոնանա հենց այս խնդիրների վրա։
 
«Դա մեզ հնարավորություն կտա խնդրել Ադրբեջանին ու Հայաստանին՝ անել ինչ-որ բան: Այդպիսով մենք կարող ենք ազնիվ միջնորդի իրական դեր ստանձնել»,- հայտարարել է պատգամավորը։
 
Գետտան հիշեցրել է, որ հակամարտության արմատները գալիս են դեռևս ԽՍՀՄ տարիներից։
 
Ըստ պատգամավորի՝ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն բանակցությունների սեղանին դնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Նախիջևանի հարցը։
 
 
ԵՄ գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգային ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է․
 
«Թեև Ադրբեջանն ասում է, որ հակամարտությունը լուծված է, սակայն վերջին բախումները [նոյեմբերի 16-ի տեղային մարտերը] հակառակն են ցույց տալիս»։
 
Դևինն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են տեղի ունեցել ոչ թե հակամարտության գոտում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։
 
«Նոյեմբերի 17-ից հետո իրավիճակը կայունացել է այն իմաստով, որ կրակոցներ ու զոհեր չկան, բայց իրադրությունը շարունակում է մնալ լարված»,- ասել է Դևինը։
 
ԵՄ գործադիր տնօրենի տեղակալի խոսքով՝ անվտանգ, կայուն ու բարգավաճող Հարավային Կովկասը կարևոր է ԵՄ-ի համար, քանի որ տարածաշրջանում Արևելյան գործընկերության անդամ երեք երկիր կա։
 
Լյուկ Դևինը վստահեցրել է՝ պատրաստ են աջակցել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը․
 
«Մեր կողմից կա պատրաստակամություն, բայց ակնհայտ է, որ իրադրությունը զինվորականների և նրանց ձեռքում է, ովքեր «ներկայություն ունեն գետնի վրա»։ Այս փուլում դա միայն Ռուսաստանն է»։
 
JAMnews