Հոգևոր գործի՞չ, թե՞ լրտես

Կա՞ մի կրոն, որի վարդապետության մեջ իր սպասավորի լրտեսական գործունեությունը սուրբ պարտականություն համարվի: Որևէ կրոնի սպասավորի գործը մի՞թե քարոզվող աշխարհայացքը հավատացյալներին հասկանալի դարձնելը, դրա օրենքներով ապրելու հնարավորություն ստեղծելը, կրոնական ծեսեր ու արարողություններ իրականացնելը չէ: Իսկ երբ շեղումներ են լինում, թերևս մեղավորը ոչ թե տվյալ կրոնն է ինքնին, այլ  այն գործիք դարձնող անհատներն ու խմբերը: Իսկ կրոնները միշտ էլ գործիք են դառնում:

Գերմանիայի ոստիկանությունն ընկել է թուրք հոգևորականների հետքի վրա` կասկածելով, թե զբաղվում են լրտեսությամբ: Թուրքական մի կայք (diken.com.tr) հաղորդում է տարածել, որ 16 հոգևորական Գերմանիայց փախել է, որպեսզի դատարանի առջև չկանգնի: Ընդ որում այդ 16-ից 10-ի հետքերը գտնել չի հաջողվում: Այլ լրատվամիջոցներ նշել են, որ Գերմանիայի տարածքում գործող թուրքական DİTİB իսլամական միության իմամներն ու կրոնական հարցերով կցորդները լրտեսել են համայնքի անդամներին և գերմանացի ուսուցիչներին` տեղեկություններ հավաքելով ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ենթադրյալ հետևորդների մասին: Նրանց նաև կասկածում են Գերմանիայում ապրող ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացիներին լրտեսելու համար:

Միամտություն կլիներ մտածել, թե Եվրոպայում լրտեսությամբ զբաղվում են միայն թուրք հոգևորականները, առավելևս` թե նրանց միակ թիրախը թուրք ու քուրդ բնակիչներն են: Հենց միայն թուրքերը Եվրոպայում միլիոններով են բնակություն հաստատել, իսկ այժմ ջրի երես են դուրս գալիս նրանցից շատերի  այնպիսի գործերը, որոնք, մեղմ ասած, մինչև վերջ արժեզրկում են եվրոպական արժեքները: Երբ նրանց երկրի նախագահը բացեիբաց կոչ է անում շատ երեխաներ ունենալ և միանգամից նվաճել Եվրոպան, մի՞թե տարակույս կա, թե ինչ հեռահար նպատակներ և գործելու ինչ վճռականություն ունեն նրանք:

Գերմանիայի ոստիկանությունը թելերից մեկի ծայրը բռնել է: Միայն թե հարց է՝ կկարողանա՞, կամք կունենա՞ այդ կծիկը մինչև վերջ քանդել, ապա որոնել ու գտնել մնացած թելերը: Կամ դրա համար անհրաժեշտ ուժն ու միջոցներն ունի՞ արդյոք: Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, սակայն ուշանալու վնասներև նույնպես հարկավոր է հաշվի առնել: