Էրդողանը շահագործում է ուկրաինական պատերազմը՝ առաջ մղելու համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի քանի ղեկավարներ խնդրահարույց հայտարարություններ են արել՝ քաոսային իրավիճակից օգտվելու և իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար...
Հենց որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իմացավ, որ Ուկրաինայի կառավարությունը խնդրել է «անհապաղ միացում» Եվրամիությանը (ԵՄ), նա նույն խնդրանքով դիմեց Թուրքիայի համար։
 
Էրդողանը կեղծավորությամբ ասաց. «Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հասնելու ջանքերը։ Բայց ես հարցնում եմ ԵՄ անդամներին՝ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին»։ Նա կոչ արեց ԵՄ-ին Ուկրաինայի նման «նույն նրբազգացությունը» ցուցաբերել թուրքական խնդրանքի նկատմամբ, և լկտիաբար քննադատեց ԵՄ անդամ երկրներին՝ «անկեղծ չլինելու համար»: 
 
Էրդողանը թեթևամտորեն հարցրեց. «Կընդգրկե՞ք Թուրքիային ձեր օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա»: Ապա դժգոհեց. «Ինչո՞ւ չեք տալիս անհրաժեշտ ռազմական  սարքավորումները Թուրքիային»։ Ինչի՞ համար, որ հարձակվի՞ ու սպանի ավելի շատ մարդկանց և գրավի՞ ավելի շատ երկրներ: 
 
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է 1987 թվականին և պաշտոնապես ճանաչվել է որպես անդամակցության թեկնածու 1999 թվականին, սակայն նրա անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել են 2005 թվականին, կասեցվել են Կիպրոսի կառավարության առարկությունների պատճառով՝ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման պատճառով։ Գերմանիան և Ֆրանսիան նույնպես դեմ են արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
 
Նույնիսկ Ուկրաինայի դեպքում, չնայած այդ երկրի հանդեպ առկա համակրանքին, երկար ժամանակ կպահանջվի ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտելու և անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար՝ ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար։
Մյուս կողմից, Թուրքիայի ԵՄ անդամակցությունն շատ ավելի հեռու է, եթե իհարկե դա երբևէ տեղի ունենա: Թուրքիան չի համապատասխանում ԵՄ անդամակցության չափանիշներին։ Այն ունեցել է մի քանի ռազմական հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր՝ ի լրումն իր հակաժողովրդավարական վարչակարգի, որն իրականում բռնապետություն է: Թուրքիան խախտել է մարդու իրավունքների գրեթե բոլոր օրենքները, այդ թվում՝ լրագրողների զանգվածային բանտարկում, ազատ մամուլի փակում, աջակցություն իսլամիստ ահաբեկիչներին, քրդերի ջարդ, քրիստոնեական եկեղեցիների պղծում, Հյուսիսային Կիպրոսի բռնազավթում, ռազմական միջամտություն Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Լիբիայում, օգնություն Ադրբեջանին՝ Արցախը բռնազավթելու համար և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումից հրաժարում։
 
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան նախ պետք է վերանայի իր ամբողջ սահմանադրությունը և օրենքները, որպեսզի դառնա ժողովրդավարական երկիր, ազատ արձակի տասնյակ հազարավոր բանտարկված անմեղ քաղաքացիների, դադարեցնի ահաբեկիչներին աջակցել, ընդունի և իրագործի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները, վերականգնի փոքրամասնությունների իրավունքները, դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցի հայկական կորուստները։
Երբ Էրդողանը երկչոտաբար հարցրեց, թե արդյոք Թուրքիան ևս կքննարկվի ԵՄ անդամակցության համար, «երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա», իրականում ոչ ոք չի հարձակվել Թուրքիայի վրա, ընդհակառակը, Թուրքիան է հարձակվել բազմաթիվ այլ երկրների վրա:
 
Ցավոք, ուկրաինացի ժողովրդի ողբերգական տառապանքը ռուսական պատերազմի ժամանակ եզակի երևույթ չէ։ Պատմության ընթացքում տեղի են ունեցել նման անհամար  դաժան պատերազմներ և զանգվածային սպանություններ։ Չի կարելի մոռանալ 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեց 1.5 միլիոն հայ․ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու բռնազավթումը, որը դեռ շարունակվում է․ Թուրքիայի արշավանքը Հյուսիսային Սիրիա և 2020 թվականին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի դեմ պատերազմը՝ բարբարոսական պատերազմական հանցագործություններ կատարելով, որի ընթացքում աշխարհը լուռ էր, երբ ռմբակոծվում էին հիվանդանոցները, դպրոցները,  բնակարանները, մորթվում կանայք ու երեխաներ։ Չկային պատժամիջոցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, չկար վայրագությունների մասին լրատվամիջոցների շուրջօրյա լուսաբանում, չկար ոչ մի ռազմական կամ տնտեսական օգնություն Հայաստանին և Արցախին:
 
Այժմ անցնենք թուրք քաղաքական ղեկավարների երկու անսպասելի հայտարարություններին։ Թուրքական ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության գլուխը և Էրդողանի կառավարության դաշնակից Մուսթաֆա Դեստիչին զգուշացրել է, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը թիրախավորելու է Կարսն ու Արդահանը՝ Արևմտյան Հայաստանի երկու քաղաքները, որոնք բռնազավթված են Թուրքիայի կողմից։ «Եթե դուք հետագայում տեսնեք Ռուսաստանին մեր սահմաններում, չզարմանաք», ասել է թուրքական կուսակցության առաջնորդը։
 
Նմանապես, ընդդիմադիր թուրքական «Լավ» (IYI) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է. «Ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիան ապահով է: Ո՞վ կարող է ասել, որ Պուտինի մտքում չկա՞ն Կարսը, Արդահանը և Էրզրումը [Կարինը]»։
 
Սրանք ակնհայտորեն ամպագոռգոռ հայտարարություններ են։ Ռուսաստանը նման մտադրություններ չունի։ Ընդհակառակը, Ռուսաստանը փորձում է Թուրքիային դուրս քաշել ՆԱՏՕ-ից։ Այնուամենայնիվ, այս երկու հայտարարությունները մեկ կարևոր օգուտ ունեն հայկական կողմի հանար. դրանք հիշեցնում են թուրք բնակչությանը, որ Կարսը, Արդահանը և Էրզրումը (Կարինը) վիճելի քաղաքներ են, որոնք չեն պատկանում Թուրքիային։ Նրանք Արեւմտյան Հայաստանի մի մասն են։
 
Վերջապես, ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուշագրավ հայտարարությունն այս ամսվա սկզբին, որը նա արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում. «Տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը վերաբերում է միայն այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց տարածքում ապրող ամբողջ ժողովրդին»:
 
Թեև Լավրովը նկատի ուներ 1970 թ․ ՄԱԿ-ի հռչակագիրը՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդարացնելու համար, նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ իր մեջբերած սկզբունքը վերաբերում է նաև արցախահայությանը։ Լավրովը պնդում էր, որ Ուկրաինայի կառավարությունը չի ներկայացնում ուկրաինական պետության տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին։ Եթե Լավրովն այդպես է մտածում, ապա Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի ներկայացնում Արցախի տարածքում ապրող հայերին։ Ուստի Ռուսաստանը պետք է հայտարարի, որ աջակցում է Արցախի Հանրապետության ինքնորոշմանը...
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի