«Աշխարհն է՛լ չի սիրում ժողովրդավարությունը և ձգտում է բռնապետության»․ Նոբելյան մրցանակակիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ JAMnews

Ռուսական «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թ-ի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է։ Օսլոյում կայացած մրցանակաբաշխությանը ելույթ ունենալիս Մուրատովն աշխարհին է դիմել ելույթով, որում պատմել է Ռուսաստանում պատերազմի սպառնալիքի, մեդիայի և մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին։
 
- Վստահ եմ, որ համոզմունքների ազատությունը, մյուս քաղաքացիական ազատություններին զուգահեռ, զարգացման հիմքն է։
 
Ես պաշտպանում եմ մարդկության ճակատագրի ձևավորման մեջ քաղաքացիական և քաղաքական ազատությունների վճռորոշ նշանակության մասին թեզը։
 
Համոզված եմ, որ միջազգային վստահությունը, <…> զինաթափումն ու անվտանգությունը հնարավոր չեն առանց հասարակության բացության, տեղեկատվության, համոզմունքների, հանրայնացման ազատության <…>։
 
Խաղաղությունն, առաջընթացը, մարդու իրավունքները՝ այս երեք նպատակներն անքակտելիորեն կապված են։
 
Սա մեջբերում է ակադեմիկոս, Երկրի քաղաքացի, մեծ մտածող Անդրեյ Սախարովի նոբելյան ելույթից։
 
Նրա խոսքն այստեղ՝ այս քաղաքում, 1975 թ-ի դեկտեմբերի 11-ին՝ հինգշաբթի օրը, կարդացել է նրա կինը՝ Ելենա Բոները։
 
Ես անհրաժեշտ համարեցի, որ Սախարովի խոսքերը երկրորդ անգամ հնչեն այստեղ՝ աշխարհահռչակ այս դահլիճում։
 
Ինչո՞ւ է հիմա սա այդքան կարևոր մեզ համար, ինձ համար։
 
Աշխարհն էլ չի սիրում ժողովրդավարությունը։
 
Աշխարհը հիասթափվել է իշխող էլիտաներից։
 
Աշխարհը ձգտում է դեպի բռնապետություն։
 
Պատրանք է ստեղծվել, որ առաջընթացի կարելի է հասնել տեխնոլոգիաներով և բռնությամբ, այլ ոչ թե մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ։
 
Այդպիսի առաջընթաց՝ առանց ազատության։
 
Կաթ՝ առանց կովի…
 
Բռնապետություններն իրենց համար ապահովել են բռնության պարզեցված հասանելիությունը։
 
Մեր երկրում (և ոչ միայն մեր) այսպիսի միտք է տարածված․ քաղաքական գործիչները, որոնք խուսափում են արյունից, թույլ մարդիկ են։
 
Իսկ աշխարհին պատերազմով սպառնալն իսկական հայրենասերի պարտքն է։
 
Պատերազմի սպառնալիքի մասին
 
Իշխանությունն ակտիվորեն վաճառում է պատերազմի գաղափարը։
 
Պատերազմի ագրեսիվ  մարքեթինգի ազդեցության տակ մարդիկ հարմարվում են դրա թույլատրելիության գաղափարին։
 
Կառավարություններն ու նրանց մոտ կանգնած քարոզիչները կրում են պետական հեռուստաալիքներում միլիտարիստական հռետորաբանության համար ողջ պատասխանատվությունը։
 
Ներկայիս գաղափարախոսներն առաջ են տանում հայրենիքի համար մահվան գաղափարը, այլ ոչ թե հայրենիքի համար ապրելու։ Եկեք թույլ չտանք նրանց այդ հեռուստացույցին մեզ խաբել։
 
Հիբրիդային ռազմական գործողությունները, «Բոյինգ ՄՆ-17»-ի հետ կապված ողբերգական, անճոռնի և հանցավոր պատմությունը ոչնչացրեց Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, և ես չգիտեմ, թե արդյոք հաջորդ սերունդները կկարողանան դրանք վերականգնել․․․ Հատկապես որ աշխարհաքաղաքական գործիչների հիվանդ գլուխներում Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը դադարել է անհնար թվալ։
 
Բայց ես մի բան գիտեմ․ պատերազմներն ավարտվում են զինվորների աճյունների նույնականացմամբ և գերիների փոխանակմամբ։ Չեչենական պատերազմում «Նովայա գազետան» ու մեր տեսաբան մայոր Իզմայլովը կարողացան գերությունից ազատել 174 մարդու։ Եթե հիմա՝ ներկայիս դիրքում, ես կարողանա՞մ ինչ-որ բան անել դեռ կենդանի գերիների տուն վերադառնալու համար, ասեք։ Պատրաստ եմ։
 
Լեհ-բելառուսական սահմանային ճգնաժամի մասին
 
Սակայն Եվրոպայի կենտրոնում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին գումարվել է նախագահ Լուկաշենկոյի խաղը՝ մեծ արյան սահմանագծին։ Նրա զինվորականներն ինքնաձիգներով Մերձավոր Արևելքի փախստականներին քշում են դեպի Եվրամիության սահմանները պահպանողների ինքնաձիգները։ Կողմերը միմյանց են մեղադրում, իսկ խելակորույս մարդիկ բառացիորեն երկու կրակի արանքում են։
 
Մենք լրագրողներ ենք, մեր աշխատանքը պարզ է՝ տարանջատել փաստն ու սուտը։ Արհեստավարժ լրագրողների նոր սերունդը կարողանում է աշխատել մեծ քանակությամբ տվյալների, տեղեկատվական բազաների հետ։ Եվ մենք ուսումնասիրել ենք դրանք, գտել ենք, թե ում նավերն են փախստականներին հասցնում կոնֆլիկտի կետ։ Միայն փաստեր։
 
Բելառուսական ինքնաթիռներն այս տարվա աշնանն ավելացրել են Մերձավոր Արևելքից դեպի Մինսկ չվերթներն ավելի քան չորս անգամ։ Վեց չվերթ է իրականացվել 2020 թ-ի օգոստոս-նոյեմբերին և 27 չվերթ՝ այս տարվա նույն ամիսներին։ 4,5 հազար մարդ է բելառուսական ընկերությունը տեղափոխել այս տարի սահմանի հնարավոր ճեղքման համար, և միայն 600 մարդ՝ անցյալ տարի։ Նույնքան փախստական՝ 6000 մարդ, ավիաընկերությունը տեղափոխել է Իրաքից։
 
Այսպես են հենց կազմակերպվում զինված սադրանքներն ու կոնֆլիկտները։ Մենք՝ լրագրողներս, պարզելով, թե ինչպես է դա աշխատում, կատարել ենք մեր աշխատանքը։ Մնացածը քաղաքական գործիչների գործն է։
 
Կտտանքների մասին
 
Ժողովուրդն է պետության համա՞ր, թե՞ պետությունը՝ ժողովրդի։ Սա է այսօրվա գլխավոր կոնֆլիկտը։
 
Այս կոնֆլիկտը Ստալինը լուծում էր զանգվածային բռնաճնշումներով։
 
Բանտերում և հետաքննության ժամանակ կտտանքների պրակտիկան պահպանվել է նաև ժամանակակից Ռուսաստանում։ Դաժան վերաբերմունքը, բռնաբարությունները, պահման սարսափելի պայմանները, տեսակցության, մոր ծննդյան օրը նրան զանգահարելու արգելքը, կալանքի տակ պահելու ժամկետների անվերջ երկարաձգումը։ Մինչև դատը ճաղերի հետևում են պահում ծանր հիվանդություններով մարդկանց, նրանց պատանդներն են հիվանդ երեխաները, նրանցից պահաջում են խոստովանել մեղքը՝ չներկայացնելով ապացույցներ։
 
Շինծու մեղադրանքներով քրեական գործերը մեզ մոտ հաճախ քաղաքական բնույթ են կրում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն գաղութում են պահում Ֆրանսիայի՝ օծանելիքի խոշորագույն ընկերության ռուսաստանցի տնօրենի կեղծ վկայությամբ։ Այդ տնօրենը դիմում գրել է, բայց դատարան չի կանչվել և իրեն տուժած չի ճանաչել․․․ Իսկ Նավալնին նստած է։ Օծանելիքի ընկերությունն էլ որոշել է մի կողմ քաշվել՝ հույս ունենալով, որ այդ գործի հոտը չի վնասի իր արտադրանքի բույրին։
 
Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում ձերբակալվածների և կալանավորվածների նկատմամբ կտտանքների մասին։ Մարդկանց խոշտանգում են, որ կոտրեն, որ ավելացնեն պատժի դաժանությունը դատավճռի շրջանակից դուրս։ Սա վայրենություն է։
 
Ես կոչ եմ անում կկտանքների դեմ միջազգային տրիբունալ ստեղծել, որի նպատակը կլինի աշխարհի տարբեր ծայրերում և պետություններում կտտանքների կիրառման մասին տվյալների հավաքագրումը։ Դահիճներին ու նրանց տերերին պարզելը, որոնք մասնակից են այդպիսի հանցագործությունների։
 
Հույսս, իհարկե, նախևառաջ, աշխարհի հետաքննող լրագրողներն են։
 
Կտտանքները պետք է ճանաչվեն մարդասիրության դեմ ծանրագույն հանցագործություն։
 
Ի դեպ, «Նովայա գազետան» շարունակում է նաև տպագրվել։ Որ մեզ կարողանան կարդալ նաև բանտերում․ այնտեղ համացանց չկա։
 
«Մեմորիալի» և լրագրողների մասին
Ռուսաստանում այժմ երկու միտումներ են բախվում։
 
Մի կողմից՝ Ռուսաստանի նախագահն օգնում է հուշարձան կանգնեցնել ակադեմիկոս Սախարովի 100-ամյակի առթիվ։
 
Մյուս կողմից՝ մեր իսկ երկրում գլխավոր դատախազությունը պահանջում է ոչնչացնել «Մեմորիալ» կազմակերպությունը։ «Մեմորիալը» զբաղվում է ստալինյան բռնաճնշումների զոհերի իրավունքների վերականգնմամբ։ Իսկ դատախազները դրան մեղադրում են «մարդու իրավունքների խախտման» համար։ Գուցե այն պատճառով, որ վերջերս մեր երկրում ԱԴԾ-ն կրկին ծածկագրել է ստալինյան քննիչների և դահիճների անուննե՞րը։
 
Հիշեցնեմ, որ «Մեմորիալը» ստեղծել է Սախարովը։
 
Գուցե մահացած Սախարովի համար հուշարձան կանգնեցնելն ավելի անվտա՞նգ է, քան նրա գործող կենդանի նախագիծը։
 
«Մեմորիալը» «ժողովրդի թշնամի» չէ։
 
«Մեմորիալը» ժողովրդի ընկերն է։
 
…Մենք, իհարկե, հասկանում ենք․ այս մրցանակն իսկական լրագրողների արհեստավարժ ողջ համայնքինն է։
 
Իմ գործընկերները բացահայտել են փողերի լվացման տեխնոլոգիաներ և բյուջե են վերադարձրել գողացված բազում միլիարդներ, բացահայտել են օֆշորներ, կասեցրել սիբիրյան անտառների հատումները։ Պետությունն, արդյունքում, սատարել է «Նովայա գազետայի», «Էխո Մոսկվիի», «Դոժդի» և մյուս գործընկերների ջանքերը հազվադեպ հիվանդություներով հիվանդ երեխաների բուժման հարցում, որոնց անհրաժեշտ է աշխարհի ամենաթանկ դեղորայքը։
 
Մենք այս մրցանակը փոխանցում ենք հիվանդ մարդկանց օգնությանն ու անկախ լրագրության աջակցմանը։
 
Սակայն լրագրությունը Ռուսաստանում այժմ մութ ժամանակներ է ապրում։ Վերջին մի քանի ամսում ավելի քան հարյուր լրագրող, լրատվամիջոց, իրավապաշտպան և հասարակական կազմակերպություն «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ են ստացել։ Ռուսաստանում նրանք «ժողովրդի թշնամի» են։ Մեր գործընկերներից շատերն առանց աշխատանքի են մնացել։ Ոմանք ստիպված են լքել երկիրը։
 
Մարդուց անհայտ ժամանակով խլում են նրա սովորական կյանքը։ Գուցե՝ ընդմիշտ․․․ Այդպիսի բան եղել է մեր պատմության մեջ։
 
Իսկ ոմանց էլ զրկել են անգամ այդ հնարավորությունից։
 
Ռուսաստանցի լրագրողներ Օրհան Ջեմալին, Կիրիլ Ռադչենկոյին, Ալեքսանդր Ռաստորգուևին դաժանաբար գնդակահարել են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ուր նրանք մեկնել էին՝ հետաքննելու ռուսական մասնավոր ռազմական ընկերություններից մեկի գործունեությունը։
 
…Ինձ, իհարկե, ինչպես միշտ, կարող են հարցնել․ իսկ ինչո՞ւ են մեր գործընկերները որոշել անել դա։
 
Որպեսզի վկայություն ունենան։ Որ ապացուցեն։ Որ անձամբ տեսնեն։ Որպեսզի, ինչպես ասել է ռազմական մեծ լուսանկարիչ Ռոբերտ Կապան․ «Եթե արածդ լուսանկարը չես հավանում, ուրեմն բավականաչափ մոտիկ չես եղել»։
 
«Իսկ մի՞թե չեք վախենում»․ սա գործընկերներիս ամենահաճախ տրվող հարցն է։
 
Դա նրանց առաքելությունն է։ Երբ կառավարություններն անընդհատ բարելավում են անցյալը, լրագրողները փորձում են բարելավել ապագան։
 
Եվ այս մրցանակը ողջ իսկական լրագրությանն է։ Այս մրցանակը «Նովայա գազետայի» իմ զոհված գործընկերներ Իգոր Դոմինիկովինն է, Յուրի Շչեկոչիխինինը, Աննա Պոլիտկովսկայայինը, Անաստասիա Բաբուրովայինը, Ստաս Մարկելովինը, Նատաշա Էստեմիրովայինը։ Այս մրցանակը նաև կենդանի գործընկերներինս է, հանրությանը, որը կատարում է իր պրոֆեսիոնալ պարտքը։
 
«Շունը հաչում է, քարավանը գնում է»
 
…Ռուսերենում և անգլերենում և մյուս լեզուներում այսպիսի ասացվածք կա՝ «Շունը հաչում է, քարավանը գնում է» — The dog barks, but the caravan goes on։ Այն հետևյալ կերպ են մեկնաբանում․ քարավանի առաջ գնալուն ոչինչ չի խանգարում։ Երբեմն իշխանությունն այդպես քամահրական է խոսում լրագրողների մասին։ Նրանք հաչում են, բայց ոչ մի բանի վրա չեն ազդում։
 
Իսկ ես վերջերս իմացա, որ ասացվածքը հակառակ իմաստն ունի։
 
Քարավանն առաջ է գնում, որովհետև շները հաչում են։
 
Մռնչում են և հարձակվում գիշատիչների վրա լեռներում և անապատներում։ Եվ առաջ գնալը հնարավոր է միայն, երբ նրանք ուղեկցում են քարավանը։
 
Այո, մենք մռնչում ենք և կծում։ Մենք ունենք ժանիքներ և կծում ենք։
 
Բայց մենք շարժման պայմանն ենք։ Մենք բռնապետության հակաթույնն ենք։