Նախագահ դարձած թեկնածուն խոստացել է

ԵՎՐՈՊԱՆ ԿԱՋԱԿՑԻ՞ ՄԱԿՐՈՆԻՆ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ավարտվեցին՝ երկրի նախագահի  բարձր տիտղոսը շնորհելով Էմանուել «Առաջ» շարժման առաջնորդ,  Սոցիալիստական կուսակցության անդամ Մակրոնին:  Ուժային կենտրոններն ուշի ուշով հետևում էին այս ընտրություններին, քանի որ  կարևոր հարցերից մեկը նաև Ֆրանսիա-ԵՄ հետագա համագործակցությունն է, որի մասին « Ավանգարդն » օրեր առաջ գրել էր: 
 
Մեզ՝ հայերիս համար էլ պակաս կարևոր չէր այս ընտրությունների արդյունքը:  Ֆրանսահայերի վերաբերմունքը ևս էական նշանակություն ուներ, քանի որ Ֆրանսիայի ներքին քաղաքական կյանքում ազդեցիկ դերակատարություն ունի հայ համայնքը:
 
Նախընտրական քարոզարշավում հայկական համայնքը ոչ մի թեկնածուի չէր սատարում՝ փորձելով հասկանալ նրանց դիրքորոշումը մեզ հուզող խնդիրների՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման, Արցախի  հակամարտության հանդեպ:  
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած  երկու թեկնածուների հեռուստաբանավեճից հետո, սակայն, պատկերը փոխվեց: Մակրոնը հայամետ մի քանի հայտարարություններ արեց: Իսկ ապրիլի 24-ին ֆրանսահայերից մի քանիսն էլ Մակրոնի հետ հանդիպեցին՝ նրանից  հայերիս հուզող խնդիրների լուծման խոստումներ «կորզելով»:
 
Մի խոսքով՝ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները համաձայնության են եկել Ցեղասպանության, Թուրքիայի կողմից ուրացման հարցի,  Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության և Հայաստանի հետ կապերը ամրապնդելու վերաբերյալ: Մակրոնիի հետ նրանք քննարկել են նաև Արցախի խնդիրը: Արդեն նախագահ դարձած թեկնածուն թեև խոստացել է իրականացնել հայամետ քաղաքականություն, բայցև խոստովանել է, որ Ֆրանսիան միայնակ չի կարող դա որոշել: 
- Եթե դառնամ Ֆրանսիայի նախագահ, ապա առավելագույն ջանքեր կգործադրեմ Ղարաբաղյան հակամարտությունը լիովին կարգավորելու գործում։ Այսօր ես մանրամասն չեմ խոսի, սակայն այն փաստը, որ ես այստեղ եմ, վկայում է, որ ես մինչև վերջ ձեր կողքին կլինեմ։ Ամեն ինչ կանեմ, սակայն ինքներդ էլ եք հասկանում, որ Ֆրանսիան միայնակ չի կարող լուծել խնդիրը,-ասել է նա:
Արցախի հակամարտության խնդրում կա ևս մեկ հանգամանք: Ապրիլյան պատերազմից հետո  Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  պաշտպանում էր հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների կիրառումը: Այս սկզբունքը կարևոր է  ոչ միայն  Ադրբեջանի ագրեսիան զսպելու, այլև  միջազգային անվտանգության համար:  Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը համոզված եվրոպամետ է, ուրեմն պիտի որ պաշտպանի այս դիրքորոշումը: 
 
Ոչ միայն Հայաստանի, այլև Եվրամիության համար կարևոր է նաև ԵՄ-ի հարցում Մակրոնի դիրքորոշումը, քանի որ  Անգլիայից հետո այդ կառույցից  այլ երկրների դուրս գալով Բրյուսելը ծանր իրավիճակի մեջ  կհայտնվի:  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջերս ենք ԵՄ-ի հետ համագործակցության մի պայմանագիր նախաստորագրել՝  տնտեսական հեռահար ակնկալիքներով: Հետևաբար, Մակրոնի համոզված եվրոպամետ լինելն ու ԵՄ-ին սատարելը ևս մեր օգտին է: Էլ չենք խոսում՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի մասին,  որը թեև ոչ ակտիվ, բայց այնուամենայնիվ, փակված թեմա չէ: Պատահական չէ, որ այսօր  Եվրահանձնաժողովի նախագահը Թուրքիային նորից հիշեցրել է ԵՄ-ին ինտեգրվելու մասին ու հայտարարել, որ մահապատժի վերականգնումը կլինի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերջը:
 
Հայերիս հուզող մյուս հարցը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումն է, որը   նախորդ նախագահի օրոք տապալվեց՝ Թուրքիայի ջանքերով: Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Եվրոպային կոչ է արել փակել դռները Թուրքիայի առաջ՝ հուսանք, որ այս անգամ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում գոնե օրենքը կընդունվի:  
Չի՞ Մակրոնն իր խոստումները՝ պարզ կլինի ժամանակի ընթացքում, քանի որ նորընտիր նախագահն էմոցիոնալ ու հակասական անձնավորություն է:  Չնայած  հայկական դիվանագիտությունն էլ լուրջ անելիքներ ունի՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
 
Այսպիսով,  եթե Ֆրանսիո նորաթուխ նախագահը հայերին տված իր բոլոր խոստումները կյանքի կոչի, նշանակում է՝ դա նաև Եվրոպայի ցանկությունն է:  Իսկ եթե ոչ, ապա միջազգային հանրությունը նոր գլխացավանքի առաջ կկանգնի՝ Թուրքիան ու Ադրբեջանը հարմար առիթի են սպասում տարածաշրջանում անկայունություն մտցնելու համար: Մինչդեռ, կարծում ենք, որ Սիրիայի խնդիրը դեռ չմարսած՝ ուժային կենտրոններին կրակի նոր օջախ պետք չէ: