Ռուսաստանի հետ սիրախաղ՝ ի հեճուկս Եվրոպայի՞

Թուրքիան արդեն խոսում է Ռուսաստանի խոստացած ատոմակայանը 2023թ. գործարկելու մասին: Ընդ որում՝ միջուկային վառելիքով աշխատող էլեկտրակայանը ՌԴ-ն Թուրքիայի համար կառուցում է սեփական միջոցներով. Բնականաբար` ակնարկ անգամ չկա «գույք` պարտքի դիմաց» կամ այլ պահանջատիրության մասին: Պարզ ասած` նվեր է տալիս, ինչը միայն սիրող եղբայրը կաներ:

Ռուսաստանի ու Թուրքիայի սիրախաղը նոր՝ ջերմագին փուլ է թևակոխել: Մամուլն առանց հոգնելու տեղեկություններ  է տարածում, թե այդ երկու երկրներն ինչպես են իրար հերթ չտալով՝ նախկինում կիրառվող սահմանափակումները վերացնում: Նույնիսկ խոստացված ատոմակայանի շինարարության ուրվագիծն է այնքան պարզորոշ դարձել, որ Թուրքիան խոսում է արդեն 2023թ. այն գործարկելու մասին: Ընդ որում՝ միջուկային վառելիքով աշխատող էլեկտրակայանը ՌԴ-ն Թուրքիայի համար կառուցում է սեփական միջոցներով. Բնականաբար` ակնարկ անգամ չկա «գույք` պարտքի դիմաց» կամ այլ պահանջատիրության մասին: Պարզ ասած` նվեր է տալիս, ինչը միայն սիրող եղբայը կաներ:

Դատելով տարարածված մեկ այլ լուրից, թե Անկարան մտադիր է արագացնել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հաստատումը, կարելի է մտածել, որ նրանց հարաբերությունների վերաջերմացման անկյունաքարը սա է: Չէ՞ որ շատ է խոսվում այն մասին, թե պուտինյան Ռուսաստանը ցանկանում է Եվրասիական տնտեսական միության մեջ ի մի բերել հնարավորինս շատ պետություններ, որոնք այս կամ այն չափով իր հսկայածավալ երկրի հետ տարածաշրջանային առնչություն ունեն: Մենք հո չենք կարող մոռանալ, թե այդ կառույցին Հայաստանի անդամակցությունն ինչպիսի ճնշումների ներքո տեղի ունեցավ և որքան ջրեր պղտորեց: Մի կառույց, որի անդամների կեսից ավելին Հայաստանի հետ հարաբերություններում իրենց  համարյա թշնամաբար է դրսևորում, իսկ դրան չանդամակցող Ադրբեջանին բոլոր հարցերում սատարում:

Իսկ Թուրքիան, երևում է, երկու ճակատով է գրոհում: Քանի որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները շատ աղոտ են, Էրդողանի հոխորտանքն էլ առայժմ այդ ուղղությամբ դռներ չի բացում, փորձում է հակառակ կողմը թեքվել: Մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը, ասում են, հնարավոր չէ, սակայն եթե երկու ձեռքի փոխարեն կարող ես հազար երես բանեցնել, չի բացառվում, որ ձմերուկները ձեոքիցդ չփախչեն: Միայն թե դրանց քաղցրությունը վայելել կհաջողվի՞ արդյոք: