ԱՈ˜Ւ, ԻՆՏԵՐՊՈ˜Լ

Եթե հակադարձող չկա, ինչո՞ւ չչարաշահեն

Թե որքանով են աշխարհի քաղաքական կառույցները սա հասկանում՝ դժվար է ասել: Ավելի շուտ թվում է՝ բոլորովին չեն հասկանում: Այլապես երևի վաղուց պետք է պարզաբանված լիներ, որ բլոգեր Լապշինին ձերբակալելու գործում Ադրբեջանը Ինտերպոլի անունն է օգտագործել: Ապրիլի 28-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: 

Երբ պետությունը սրբություններ չունի, նրանից ամեն ինչ սպասելի է: Երբ «սրբավայրդ» Շահիդների պուրակն է, որտեղ իսկական հանցագործներ ու տականքներ են թաղված, իսկ հերոսդ՝ ճանաչված մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ի՞նչ զարմանալի բան կա, որ դու ամեն օրենք ու կարգ անտեսելու ես, որ սուտը, կեղծիքն ու սպառնալիքը քո գործելակերպի հիմնաքարն են լինելու: 
 
Իր ելույթում Նաիրա Կարապետյանը քննադատել է Ինտերպոլի համբավն ու անունը չարաշահող Ադրբեջանի գործողությունները և ընդգծել, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերող ցանկացած թեմա պետք է ուշադրության կենտրոնում պահել: Բնականաբար՝ տվյալ դեպքում խոսքը Լապշինի մասին է: 
 
Ոչ մի երկիր իրավունք չունի Ինտերպոլի համբավն ու անունը չարաշահել սեփական նպա-տակների իրականացման համար՝ հատկապես քաղաքական նկատառումներով: Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետություններ փորձել են խախտել Ինտերպոլի կանոնակարգի հոդված 3-ը, որով արգելվում է Ինտերպոլի միջամտությունը քաղաքական, կրոնական կամ ռասիստական բնույթի գործերին,- նշել է Հայաստանի պատվիրակը:
 
Ն. Կարապետյանը հիշեցրել է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ապատեղեկացրել, իբր Ինտերպոլը Լապշինի նկատմամբ հետախուզում է հայտարարել, այն դեպքում, երբ այդ կառույցը նրանց դիմումը մերժել էր: Լապշինին արտահանձնող երկրի նախագահ Լուկաշենկոն ևս, վկայակոչելով Ինտերպոլը, ըստ էության չարաշահել է կառույցի անունը: Կարապետյանը նշել է, որ սրա համար որևէ ձևով չպատժվելուց ոգևորված Ադրբեջանը Լապշինի արտահանձնումից երկու շաբաթ անց միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ, ովքեր այցելել են Արցախի Հանրապետություն՝ որպես սահմանադրական հանրաքվեի դիտորդներ:  
 
Հայաստանի պատվիրակության անդամը նաև հույս է հայտնել, թե համատեղ ջանքերն արդյունք կտան, և Ինտերպոլի նման կարևորագույն կազմակերպությունները որոշ երկրների կողմից հերթական քաղաքական հարթակի չեն վերածվի: 
 
Հենց միայն այն հանգամանքը, որ Ինտերպոլը ականջի հետևն է գցել Ադրբեջանի արարքները, արդեն իսկ այս հույսերի համար տեղ չի թողնում: Այլապես երևի առնվազն պետք է հետախուզում հայտարարեր Ալիևի ու Լուկաշենկոյի նկատմամբ: 
 
Այս անպատժելիությունը միայն հայերի նկատմամբ անհանդուրժողականության հարցում չէ, որ Ադրբեջանին երես է տալիս: Այդ երկրի ներսում ճնշումներն ավելանում են: Առանձնապես՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Սրա մասին իր զեկույցում նշել է ԱՄՆ-ի Կրոնի ազատության միջազգային հանձնաժողովը (USCIRF): 
 
- Եթե Ադրբեջանում միջազգային ահաբեկչության վտանգ լինի, ապա այդ երկրի կառավարությունը դա կօգտագործի կրոնական այլակարծությունը ճնշելու համար: 2017թ. հունվարի 18-ին Ադրբեջանում 18 շիա ակտիվիստներ, ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով դատապարտվել են 10-20 տարվա ազատազրկման: Դեկտեմբերին կրոնական համոզմունքների պատճառով Ադրբեջանում ձերբակալվել են տեղական հասարակական կազմակերպությունների 86 ներկայացուցիչներ: 
 
Միջազգային հանձնաժողովների բազմաթիվ նման դիտարկումներն ու նախազգուշացումներն ի՞նչ արժեն: Չէ՞ որ Ադրբեջանը դրանք բոլորովին հաշվի չի էլ առնում: 
 
Ի դեպ, չար լեզուներն ասում են՝ իրենց բարեկամ Ագրամունտի գլխին հավաքված ամպերը Ադրբեջանի պատվիրակներին բնավ չեն անհանգստացրել: Ինչպես արդեն մեկ անգամ նշել ենք, նրանք երևի սպասում են, թե ով է դառնալու ԵԽԽՎ հաջորդ նախագահ, որպեսզի իրենց նավթահամ խավիարով նրան էլ գնեն: