«Վրաստանի վարչապետն ակնարկեց, որ երկիրն ուզում է խաղաղություն Ռուսաստանի հետ». քաղաքագետ

«ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ»

Վրացի հայտնի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վերջին արտասահմանյան այցերի ընթացքում, մասնավորապես՝ Կատարում արած հայտարարությունները։ «360 աստիճան» ծրագրի եթերում Զաքարեիշվիլին ասել է, թե՝ վարչապետը ակնարկեց՝ «մենք ուզում ենք» խաղաղություն Ռուսաստանի հետ, և Վրաստանի կառավարությունն այլևս Արևմուտքի կարիքը չունի: Նրա խոսքով՝ Կատարի տնտեսական ֆորումում վարչապետը «շատ բացահայտ ստեր է ասել»։
 
- Ղարիբաշվիլին գնալով ավելի ու ավելի հաճախ է անազնիվ հայտարարություններ անում։ Ցավոք, նա երկրորդ անգամ նշանակվեց վարչապետի պաշտոնում։ Նրա հայտարարությունները չափազանց կոշտ են, իրականությանը չհամապատասխանող և իրականության հանդեպ ոչ ադեկվատ։
 
Օրինակ՝ դրանցից մեկը հնչեց այն իմաստով, թե ամբողջ աշխարհն, իբր, աշխատում էր Հիտլերի հետ հաշտություն կնքելու ուղղությամբ։ Իրականում ամբողջ աշխարհն աշխատում էր Հիտլերին ոչնչացնելու համար, և ոչ ոք նրա հետ ընդհանուր լեզու չէր փնտրում և չէր մտածում խաղաղության շուրջ բանակցություններ վարել։ Այս հայտարարությամբ Ղարիբաշվիլին Ռուսաստանին ակնարկեց, որ Վրաստանը նրա հետ խաղաղություն է ուզում։ Եվ նման ստերը շատ են։
 
Նախևառաջ, մենք Ռուսաստանի հետ չունենք մեկ միլիարդանոց առևտրային հարաբերություններ [ինչպես հայտարարել է Ղարիբաշվիլին]։ Մենք ունենք ավելի քան երկու միլիարդի: ԵՄ-ն ուներ 27 մլրդի: Նա շահարկում է թվերը, ոչ թե տոկոսները: Ռուսաստանի հետ ԵՄ առևտուրը 27 միլիարդից նվազել է մինչև 7 միլիարդի, մինչդեռ Վրաստանը մեծացնում է Ռուսաստանի հետ առևտրի ծավալները։ Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է կամ եռապատկվել,- ասել է Պաատա Զաքարեիշվիլին։
 
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վրաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի երկիրը չստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ.
 
- Վրաստանի կառավարությունն ուզում է պահպանել իշխանությունը: Իսկ թեկնածուի կարգավիճակը, ժողովրդավարացումը, անկախ դատարանը կհանգեցնեն դրա կորստին, ուստի նա այլևս Արևմուտքի կարիքը չունի և պատճառներ է փնտրում կարգավիճակի հարցում մերժում ստանալու համար։
 
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարի տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում կրկնել է, որ Ուկրաինայի տարածքի 20 տոկոսն արդեն օկուպացված է Ռուսաստանի կողմից, և «ոչ ոք չգիտի, թե երբ» կավարտվի այս պատերազմը։ Նրա խոսքով՝ բոլորը զարմացած են, որ Ուկրաինան «այսքան երկար դիմացել է»։
 
Վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանն ու ասել, որ դա «սովորական» պատմություն է։ Ղարիբաշվիլին նաև բարձր է գնահատել Չինաստանի «խելացի մոտեցումը», որը փորձում է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։
 
Տեղեկատվության աղբյուր՝ JAMnews