«Ֆեյք» «նկարչություն»

ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁևԻ ՄԱՍԻՆ

«Այս բանաձևը խոտի գին ունի», «Եվրախորհրդարանը դարձել է ֆեյքերի զոհ», «Եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են երկրորդ ճակատ բացել Վրաստանում». նման հայտարարություններ են անում վրացական իշխանությունները՝ ի պատասխան Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի:
 
Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ոտնահարման վերաբերյալ բանաձևը Եվրախորհրդարանը ընդունել է հունիսի 9-ին։ Այս փաստաթղթով Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ կառույցներին աշխատել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ, սակայն պայմանով, որ Վրաստանի կառավարությունը համապատասխանի բոլոր չափանիշներին և ականջալուր լինի առաջարկություններին։
 
Եվրախորհրդարանը համաձայն է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, սակայն պայմաններ է դրել երկրի առաջ։
 
Եվրախորհրդարանի բանաձևին հաջորդեցին Վրաստանի կառավարության անդամների ակնթարթային՝ կտրուկ ու բացասական հայտարարությունները։
 
JAMnews-ը ներկայացրել է Եվրախորհրդարանի բանաձևի վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների հայտարարությունները։
 
Իրակլի Կոբախիձե․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ․- Չափազանց անհանգստացնող է, երբ ժամանակակից աշխարհի կարևորագույն իշխող օղակներից մեկը՝ Եվրամիության նման բարձրաստիճան կառույցը դառնում է «ֆեյքերի» զոհ…
 
Բանաձևը կոչ է անում ազատ արձակել վրացական ժողովրդավարության և լրատվամիջոցների ազատության թշնամիներին՝ Սաակաշվիլիին և Գվարամիային։ Սա ոչ մի կապ չունի եվրոպական արժեքների հետ, իսկ նման բանաձևն, անկեղծ ասած, խոտի գին ունի։
 
Արչիլ Թալակվաձե, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ․ -
Եվրախորհրդարանի բանաձևն ընդունվել է որոշ քաղաքական խմբերի կողմից և չի պաշտպանվել ավելի քան 200 եվրապատգամավորների կողմից. մենք նաև կարծում ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևը լիովին կտրված է իրականությունից, զուրկ է արդարությունից և պարունակում է խեղաթյուրված փաստեր։
 
Վրացական հասարակությունը և Եվրոպայում շատերը քաջ գիտակցում են, որ Նիկա Գվարամիան ազատ մամուլի հիմնադիրը չէ, իսկ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանում ժողովրդավարության երաշխավորն ու խորհրդանիշը չէ։
 
Մամուկա Մդինարաձե․ «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ,- Խորհրդարանի փոխխոսնակն արձագանքել է բանաձևի ընդունմանը նախորդող օրը՝ հունիսի 8-ին։ Այդ օրը բանաձևը քննարկվում էր Եվրախորհրդարանում, և արդեն հայտնի էր, որ այն կրիտիկական է լինելու.
 
«Վրաստանից դուրս մարդիկ կան, ովքեր աշխատում են երկրորդ ճակատ բացելու ծրագրի վրա։ «Վրացական երազանքը», ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա։
 
Նիկոլոզ Սամխարաձե․ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ․- Եթե ապացույցներ չլինեն, որ Բիձինա Իվանիշվիլին ինչ-որ քաղաքական կամ բիզնես կապեր ունի Կրեմլի հետ, ապա դա կդիտվի որպես զրպարտություն, սուտ և հարձակում ինչպես Բիձինա Իվանիշվիլիի, այնպես էլ իր հիմնած կուսակցության վրա:
 
Դմիտրի Խունդաձե․ խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանքի» անդամ․ - Վրաստանի անկախության ժամանակաշրջանում մենք երբեք չենք տեսել այսպիսի անարդար Եվրոպա։ Մենք չենք կարող հրաժարվել արժանապատվությունից՝ կարգավիճակ ստանալու համար։
Եթե Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ՝ բանաձևում պարունակվող նույն անարդար պարտավորություններով և անարդար մեղադրանքներով, ապա արդարացի կլինի, որ Վրաստանը հրաժարվի դրանից։
 
Եվրախորհրդարանը ԵՄ անդամակցության ճանապարհին որոշումներ կայացնող մարմին չէ, սակայն նրա աջակցությունը կարևոր քաղաքական ազդակ է։
 
Այժմ Վրաստանը սպասում է Եվրահանձնաժողովի եզրակացությանը, որը, ըստ JAMnews-ի աղբյուրի, պետք է հրապարակվի հունիսի 17-ին։
 
Եվրահանձնաժողովը պատրաստում է կարծիք՝ հիմնվելով ԵՄ հարցաշարի վրա: Վրաստանը պատասխանել է Եվրահանձնաժողովի մոտ 2700 հարցի։ Բայց թե ինչ է գրված փաստաթղթում, անհայտ է. լրացված պատասխանները կառավարությունը չի հրապարակել։
 
Ավելի ուշ՝ հունիսի 24-25-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները կորոշեն՝ Վրաստանին տրամադրե՞լ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ։