«ՍԵՎՑՈՒՑԱԿԱՅԻՆԸ»՝ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

Քոչվոր-սլավոն հարաբերությունները մթագնել են

Մոտ մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ջերմորեն շնորհավորել էր Ադրբեջանին՝ուկրանիա-ադրբեջանական հարաբերությունների 25-ամյակի առթիվ, ապա հայտարարել, որ Կիևը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Բայց օրերս տեղեկություն տարածվեց, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է  հարուցել ադրբեջանական տնտեսվարող 17 սուբյեկտների դեմ, որովհետև դրանք, խախտելով Ուկրաինայի «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը, ապրիլի 20-22-ը մասնակցել են Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած Միջազգային տնտեսական համաժողովին:

Տեղի ունեցածը զավեշտալի է, քանի որ սև ցուցակների կազմելու գործում Ադրբեջանն առաջին հորիզոնականում է: Սակայն արի ու տես, որ այսօր իր փորած փոսում ինքն  էլ է հայտնվել: Այլ խոսքով՝ «սևցուցակայինը»՝ «սև ցուցակում»: Երևի հենց այսպիսի ընթացք էլ կարող էր ունենալ քոչվոր-սլավոն հարաբերությունները:

Իդեպ, Ադրբեջանի17 տնտեսվարողների այս քայլը ցույց  է տալիս, որ Բաքուն, ըստ էության, թքած ունի իր երկրի հետ սերտ հարաբերություններ ունեցողների շահերի վրա: Եվ պետք չէ զարմանալ, քանզի Բաքվի իշխանությունն անգամ սեփական քաղաքացիներից է հրաժարվում՝ իր դեմքը փրկելու համար: Հակառակ դեպքում փոքր-ինչ անհասկանալի է  ՝ՄԱԿ-ում կողմ են քվեարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ հետո «դեմ գնում» այդ որոշմանը: Չնայած՝ անհեթեթությունների շքահանդեսում հաղթարշավող Ադրբեջանի պարագայում ի˜նչ զարմանք…