Երեսը տվել են, հիմա էլ աստառ է ուզում

Եվրոպական պաշտոնյաներն առայժմ համառորեն չեն ցանկանում իրենց կողքին Թուրքիայի նման պետություն ունենալ և իրար հետևից հայտարարություններ են անում, թե ժամանակը դեռ չի հասել: Մինչև հիմա Թուրքիան գոնե առերևույթ ցույց էր տալիս, թե ցանկանում է վերափոխվել և այսպես կոչված եվրոպական արժեքներ որդեգրել: Հիմա արդեն նա նույնիսկ դիմակ էլ չի դնում, այլ կամակոր երեխայի նման պահանջում է իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին կա:

Արդեն քանի տարի՝ Եվրամիությունը Թուրքիային կանգնեցրել է իր դռան շեմին և այդպես էլ ներս չի թողնում: Այդ երկրի առջև նորանոր պահանջներ դնելով, բարեփոխումներ պահանջելով և դրանց կատարումը գոհցուցիչ չհամարելով՝ նրան անընդհատ հույսեր են տալիս, բայց չեն ընդունում: Բայց արի ու տես, որ Թուրքիան բարեփոխելու եվրոպական ծրագրում նրան իր ոճրագործ անցյալը ճանաչել-դատապարտելու և պատճառած ծանր կորուստները փոխհատուցելու պահանջները բացակայում են: Հայոց ցեղասպանության մասին ակնարկում, խոսում, քննարկում են, սակայն դա նախապայման չեն դարձնում:

Վերջին հանրաքվեն կարծես Թուրքիային ավելի է հեռացրել Եվրամիությունից: Բայց էլ ինչ Թուրքիա, եթե չփորձի իր մեղադրանքները Եվրամիությունից ավելի բարձր հնչեցնել: Ահաև Եվրամիության նոր պահանջներն այդ երկրի ԱԳՆ քարտուղարի տեղակալը որակել է սադրանք, որի նպատակը երկիրը բանակցություններից դուրս թողնելն է:

- Եվրամիությունը գեղեցիկ նախագիծ է, և մենք ասել ենք, որ ցանկանում ենք դրան մաս կազմել: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ցանկանա մեզ տեսնել որպես միության անդամ: Մենք արել ենք մեր տնային աշխատանքը…,-նրա խոսքերն է փոխանցել «ՌԻԱ-նովստին»:

Նա սադրանք համարել Եվրամիության բոլոր պահանջները, այդ թվում նաև մահապատիժը վերականգնելուն դեմ լինելը: Կաան Էզեները նաև ասել է, թե Թուրքիան հասկանում է, որ դա «կարմիր գիծ է», որը, սակայն չի կարող կառուցողական երկխոսություն համարվել:

Որքան էլ ամբողջ աշխարհը, հատկապես Թուրքիայի երազած Եվրոպան, գայլի գլխին ավետարան կարդան, մեկ է՝ նա ասելու է՝ ոչխարը սարն անցավ: Նրա համար սադրանք են բոլոր այն խոսքերն ու պահանջները, որոնք իր հասցերին գովասանք ու իր հանդեպ զիջողություն չեն: