ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՊԱՐՏՎԵՑ» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սադրել Հայաստանը՝ հայ զինվորի կորստով

Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո նրանց միացան նաև Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները:

Հանդիպումից  հետո Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳնախարարությունները հայտարարեցին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության և շփումները շարունակելու մասին:

«Ավանգարդը» մինչ հանդիպումը գրել էր, որ Ադրբեջանը սրանով կարծես  փորձում է շրջանցել Մինսկի խումբը և Մոսկվայի «դաբրոյով» հօգուտ իրեն լուծել արցախյան խնդիրը: Կկարողանա՞ հայկական կողմն ի չիք դարձնել նման լուծումը...

Այսօր վերլուծելով հայտարարությունը՝ կարող ենք ասել,  որ ապրիլյան պատերազմից  հետո Հայաստանին հաջողվում է պահպանել իր սուբյեկտի կարգավիճակն ու գործոն լինելը: Դա է վկայում հայտարարության հատկապես այն մասը, որը վերաբերում է Վիեննայի պայմանավորվածություններին՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայմանը: Ինչ վերաբերում  է շփումները շարունակելուն, դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է կողմ լինել բանակցային ձևաչափին:

Մոսկվայում հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներըևս այնտեղ են եղել. Հանգամանք, ինչը հուշում է, որ նրանք կողմ են Մինսկի ձևաչափի պահպանմանը և չեն համաձայնի արցախյան խնդրի լուծման բանալին հանձնել Ռուսաստանի ձեռքը:

Այն, որ Բաքուն   ապակառուցողական է Արցախի հարցում՝ նորություն չէ նույնիսկ չեզոք երկրների համար: Ավելին, հենց  եռակողմ հանդիպման օրը սահմանում  ազերիների կողմից սպանվեց հայ զինծառայող: Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքն անպատասխան չմնաց: Բանական որևէ արարած չի կարող չհասկանալ՝ այս կերպ Բաքուն լկտիաբար հայտարարում է, որ թքած ունի Արցախի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր առաջարկների վրա, և միջնորդ կողմին կարող է խամաճիկային տիկնիկի կարգավիճակում պահել:

Այս և սրան նախորդած Բաքվի սադրանքները, կարծում ենք, պատահական չեն: Խավիարային դիվանագիտության ջատագով երկիրը կարծում էր, թե Հայաստանի նյարդերը կարող են տեղի տալ, և, զայրացած տեղի ունեցածից, ՀՀ-ն կհայտարարի բանակցություններից դուրս գալու մասին: Սա էլ լավ առիթ կստեղծի Ադրբեջանի համար՝  խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով:

Մինչդեռ այս անգամ էլ քոչվորական մտագարանքը սին դուրս եկավ: Ասել է թե՝ Բաքուն պարտվեց, որի ապացույցը այսօր Տավուշի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթերն  էին: