«Իսկանդերներ» ու Կիևի օկուպացիա

Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ
 
Արդեն մեկ ամիս է՝ արևմտյան մամուլն անընդհատ գրում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա բացահայտ և լայնամասշտաբ ներխուժման սպառնալիքի մասին։ Պաշտոնական Կիևն ուշացմամբ, բայց հաստատել է գործընկերների մտավախությունները․ ռուսական ագրեսիայի նոր ալիքը կարող է սկսվել արդեն այս ձմռանը։ Ավելին՝ ուկրաինական հետախուզությունը հրապարակել է իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը։ Հնարավոր սցենարները վերլուծել է ուկրաինական hromadske հեռուստաընկերությունը։
 
«Արմագեդոնն» Ուկրաինայում կսկսեն «Իսկանդերնե՞րը»
 
Նոյեմբերի 25-ին «Իշխանության իրավունք» թոք շոուի եթերն ուկրաինական ТСН ալիքով նվիրված էր ռուսական բանակի հնարավոր ներխուժմանը։ Ծրագիրը կոչվում էր «Պուտինի բլիցկրիգը»։ Հաղորդավար Նատալյա Մոսեյչուկը խոսել է լայնամասշտաբ ներխուժման հնարավոր սցենարի մասին․
 
- Վերջերս ռուսաստանցիներն ակտիվորեն մեջբերում էին Schibsted սկանդինավյան պարբերականի հոդվածը։ Դրա վերլուծաբանները միանշանակ եզրակացության էին եկել․ ռուսական ներխուժմն Ուկրաինա սկսվելու է երեք ամսվա ընթացքում։ Նրանց սցենարի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը գրոհ կսկսեն «Իսկանդեր» հրթիռային համալիրների օգնությամբ։
 
Նրանք հաշված րոպեներում կոչնչացնեն ուկրաինական օդանավակայանները, ռադիոլոկացիոն համակարգերը, ՀՕՊ համակարգերը, զինամթերքի պահեստները, հրամանատարական կետերն ու մյուս ռազմական թիրախները․․․ Հետո կհարձակվի ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիան, ավիացիան զանգվածային ռմբակոծում կիրականացնի․․․ Դրանից հետո ռուսաստանցիները կգրավեն ուկրաինական այնքան հող, որքան Արևմուտքը նրանց թույլ կտա։
 
Ինչո՞ւ է ցրվում Զելենսկու թիմը, և ո՞ւր է գնում Ուկրաինան
 
Գնալ «Եվրոպա»՝ հացի։ Կյանքն ուկրաինական ճակատամերձ գյուղում
Այս սցենարը պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն անվանել է «արմագեդոն», որի մասին շատ են խոսում լրատվամիջոցները։ Դա իրոք այդպես է։ Ռուսական քարոզչական մեդիայում հայտարարում են պատերազմի հենց այսպիսի մեկնարկի մասին։
 
Այսպես, նոյեմբերի 22-ին «60 րոպե» ռուսական թոք շոուում պահեստազորի ռուս գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին պատմել է, թե ինչպես է պետք ոչնչացնել ուկրաինական զինված ուժերն ու նավատորմը։ Նա հավելել է, որ դրանից հետո չի նախատեսվում տանկերի կիրառում և ուկրաինական տարածքների հետագա գրավում Ռուսաստանի կողմից։
 
Սա կարելի է ընկալել որպես սովորական ահաբեկում։ Սակայն «Իսկանդերների» օգնությամբ պատերազմի մեկնարկի սցենարը լիովին իրատեսական է։
 
Բանակի, կոնվերսիայի և զինաթափման ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Միխայիլ Սամուսը բացատրում է, որ «Իշխանության իրավունքի» եթերում նկարագրված սցենարը մտացածին չէ և ինչ-որ առանձնահատուկ վերլուծություն չէ։ «Դրանք կանխատեսումներ չեն։ Դա դոկտրին է այն մասին, թե ինչպես են իրականացվում հարձակողական գործողությունները։ Դա այն է, թե ինչպես են այժմ իրականացվում գործողությունները»,- ասում է Սամուսը։
 
Այնուհետև փորձագետը մանրամասնում է գործողությունների հաջորդականությունը։ Սկզբից օդահրթիռային հարձակողական գործողություն է իրականացվում։ Դրան զուգահեռ տեղեկատվական փուլն է գործարկվում, որը Ռուսաստանն, առանց այն էլ, իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ։ Հետո գալիս է ռադիոէլեկտրոնային փուլը, ճնշվում են հակառակորդի համակարգերը։
 
Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ
 
Սմոլենսկի շրջանի Ելնյա քաղաքի մոտ ռուսական զորքերի կուտակման արբանյակային լուսանկարներ, 2021 թ-ի հոկտեմբեր։ Ռուսական բանակի այդ հատվածը նախկինում տեղակայված էր Սիբիրում։ Լուսանկարը՝ maxar.com
Սմոլենսկի շրջանի Ելնյա քաղաքի մոտ ռուսական զորքերի կուտակման արբանյակային լուսանկարներ, 2021 թ-ի հոկտեմբեր։ Ռուսական բանակի այդ հատվածը նախկինում տեղակայված էր Սիբիրում։ Լուսանկարը՝ maxar.com
Սմոլենսկի շրջանի Ելնյա քաղաքի մոտ ռուսական զորքերի կուտակման արբանյակային լուսանկարներ, 2021 թ-ի հոկտեմբեր։ Ռուսական բանակի այդ հատվածը նախկինում տեղակայված էր Սիբիրում։ Լուսանկարը՝ maxar.com
Սմոլենսկի շրջանի Ելնյա քաղաքի մոտ ռուսական զորքերի կուտակման արբանյակային լուսանկարներ, 2021 թ-ի հոկտեմբեր։ Ռուսական բանակի այդ հատվածը նախկինում տեղակայված էր Սիբիրում։ Լուսանկարը՝ maxar.com
«Եվ դրանից հետո սկսվում են զանգվածային հրթիռային հարվածները, որոնք ոչնչացնում են ՀՕՊ-ն ու հրամանատարական կետերը։ Այդ ժամանակ արդեն գործարկվում է ավիացիան, որը սկսում է խոցել ցամաքային զորքերը։ Այնուհետև կիրառվում է ճակատային ավիացիան՝ գրոհային կամ ռմբակոծիչ։ Ավիացիոն գրոհների մի քանի ալիք կարող է լինել, երբ զորքերն արդեն չեն կարողանում համակարգային պաշտպանվել»,- պատմում է Սամուսը։
 
Եվ միայն դրանից հետո կարող է սկսվել ցամաքային փուլը։
 
Նույնպիսի հաջորդականություն է նշում նաև Բանակի հետազոտման կենտրոնի փորձագետ Իգոր Լևչենկոն։
 
Ըստ էության՝ Ռուսաստանը նույնիսկ մշակել է պատերազմի այս սցենարը, երբ 2015 թ-ին բացահայտ կերպով ներխուժել է Սիրիա։ Այն ժամանակ ամեն ինչ սկսվել է ռմբակոծումից։ Այնուհետև՝ հրթիռային հարված է հասցվել 1500 կմ-ից Կասպից ծովում գտնվող նավերից։ Այդ օրն էլ հենց Ասադի զորքերը գրոհ են սկսել։ Հայտնի է, թե ինչի է բերել այդ «արմագեդոնը»։
 
Արդյո՞ք Ուկրաինան կարող է դրան դիմակայել։ Միխայիլ Սամուսը պատմում է, որ Ուկրաինայում խորհրդային ժամանակներից հակաօդային պաշտպանության ճյուղավորված համակարգ է մնացել, որը ներառում է Ս-200, Ս-300, «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ։ Սակայն դրանք հին են։
 
Հնամաշ և անարդյունավետ ՀՕՊ համակարգերի մասին է խոսում նաև Ուկրաինական միլիտարական կենտրոնի տնօրեն Տարաս Չմուտը։ Ռուսաստանը 2010 թ-ից ի վեր ստացել է ավելի քան 1000 նոր  և արդիականացված թռչող սարքեր։ Այնպես որ, Ռուսաստանի հարվածին Ուկրաինան սկզբնական փուլում չի կարողանա լիարժեք դիմակայել։
 
«(Ռուսաստանի կողմից – խմբ․) առաջին ալիքի համազարկը կարող է հասնել մինչև 300 հրթիռի, որոնք կհարվածեն Ուկրաինային։ Դրանք և «Իսկանդերներն» են, և «Կալիբրները», Х-55 ինքնաթիռների հարվածները (ռազմավարական ավիացիոն թևավոր հրթիռներ – խմբ․) և այլն։ Դա բավականին շատ է։ Մենք չենք դիմանա այդ առաջին հարվածին»,-  եզրակացնում է Չմուտը։
 
Այդ ամենը կարող է «տեղալ» ոչ միայն Ռուսաստանից և օկուպացված Ղրիմից։ Նոյեմբերի կեսերին Բելառուսի տարածքում «Իսկանդերներ» տեղակայելու ցանկություն է բարձրաձայնել Ալեքսանդր Լուկաշենկոն։
 
Ուկրաինան ռուսներին զիջում է ոչ միայն օդում, այլև ծովում։ Ինչպես ասում է Տարաս Չմուտը, այնտեղ այն հակադրելու բան չունի։
 
Այդ նյութում Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը նկարագրել է լայնամասշտաբ ներխուժման հնարավոր սցենարը։
 
- Հարձակումն, ըստ ամենայնի, կազմված կլինի ավիահարվածներից, հրետանային և զրահատանկային հարվածներից՝ արևելքում հետագա դեսանտային հարվածներով, Օդեսայում և Մարիուպոլում դեսանտային հարձակումներով և ավելի պակաս ծավալով ներխուժումով հարևան Բելառուսի տարածքից,- պատմել է Բուդանովը։
 
Ոչ քարտեզից, ոչ Բուդանովի նշածից պարզ չէ, թե ինչպես է պատասխանելու ուկրաինական բանակն, ինչպես նաև՝ թե ինչի վրա են հիմնված Ուկրաինայի զգալի մասի՝ այդ թվում մայրաքաղաքի օկուպացման նախադրյալները։
 
Hromadske-ի զրուցակիցների կարծիքով՝ Ուկրաինայի սահմանի մոտ կուտակված 100 հազար ռուս զինվորները հերիք չեն մասշտաբային օկուպացիայի համար։
 
- Օկուպացիայի համար անհամեմատ ավելի շատ զորք է պետք, քան այժմ կա Ռուսաստանի ողջ տարածքում։ Այնպիսի տարածքներ և այն բնակչությունը, որն ունի Ուկրաինան, կարող են օկուպացնել միլիոնանոց բանակները։ Նրանք այժմ այդպիսի բանակ չունեն,-  ասում է Ուկրաինայի արևելքում «Կիևյան Ռուսիա» 25-րդ կամավորական գումարտակի կազմում հակաահաբեկչական գործողության նախկին մասնակիցն՝ Արտի Գրին մականունով։
 
Իսկ Բանակի հետազոտման կենտրոնի ներկայացուցիչ Իգոր Լևչենկոն ուկրաինական հետախուզության պատկերած քարտեզի վրա Ուկրաինայի օկուպացված տարածքն անվանում է Պուտինի «ցանկություն»։
 
- Եթե հիպոթետիկ առումով չափենք ուժերը, միջոցներն ու հնարավորություններն, ապա ներկայիս պայմաններում հենց Դնեպրի սահմանն է առավելագույնը Ռուսաստանի համար։ Այն էլ՝ ուկրաինական բանակի 2014 թ-ի պայմաններում։ Հիմա այդպիսի բան հնարավոր չէ,- ասում է Լևչենկոն։
 
Իսկ իրականում, ագրեսիայի դեպքում, հավանաբար, խոսքը գնալու է ոչ թե մասշտաբային հարձակման և Ուկրաինայի տարածքի կեսի օկուպացման մասին։ Դրա համար Ռուսաստանն այդքան ուժ չունի։ Ուկրաինական բանակն էլ կարող է ավելի արդյունավետ դիմակայել ագրեսորի ցամաքային գործողություններին, քան ավիացիային, նավատորմին և հրթիռային զորքերին։
 
Ագրեսիայի սանձազերծման և տարածքների օկուպացիայի այս սցենարների հաջող իրականացման համար Կրեմլի համար ամենակարևորն այն է, որ Ուկրաինան և ուկրաինական բանակն ընդհանրապես չդիմադրեն։ Այլապես Ռուսաստանին կարող են զգալի դժվարություններ սպասվել։
 
- Պուտինին ընդհանրապես հարմար չէ այն տարբերակը, որ Ուկրաինան դիմադրի։ Նա հստակ հասկանում է, որ դա աղետ է Ռուսաստանի համար։ Նրան իրադարձությունների այդպիսի զարգացում պետք չէ,- կարծում է Բանակի, կոնվերսիայի և զինաթափման հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Միխայիլ Սամուսը։
 
Ինչպե՞ս կպատասխանի Ուկրաինան
 
Ո՜չ Ուկրաինայի նախագահը, ո՜չ պաշտոնյաները հրապարակավ չեն քննարկում պատերազմի մեկնարկի դեպքում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը։ Սակայն առանձին հայտարարությունները ցույց են տալիս, որ Կիևը հասկանում է սիրիական սցենարի կրկնման սպառնալիքը։ Որովհետև պայմանական «Ջավելինների» հերթական խմբաքանակից զատ փորձում է նաև ստանալ Արևմուտքի ավելի հզոր աջակցությունը։
 
Այսպես, Կիրիլ Բուդանովի վերոնշյալ հարցազրույցում, որը նա տվել է Military Times պարբերականին, ռազմական հետախուզության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան «որոնում է հակաօդային, հակահրթիռային և անօդաչու սարքերից պաշտպանության լրացուցիչ համակարգեր»։ Հիշատակվում է նաև ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրը։ Սակայն եթե այդ առումով Կիևն անգամ հեռանկարներ ունենա, ապա դրա իրագործումը մոտակա ձմեռային ամիսներին չի լինելու։
 
Թեև տարբեր աևմտյան և ուկրաինական աղբյուրներ նշում են այս ձմռանը Ռուսաստանի գրոհի հավանականությունը, ներկա պահին հայտնի չէ, որ այդպիսի վերջնական որոշում է կայացվել։ «Ռուսական ուժերի դիրքը չի վկայում այն մասին, որ ներխուժումն անխուսափելի է։ Լիովին հնարավոր է, որ ռազմական գործողության մասին քաղաքական որոշում չի կայացվել»,- ասված է Foreign Affairs ամերիկյան պարբերականի նյութում։
 
Հոդվածում նշվում է, որ Պուտինը կարող է ուժ կիրառել, եթե ԱՄՆ կողմից Ուկրաինայի աջակցությունը ոչ անկեղծ համարի։ Եվ այդ ժամանակ նա կփորձի կամ երկիրը երկու մասի բաժանել, կամ նոր «խաղաղ կարգավորում» պարտադրել։
 
Ըստ էության, Կրեմլն արդեն փորձում է Ուկրաինային և Արևմուտքին պարտադրել այդ «խաղաղ կարգավորումը»։ «Իսկանդերներով» և Կիևի օկուպացիայով վախեցնելը ճնշում գործադրելու զինանոցից է։ Արդյո՞ք այդ ճնշմանը կտրվեն ուկրաինական իշխանությունն ու հենց Զելենսկին։
 
Մի կողմից՝ խորհրդարանում իր ելույթում նախագահը հայտարարել էր, որ երկիրը, սեփական բանակից բացի, ոչ ոք չի պաշտպանի։ Բացի այդ, դիրքորոշում էր հայտնել, որ հնարավոր չէ պատերազմը կասեցնել առանց Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների։
 
Սակայն Զելենսկին կարևոր բան է բաց թողել․ ի՞նչ հաղթաթղթերով նա կարող է գնալ այդ բանակցություններին։ Պուտինի թղթերը հայտնի են և ծանրակշիռ՝ 100-հազարանոց բանակ սահմանին, «Իսկանդերներ», ավիացիա և նավատորմ։ Արդյո՞ք Ուկրաինայի նախագահը սրան հակադելու բան ունի, դեռ հայտնի չէ։