Ամառանոց Պիցունդայում. Ռուսաստանը սպառնում է Աբխազիային

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ԿՓԱԿԻ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ, ԵԹԵ ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐՎԵՆ

Ռուս զինվորականները կարող են հեռանալ Աբխազիայից, կդադարեցվեն ներդրումային ծրագրերը՝ կապված օդանավակայանի վերակառուցման, երկաթուղու վերանորոգման և այլ նախագծերի հետ։
 
Նման հետևանքներ է նկարագրել Աբխազիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Շուրգալինը, եթե հանրապետության խորհրդարանը հօգուտ Ռուսաստանի չվավերացնի Պիցունդայի 184 հեկտար տարածքով պետական ամառանոցը օտարելու մասին համաձայնագիրը։ (Տեղեկատվությունը՝ JAMnews-ի)
 
Հայտարարությունն արվել է օգոստոսի 30-ին Շուրգալինի և մի քանի աբխազ ակտիվիստների ու լրագրողների հանդիպման ժամանակ։
 
Նրանք հանդիպման նպատակը մեկնաբանել են հետևյալ կերպ՝ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, որ Աբխազիայի հասարակության մեծ մասը դեմ է Պիցունդայի պետական ամառանոցի և հարակից արգելոցի ու ծովային տարածքների օտարմանը։
 
Հանդիպման մասնակիցները դեսպանին հայտնել են, որ պետական ամառանոցի մասին համաձայնագիրը վատ է անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա, և Աբխազիայում հակառուսական տրամադրությունների ի հայտ գալու վտանգ կա։
 
Մասնակիցներից «Նուժնայա գազետա»-ի խմբագիր Իզիդա Չանիայի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում վերջնականապես պարզ է դարձել, որ Պիցունդայի նախագիծը պարտադրվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից, ինչպես և շատ այլ նախագծեր։
 
- Պուտինին Պիցունդան պետք է. Ռուսաստանի նախագահը մտադիր է բանակցություններ վարել պետական ամառանոցում, և այդ տարածքը պետք է պատկանի Ռուսաստանին,- ասել է դեսպանը։
 
Աբխազիայի ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը գրում են, որ Պիցունդայի պետական ամառանոցի պատմությունն իսկապես կարևոր է Ռուսաստանի համար։ Այն որակում են որպես «փորձնական փուչիկ»։
 
Հաջողության դեպքում Աբխազիայի խորհրդարանը հաջորդիվ պետք է որոշում կայացնի ռուսներին հողեր և անշարժ գույք վաճառելու թույլտվություն տալու մասին։
 
Օրենքն օտարերկրացիներին արգելում է ունենալ անշարժ գույք կամ հողատարածք Աբխազիայում, և Մոսկվան երկար ժամանակ է, ինչ փորձում է ստիպել տեղական իշխանություններին բացառություն անել Ռուսաստանի քաղաքացիների համար:
 
Չնայած հանդիպման ընթացքում փոխըմբռնման հասնել չի հաջողվել, մեկ այլ մասնակից՝ ընդդիմադիր «Ասպնի» կուսակցության անդամ Նաիրա Ամալիան կարծում է, որ արդյունք, այնուամենայնիվ, կա։
 
- Դեսպանն այժմ հստակ գիտի, որ Աբխազիայի բնակչությունը դեմ է հողերի օտարմանը։ Նա գիտի, որ Աբխազիայի ղեկավարությունը խախտել է օրենքներն ու Սահմանադրությունը։ Եվ սա կարևոր է։ Վստահ եմ, որ դեսպանը մեր դիրքորոշումը կհասցնի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը,- ասում է Նաիրա Ամալիան։
 
Ավելի վաղ դեսպան Միխայիլ Շուրգալինը «Sputnik-Աբխազիային» տված հարցազրույցում Պիցունդայի պետական ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու համաձայնագրի հակառակորդներին նույնացրել էր «նրանց հետ, ովքեր կանգնած են Ինգուրի հետևում [նկատի ունի Վրաստանը-JAMnews] և ուռճացնում են այս պատմությունը՝ ելնելով իրենց շահերից»:
 
Այս խոսքերն առաջացրել են աբխազ քաղաքական գործիչների սուր քննադատությունը։
 
- Դուք համարձակվեցիք Աբխազիայի բնակչության մեծամասնությանը անվանել «Աբխազիայի Հանրապետության պետական ինքնիշխանության և ռուս-աբխազական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հակառակորդներ»։ Դուք նույնացրե՞լ եք Աբխազիայի ժողովրդին «նրանց հետ, ովքեր կանգնած են Ինգուրի թիկունքում և ուռճացնում են այս պատմությունը իրենց շահերից ելնելով»։ Դուք հաստատ տեղյակ չեք նույնիսկ Աբխազիայի Հանրապետության նորագույն պատմությանը, պետություն, որի ինքնիշխանության համար մեր ժողովրդի հազարավոր որդիներ ու դուստրեր զոհեցին իրենց կյանքը,- հայտարարել է Աբխազիայի վետերանների և քաղաքացիների «Այաիրա» հասարակական միության նախագահ Վիանոր Աշբան։