Գլուխդ ծածկիր՝ որպես խոնարհության նշան

Դարեր շարունակ քաղաքականությունն առավելապես տղամարդկանց գործն է դիտվել, և պետությունների ղեկավարները, չնչին բացառությամբ, տղամարդիկ են եղել: Արդի ժամանակներում, սակայն, գրեթե ցանկացած պետությունում կինը հնարավորություն ունի առաջին դեմք դառնալ: Մտածողություն է փոխվել, բայց որոշ կրոնական դոգմաներ այդպես էլ չեն կարողանում նորովի ընկալել աշխարհը:

Մահմեդական երկրներում կանայք պարտավոր են գլխաշոր կրել: Դա իրենց գործն է, և իսլամ դավանող կանայք թերևս դրանից հրաժարվելու հնարավորություն չունեն էլ: Սակայն իսլամական աշխարհում  գլխաշորը պարտադիր են համարում բոլոր կանանց համար` առանց բացառության: Միջազգային հարաբերություններում, սակայն, այս դոգման երբեմն զավեշտական իրավիճակներ է ստեղծում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ աշխարհի հզորագույն երկրներից մեկի ղեկավարը, ժամանելով Սաուդյան Արաբիա, իրեն պարտավորված չի համարել հետևելու այդ երկրում ընդունված հագնվելու կարգին: Պաշտոնական այցով այդ երկիր ժամանելուց հետո նա հրաժարվել է գլխաշոր կրել թագավոր Սալմանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:  «Ինդեփենդենթը» նշել է, որ Մերկելը հետևել է Մեծ  Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի օրինակին: Նման «խախտում» թույլ են տվել նաև Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման:

Տվյալ կրոնում, ըստ էության, գլխաշոր կրելի դիտվում է որպես խոնարհության նշան: Հզորագույն պետությունների կին ղեկավարներից նույնպես պահանջելով գլուխները ծածկել՝ իսլամ չդավանելով հանդերձ, Սաուդյան Արաբիայի թագավորը (ինչպես նաև մնացած մահմեդական երկրների ղեկավար անձինք) մտքում չի՞ փայփայել այն հույսը, թե այդպիսով նրա երկիրը ևս իրեն կխոնարհվի: Ու նաև դա չէ՞ արդյոք պատճառը, որ այդ հզոր երկրների կին բարձրաստիճան պաշտոնյաները նրանց ներկայանում են սեփական երկրներում ընդունված հագուկապով՝ առանց գլխաշորի:

Եթե ամեն կրոն ամբողջ աշխարհից պահանջի ապրել միայն իրենց օրենքներով, ի՞նչ կստացվի: Դեռ լավ է, որ Հնդկաստան այցելող կին պաշտոնյաներին էլ չեն ստիպում ընդունելությունների ներկայանալ սարիով: Ու մանավանդ՝ նույնը չեն պահանջում մահմեդական կանանցից: