Նավթ ունեն` աշխարհը չունի

ՀԵՆՑ ՆԱՎԹՈՎ ԷԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀՆ ԱՌՆԵԼ

Հունաստանը հրաժարվել է իր DESFA գազատրանսպորտային համակարգն Արդրբեջանի պետական նավթային ընկերությանը վաճառել: Վարկատուների հետ Հունաստանի շրջանակային համաձայնագրի պայմաններից մեկը գազի շուկայի ազատականացումը և նշված համակարգի օպերատորի բաժնետոմսերի 66 տոկոսի մասնավորեցումն է: Ընդ որում` այդ բաժնետոմսերը կարելի է վաճառել միայն եվրոպական ընկերություններին:

Հունաստանի էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն (փոխանցել է «ՌԻԱ նովոստին»)՝ վարկատուների հետ համաձայնագիրը ենթադրում է գործողությունների ծրագիր ներկայացնել մինչև 2017թ. սեպտեմբեր: Մասնավորեցման ենթակա 66 տոկոսի վաճառքի առաջին հայտամրցույթը դեռևս 2013թ. հունիսին է կայացել, որը 400 մլն եվրո առաջարկելով՝ շահել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը: Երևում է՝ Եվրահանձնաժողովն ավելի ողջամիտ է դատել և 2016թ. հկտեմբերին Հունաստանին արգելել է վերահսկիչ փաթեթն ադրբեջանական ընկերությանը հանձնել՝ առաջարկելով վաճառել դրա միայն 49 տոկոսը: Իսկ Հունաստանը հրաժարվել է 400 մլն-ից պակաս գումար ստանալ: Այդպիսով՝ գործարքը չեղյալ է հայտարարվել:

Թե Ադրբեջանը որտեղի՞ եվրոպականն է` սա դեռ մի կողմ, քանի որ նույնիսկ աշխարհագրորեն Եվրոպա աշխարհամասի տարածքում չէ, իսկ մշակույթով տրամագծորեն հակառակ կողմում է: Սակայն որքա՞ն կարող է որևէ պետություն դրամի փայլից շլանալ, որպեսզի որոշի իր տնտեսության գազատրանսպորտային ոլորտի նման կարևոր հատվածը վստահել ադրբեջանական ընկերությանը: Չե՞ն վախենում, որ գառը գայլին են պահ տալիս:

Գուցե Ադրբեջանն իրենցից տարածքով այնքան է հեռու, որ այնտեղ տիրող բարքերի և նրանց հեռահար նպատակների մասին պատկերացում չունեն: Իսկ գուցե այնուամենայնիվ Հունաստանում հասկացել են, թե նշված համակարգի վերահսկիչ փաթեթը Ադրբեջանի նման երկրին հանձնելն ինչ հետևանքներ կարող է ունենալ, դրա՞ համար են հրաժարվել: