ԻՐԱՐ ԲԶԿՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Երկու բևեռ՝ նույն հոգսի տակ

Ռուսաստանի Դաշնության քաղաքական հակառակորդների թվում Մեծ Բրիտանիայից թերևս առաջ է անցնում միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները: Երդվյալ հակառակորդները, սակայն, այս օրերին աչքի են ընկնում նույն մտահոգությամբ: Երկուսի մայրաքաղաքներում էլ զբաղված են ահաբեկչության փորձերը կանխելով:
 
Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ Լոնդոնում երկու ահաբեկչություն է նախապատրաստվում: Հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնյան նշել է, որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, իսկ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի չարագործների քայլերն աչքից բաց չթողնեն: Ենթադրում են, որ ծայրահեղականները «Իսլամական պետություն» և «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումների հետևորդներ են: (Այս մասին տեղեկացրել է «Սանդի թայմզ» պարբերականը): 
 
Նույն օրը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալել են մի ուղևորի, որի պայուսակում պայթյունավտանգ՝ ծուխ չարձակող վառոդի և փամփուշտների տարա է եղել:
 
Շատ ժամանակ չի անցել, երբ աշխարհն իրար էր անցել Վեստմինստրի ահաբեկչության, ապաև Սանկտ-Պետերգուրգի մետրոյի պայթյունի հետևանքով: Երևում է՝ ահաբեկիչներն այս երկու երկրները հատուկ են թիրախավորել: Իսկ նրանք, միմյանց սատարելու փոխարեն, միջազգային ատյաններում ու փոխհարաբերություններում իրար են ձաղկում: Թե որքանով են միջազգային ահաբեկիչները հավատարիմ «բաժանիր, որ տիրես» սկզբունքին կամ կարողանո՞ւմ են նման իրավիճակներ ստեղծել՝ դժվար է կռահել: Բայց, որ աշխարհում տիրող գզվռտոցն ու պատառփախցնոցին միայն նրանց է ձեռնտու՝ պարզ երևում է:
 
Մարդկության սխալների, իսկ ավելի ճիշտ՝ հանցավոր քաղաքականության պատճառով այս չարիքն աշխարհում մոլեգնում է: Սակայն դրան էլ է հնարավոր հաղթել. ուղղակի բավարար կամքն ու խելամտությունն են, որ չեն հերիքում: